Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջնորդները փոխում են իրականությունը». Ռուբեն Վարդանյան. (Ֆոտոշարք)

Օգոստոս 22,2022 23:03

«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ստեղծեցին կրթամշակութային նոր կլաստեր, որը ամրագրվեց հուշագրով՝ Բաղրամյան 6 հասցեում, դպրոցի և տուն-թանգարանի տարածքում կայացած միջոցառման ժամանակ: «Մատենայի» աջակցությամբ նորոգված համերգասրահն այսուհետ ուսանողների համար կօգտագործվի որպես լսարան, որտեղ դասամիջոցները հագեցած կլինեն խաչատրյանական երաժշտությամբ։

«Մատենա» դպրոցի համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ այն դառնալու է հետաքրքիր վայր իրենց ուսանողների եւ շրջանավարտների համար, որպեսզի հավաքվեն, բովանդակալից ու արժեքավոր ժամանակ անցկացնեն: Նա տեղեկացրեց, որ երկրորդ կարեւոր իրադարձությունն էլ «Մատենայի» շրջանավարտների ակումբի ստեղծումն է: Համագործակցության նոր ձևաչափի շնորհիվ կընդլայնվեն շփման, գործնական կապերի հաստատման և համագործակցության հնարավորությունները։ Ակումբի անդամները մշտապես կտեղեկանան «Մատենայի» հետագա ծրագրերի, քննարկումների մասին, կդառնան նորաստեղծ կրթամշակութային կլաստերի լիիրավ այցելու։

Ինչ վերաբերվում է կլաստերին, դրա մեջ ներառված է «Մատենայի» անմիջական հարեւանությամբ գտնվող Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, որը Ռուբեն Հայրապետյանի ձեւակերպմամբ, ապահովելու է բարձրակարգ միջավայրի մշակութային կողմը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի խոսքով, հաճախ մարդիկ կարծում են, որ թանգարանը կարծրացած տարածք է, որտեղ ժամանակը կանգ է առել, որտեղ զբաղվում են միայն անցյալի արժեքների պահպանությամբ եւ հետաքրքրված չեն ապագայով. «Մինչդեռ, երբ նույն անձինք հատում են թանգարանի շեմը, կտրուկ փոխում են իրենց պատկերացումը»: Տիկին Գրիգորյանի համոզմամբ, Արամ Խաչատրյանը հաստատ կքաջալերեր «Մատենայի» հետ իրենց համագործակցության գաղափարը, որովհետեւ, նրա ձեւակերպմամբ՝ «Մատենայի» գաղափարները համահունչ են մաեստրոյի գաղափարներին ու մոտեցումներին:

Ռուբեն Հայրապետյանն էլ ընդգծեց, որ «Մատենայի» ու Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համագործակցության գաղափարը հղացել է «Մատենայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Շատ կարեւոր է, որ մենք Երեւանում, կենտրոնում փորձում ենք վերափոխել կյանքի ոճը, որը եղել է ժամանակին»,-ասաց Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով ժամանակի ճգնաժամերին:

Հավելեց, որ ներկայումս Երեւանը փայլում է սրճարաններով ու ռեստորաններով, ու շատ լավ կլիներ, որ մշակութային ու կրթական կյանքն էլ նույնպիսի զարգացում ունենար, հատկապես, որ նոր մթնոլորտի պահանջ կա, որը բխում է եւ ներսից, եւ դրսից եկած, Երեւանում ապրող մարդկանց պահանջներից:

Նրա խոսքով, Երեւանում գտնվող բազմաթիվ թանգարաններում ժամանակին արվել են ներդրումներ, եւ դրանք դարձել են ֆանտաստիկ մշակութային կենտրոններ, այժմ էլ ժամանակն է, որ նրանցում ամփոփված անցյալի արժեքների վրա հիմնված ապագա ստեղծվի:

Ռուբեն Վարդանյանն ասաց, որ շատ բան ունենք սովորելու Արամ Խաչատրյանից՝ ոչ միայն որպես երաժիշտ, այլեւ որպես անձ եւ առաջնորդ, հատկապես որ ապրում ենք այնպիսի դարաշրջանում, երբ մեծ փոփոխությունների առջեւ ենք կանգնած: Նրա խոսքով, ընդհանրապես ողջ աշխարհում առաջնորդների պահանջ կա, որովհետեւ առաջնորդները փոխում են իրականությունը, իսկ վերջին տարիների ճգնաժամն էլ ավելի է սրել առաջնորդների պահանջը:

Նա ընդգծեց, որ շատ կարեւոր են ներդրումները մշակույթի եւ կրթության մեջ, հենց այն շրջանում, երբ պատերազմական իրավիճակներ են:

Ռուբեն Վարդանյանը նաեւ ասաց, որ պահանջները փոխվել են, եւ մարդիկ պետք է լինեն կրթված ու բազմակողմանի զարգացած, ինչը հաջողության հասնելու գրավականն է. «Նոր միջավայրը պահանջում է մարդուն նայել տարբեր անկյուններից, մարդը պետք է ունենա տեսլական, որը ձեւավորվի ոչ միայն գրքերից, այլեւ միջավայրից»:

Ռուբեն Վարդանյանը նաեւ հավելեց, որ 21-րդ դարում շատ կարեւոր են ցանցային հարաբերությունները մարդկանց միջեւ, որոնք իրար ճանաչում եւ հավատում են, որոնք նույն արժեքների շուրջ են համախմբված:

Նա ի նշան գործընկերության՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին նվիրեց բացառիկ մի գիրք, որից ընդամենը 20 օրինակ կա աշխարհում: Խոսքը խաչատրյանական «Սպարտակ» բալետի ձեռագրի եւ նկարազարդված պարտիտուրի մասին է, որը նկարազարդված է Փարիզի հնագույն արվեստանոցների հազվագյուտ փորագրություններով։

Հավելենք, որ «Մատենայի» նախաձեռնությունները ողջունեցին դպրոցի միջազգային գործընկերները, դասախոսներն ու շրջանավարտները, իսկ Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաները «Գայանե» եւ «Սպարտակ» բալետներից կտորներ կատարեցին:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031