Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ տեղեկատվական տեխնոլոգիաների դարում, երբ միջոցներն օր-օրի կատարելագործվում են, հեռախոսային ահաբեկիչներին չեն բացահայտում. «Հրապարակ»

Օգոստոս 23,2022 11:11

Ռումբի 31 կեղծ ահազանգ ենք ունեցել ութ ամսում․ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալն է սա: Ահազանգողներից եւ ոչ մեկին չեն բացահայտել:

Միակ կատակչին, որի անձը հաստատվել է, գյումրեցի տղամարդն է, որի նկարը տարածվեց համացանցով։ Իհարկե, սա չի կարելի համարել բացահայտում։ Մարդն ինքն է ներկայացել՝ ասելով, որ հարբած վիճակում զանգել է 911 ու հայտնել Գյումրիի հարկայինի եւ Ազգային ժողովի շենքերը պայթեցնելու մտադրության մասին: Կեղծ ահազանգերի շքերթի տարատեսակ բացատրություններ են շրջանառվում, որոնցից ամենատարածվածն այս օրերին ադրբեջանցիների կազմակերպած հեռախոսային տեռորն է։ Մյուսը հանրային հիստերիայով պայմանավորված անհանգստությունն է՝ անվտանգային խաթարված միջավայրում, որն այսպիսի տարօրինակ դրսեւորում ունի։

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ կարեւոր չէ, թե ովքեր են անում։ «Ազերիներն են, թե ովքեր՝ մենք պարտավոր ենք բացահայտել։ Ենթադրենք, ազերիներն են, ուրեմն պետք է թույլ տանք, որ նրանք անպատիժ ամեն ինչ անե՞ն։ Շատ հեշտ է ասել՝ ազերիներն են, ու դրանով փակել հարցը։ Մեր հասարակությունն էլ այնպիսին է, որ կա մի մեծ մաս, որը ինչ ասում են, հավատում է։ Այս մասսայի վրա իրենք խաղում են»։ Գառնիկ Իսագուլյանն իր վարկածն ունի։ Կեղծ ահազանգերը որոշակի տեխնոլոգիա են՝ հասարակության ուշադրությունը շեղելու։ Ո՞վ է դա կիրառում, եթե տեխնոլոգիա է։ Իսագուլյանը չի  մանրամասնում։ «Հայ ժողովրդի եւ հայության թշնամիները։ Հիմա թե դրանք ում տեսքով են՝ ադրբեջանցու, թուրքի, թե հայի, էական չէ, ինչքան շուտ մենք դրանց բացահայտենք, այդքան կշահենք։ Մեր հատուկ ծառայությունները, կարծում եմ, այդ տեխնիկական հնարավորություններն ունեն»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը։

Մեր տեղեկություններով, ահազանգերի մի մասը եկել է էլեկտրոնային հաղորդագրությունների տեսքով։ Դրանք եկել են տարբեր հիմնարկների, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեներին։ Դրանք ստացող պաշտոնյաները հարցաքննվել են։

Հարցերի հարցն է, թե ինչու տեղեկատվական տեխնոլոգիաների դարում, երբ միջոցներն օր-օրի կատարելագործվում են, հեռախոսային ահաբեկիչներին չեն բացահայտում։ Բոլորս հիշում ենք, որ նախկինում եւս օդանավակայաններում, ինքնաթիռներում, ՊԵԿ շենքում, մետրոյի կայարաններում ռումբերի տեղադրման մասին կեղծ նախազգուշացումներ են արձանագրվել։ Անգամ՝ հանրակրթական դպրոցում։ Բայց այդ ահազանգերի հետ մեկտեղ տեղեկանում էինք բացահայտումների մասին։ Մամուլում ուժայինների հաղորդումներ էինք կարդում՝ որ հայտնաբերվել է այս կամ այն «հեռախոսային ահաբեկիչը»։ Անուններ չէին տրվում, բայց բնակչությունը՝ ինչպես դրա հոգեկան անհավասարակշիռ, այնպես էլ գիտակից մասը գիտեր, որ հետեւելու է պատիժ։

Ինչո՞ւ էին առաջ ավելի շատ բացահայտում այդ դեպքերը, քան հիմա։ «Առաջ ավելի շատ էին աշխատում, ավելի քիչ էին քնում, գուցե պատճառը դա էր»,- ասում է Միքայել Համբարձումյանը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031