Լրահոս
Օրվա լրահոսը

Օգտակա՞ր են արդյոք «թշնամի» եւ «դավաճան» պիտակները

Օգոստոս 23,2022 10:00

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը հանդես է եկել հասարակական նախաձեռնությամբ, որը կոչվում է «0 ձայն՝ թշնամուն, 0 ձայն՝ դավաճանին»: Այդ որակումների հասցեատերը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանն է: Ի պատասխան՝ իշխանությունը, նրա քարոզիչները, որոնք ներկայանում են իրենց անուն-ազգանուններով, ինչպես նաեւ՝ «ֆեյքերը», «թրոլները» եւ «բոթերը», սկսել են ակտիվ հակաքարոզչությունը: Այս իշխանության ոճին հավատարիմ՝ նրանք բերում են ad hominem փաստարկներ: Այսինքն՝ փորձում են վարկաբեկել իրենց դուր չեկող մտքերն արտահայտող անձին՝ «բա որ դու էն վախտ» հայտնի տրամաբանությամբ:

Հարգանքով վերաբերվելով՝ բոլոր իշխանամետ եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներին՝ պիտի արձանագրեմ, որ այս պահին նախաձեռնությունն իրականություն դառնալու ոչ մի շանս չունի: Օգոստոսի սկզբին Gellup international կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հարցման համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (Փաշինյանը) վստահորեն առաջին տեղում է: Եթե համապետական ընտրություններն անցկացվեին հարցման մոտակա կիրակի օրը՝ ՔՊ-ն կստանար 16,1 տոկոս, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Հայաստան» դաշինքը (Քոչարյանը)՝ 5,1 տոկոս: Դա եւս մեկ ապացույց է այն հանրահայտ ճշմարտության, որ մարդիկ ընտրում են ոչ թե նրանց, ում ամենաշատն են սիրում, այլ նրանց՝ ում ամենաքիչն են ատում:

Ըստ նույն հարցման՝ կա հսկայական մի զանգված, որն ասում է, որ ոչ մեկին չի ընտրելու՝ 4,5 տոկոս, հրաժարվում է պատասխանել՝ 12,1 տոկոս, դժվարանում է պատասխանել՝ 15,6 տոկոս եւ չի մասնակցելու ընտրություններին՝ 32,8 տոկոս: Վերջին թիվը շատ խոսուն է. այդքան մարդ, մեղմ ասած, հոգնած է քաղաքական բոլոր ուժերից, բայց, Ղազարյանի նախաձեռնության համատեքստում, կարող ենք նշել, որ «դավաճան» եւ «թշնամի» պիտակների հետ, թերեւս, համաձայն է 5,1 տոկոսը՝ գումարած «Պատիվ ունեմ» դաշինքի պոտենցիալ ընտրողները՝ 2,7 տոկոսը: Իհարկե, շատերը կասեն, որ չեն հավատում «Գելափի» հարցումներին, բայց, եթե նույնիսկ հարցումը ոչ թե 2-3, այլ՝ 10 տոկոսի սխալանք ունի, ապա, միեւնույն է, խոսում է գերակայող միտումների մասին:

Բայց եկեք մի պահ ենթադրենք, որ «թշնամի» եւ «դավաճան» որակումների հետ համաձայն է հայաստանցիների մեծամասնությունը, եւ նրանք վաղը կամ մյուս օրը հերթական հեղափոխությունն են իրականացնելու: Արդյոք այդ օրակարգով հեղափոխությունն օգուտ կբերի՞ մեր պետությանը: Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ առաջարկվող կարգախոսները դարձյալ թշնամանքի եւ ատելության ճանապարհ են բացում: Դրանք, այդ առումով, շարունակում են ներկա իշխանության՝ պառակտումը խորացնող քաղաքականությունը: Մինչդեռ այսօր մեզ պետք են հասարակությանը համախմբող կարգախոսները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մարդիկ կան, ովքեր հանգիստ կարող են օտարներին ծառայել՝ հանուն չգիտեմ ինչի: Սա քաղաքացու հիվանդ տեսակն է, կա մեկ այլ տեսակ, ով իր պատվից ցածր է համարում օտարներին ծառայել՝ սա էլ քաղաքացու առողջ տեսակն է: Ներկանախկինները օտարներին են ծառայում եւ նրանց ընտրողներն էլ են միջնորդավորված օտարներին ծառայում: Սրանք հիվանդ են, բայց փող ունեն, լրատվական միջոցներ, հաջողակ են երեւում՝ բնական է, ընտրողներին դա չի վերաբերում, իսկ առողջները հակառակը՝ աղքատ են ու անհաջողակ, դա նրանից է, որ երկրում գործող բարքերը աջակցում են քաղաքացու այս հիվանդ տեսակին: Առողջ, բայց աղքատ ու անհաջողակ տեսակը մեծամասնություն է եւ եթե մի քիչ թասիբի ընկնի, ասի, չհասկացա, էս իմ երկիրն է ու իմ երկրից ավելի լավ տեղ չկա եւ չեմ էլ ուզում լինի ինձ համար, որտեղ ես կարող եմ դառնալ ամենահարուստն ու ամենահաջողակը, քան որեւէ այլ օտար երկրում, էս ո՞վ է եկել տիրացել թաքուն իմ երկրին, ուրեմն եկեք մեր մարդկանց գտնենք՝ փառք մեր ազգին, աչքներիս առաջ լիքը ունենք, գնանք նրանց դուռը եւ համաձայնագիր կնքենք նրանց հետ՝ իրենք մեզ առաջնորդ եւ մենք էլ նրանց հրամանին ենթարկվող զինվոր: Այն մարդը, ով հրաժարվի իր քաղաքական հրամանատարությունից, դա ուրեմն հիվանդներից է եւ հիվանդներից հեռու պետք է լինել, որովհետեւ թշնամի ուժերը հիվանդներին հրահրելու են առողջների դեմ: Միակ հրամանը, որ քաղաքական հրամանատարը պետք է տա իրեն ընտրածներին՝ դա ընտրությունների ժամանակ ո՞ւմ է պետք ձայն տալ եւ ընտրողները պետք է ենթարկվեն այդ հրամանին ըստ համաձայնագրի, հետո պետք է հոժարակամ բարձրաձայնեն իրենց ընտրությունը, որ ընտրախախտումները մինիմումի բերվի: Քաղաքացիական բանակը հենց սա ի նկատի ունեմ: Երբ մեր մարդիկ գան իշխանության, նրանք իսկական ժողովրդասիրական եւ մարդասիրական բարքեր կսերմանեն մեր երկրում: Ով հավատում է իր ուժերին, նրան Արարիչն էլ է հավատում եւ իր ամենազորությամբ աջակցում: Հավատն ու սերը միայն փոխադարձ են լինում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031