ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը ֆեյսբուքում կոչ էր արել միանալ Ռուսաստանի իշխանություններին ուղղված ֆլեշմոբին, երբ ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ «Սուրմալուի» դեպքերի հետ կապված: Ֆլեշմոբի տեքստում ասվում էր. «Հայաստանի Հանրապետությունը անկախ ու ինքնիշխան երկիր է, որտեղ ՀՀ քաղաքացու ազատ արտահայտվելու իրավունքը սահմանված է օրենքով: Գոյություն ունեցող որևէ պետություն բարոյական և իրավական իրավունք չունի խառնվելու մեր երկրի ներքին և արտաքին գործերին. Վերոնշյալը համարում եմ քաղաքական սանձարձակություն»:
Այդ ֆլեշմոբից հետո ավելի շուտ տիկին Բախշյանի դեմ բողոքի ալիք բարձրացրեցին ֆեյսբուքյան որոշ օգտատերեր, սկսեցին քննադատել ու հեգնել հասարակական, քաղաքական գործիչներ՝ մասնավորապես հիշեցնելով, որ «անկախ, ինքնիշխան պետությունն ինքն է պաշտպանում իր երկրի սահմանները, Հայաստանում իշխանությունը պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ մեկ անձի, մենք վաղուց չունենք ինքնիշխանություն» եւ այլն:
Aravot.am-ի հետ զրույցում Անահիտ Բախշյանը, անդրադառնալով այդ արձագանքներին, ասաց. «Ես ինքս էլ կռիվ ունեմ իմ մեջ, հուսահատություն կա ու հասկանում եմ մարդկանց, ովքեր նեղսրտեցին՝ այդ ֆլեշմոբի տեքստում Հայաստանի հետ կապված որոշ որակումներից: Ի սկզբանե ասեմ, որ այդ տեքստը ես չեմ գրել, ես միացել եմ այդ տեքստին, որովհետև, ընդհանուր առմամբ, մեր պետականությամբ մտահոգություն էր, որի հետ համամիտ եմ եղել: Կային բաներ, որոնց հետ համաձայն չէի, բայց կարեւորը գաղափարը, որ դրված էր տեքստի մեջ, համաձայն էի, որ որեւէ երկրի, այդ թվում՝ ՌԴ-ին թույլ չի տրվում Հայաստանի ներքին գործերին խառնվել ու ասել ՀՀ իշխանություններին ոնց վարվել: Դա ասում էր, որ մենք պետություն ենք: Այո, պարտվել ենք, այո, թույլ ենք, բայց պետություն ենք: Գաղափարն այս էր՝ չխառնվեք մեր երկրի ներքին գործերին: Ֆլեշմոբի տակ ինձ մեղադրողներից շատերի հետ ես համաձայն եմ: Համաձայն եմ, որ այսօր Հայաստանի սահմանները պաշտպանում է ՌԴ-ն, բայց հենց այդ փաստը, որ Հայաստանի սահմանը այսօր որտեղից հայտնված ռուս խաղաղապահներն են պաշտպանում, դա ինձ խելագարեցնում է: Ընդ որում, կառավարության նիստում չզեկուցվող հարցերի մեջ եղել է ռուսական նոր պահակակետերի տեղադրումը, տվել են դրական եզրակացություն, այսինքն, ես ահավոր ջղայնացած եմ գործող իշխանության գործելաոճից: Ահավոր հիասթափված եմ: Ինչ հույսով, ինչ նպատակներով մենք այդ հեղափոխությունն արեցինք ու ինչ ունենք այսօր: Անասելի հիասթափված եմ գործող իշխանությունից»:
Հարցին՝ ձեզ տարաբնույթ հարցադրումներ էին անում՝ «փաստորեն Հայաստանը ժողովրդավարակա՞ն եք համարում»՝ Բախշյանը պատասխանեց, որ Փաշինյանը ժողովրդավարական ճանապարհով ընտրվել է, ուրիշ բան, որ հետո դավաճանել է իր իսկ հռչակած սկզբունքներին ու բանաձեւերին. «Այսօր ժողովրդավարությունը այնքանով է տարածված, որքանով ընտրությունների ժամանակ իր ձայնն է տվել Փաշինյանին, բայց միշտ չէ, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարում: Տխուր է»:
Բախշյանին քննադատում են, թե՝ պատվեր է կատարում, «ծախվել» է, որովհետեւ այսօր մենակ պատվերով կարող են ասել՝ «իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Նա արձագանքեց. «Այդպես չի, ինձ որեւէ մեկը չի կարող ասել, որովհետեւ ես իրենցից մեկը չեմ: Հաստատ իրենցից չեմ, հատկապես՝ այսօր: Մարդ են, կարող են այդպես մտածել, բայց երբեք չեմ արել պատվեր ու չեմ անի»:
Կարդացեք նաև
Օգտատերերը նաեւ տիկին Բախշյանին հեգնում էին՝ անցակետերի բացման դեմ որևէ ֆլեշմոբ չկա՞, Աղավնոն հանձնելու դեմ որևէ ֆլեշեմոբ չկա՞, հակաթուրքական եւ հակաադրբեջանական ֆլեշմոբ ինչո՞ւ չեք կազմակերպում, հակառուսականությունը կուրացրե՞լ է: Բախշյանը պատասխանեց. «Իմ կողմից շատ հարգելի Գեւորգն էլ Դանիելյան հարցնում էր՝ բա ինչո՞ւ Թուրքիայի դեմ ֆլեշոբ չեք անում: Նախ հիշեցնում եմ՝ հեղինակը ես չեմ, ես տարածել եմ, ասացի՝ դուք էլ գրեիք այդ թեմայով, ես այդ ֆլեշմոբն էլ կտարածեի: Ցանկացած երկիր, երբ ուզում է իմ եւ Յուրայի երազած անկախ պետականության հասցեին ինչ-որ բան ասել, ինձ դա արդեն բավական է, որ արձագանքեմ, կարեւոր չէ ՌԴ է, Թուրքիա է, Արեւմուտք է, թե Արեւելք է: ՀՀ անկախությունը իմ ընտանիքի համար բարձրագույն արժեք է»:
Օգտատերերը հրապարակել էին Անահիտ Բախշյանի լուսանկարը՝ նախկին իշխանությունների օրոք թանկացումների դեմ պայքարեցիս՝ «Ոչ թանկացմանը» ցուցանակը ձեռքին ու հարցնում էին՝ բա Նիկոլ Փաշինյանի օրոք ինչո՞ւ չի պայքարում թանկացումների դեմ: Տիկին Բախշյանն արձագանքեց. «Ես տարի ու կես եղել եմ առողջական շատ վատ վիճակում, ես լուրջ վիրահատություն եմ տարել եւ երկար ժամանակ չեմ հետեւել սոցցանցերին: Նաեւ դա է պատճառը: Տարիներ առաջվա իմ ակտիվությունն ու այսօրվանը համեմատելի չեն իրար հետ: Այսօրվա թանկացումներն ու պատճառները տեսնում եմ, այո, բայց դա չի այսօր ամենաահավորը: Ահավորն այն է, որ մենք նոր հողեր ենք կորցնում, նոր սահմաններ են գծվում, ինչ-որ սարսափելի բաներ են կատարվում»:
Անահիտ Բախշյանը կարդացել էր շատերի մեկնաբանությունները, նրանց հետ նեղվել, վերլուծել: Մեզ հետ զրույցը եզրափակեց այսպես. «Պիտի շնորհակալություն հայտնեմ բոլորին, ովքեր ուշադրության են արժանացրել ֆլեշմոբին իմ մասնակցությունը եւ բոլոր կարծիքների համար շնորհակալ եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ «Հետքի»․ բողոքի ցույց ՄԱԿ–ի երեւանյան գրասենյակի առջեւ․ 16.10.2020