Ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին՝ 1804 թվականին, ռուսական բանակի հրամանատար Իոսիֆ Մոնտրեզորի հրամանատարությամբ 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար կռվել ու զոհվել է 30 անգամ գերազանցող պարսից ուժերի հետ անհավասար պայքարում: Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու միջնամասից հարավ ընկած տարածքում է գտնվում ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձանը։
Հայ-ռուսական դարավոր բարեկամությունը խորհրդանշող հուշակոթողի մոտ այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գյումրիում ՌԴ փոխհյուպատոս Դմիտրի Գրիդնեվը, Լոռու մարզպետարանի, Վանաձորի, Սպիտակի համայնքապետարանների և հյուպատոսարանի պաշտոնյաները, Լոռու մարզում ռուսական համայնքի ներկայացուցիչները, ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներն ու հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին հերոսաբար նահատակված զինվորների հիշատակին։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսների հիշատակը։ Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների հոգևոր սպասավորների ձեռամբ մատուցվեց հոգեհանգստյան կարգ: Փոխմարզպետ Գոռ Ասրյանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ ամեն տարի, հարգանքի տուրք մատուցելով, վերահաստատվում է երկու երկրների միասնականությունը և բարեկամական ու գործընկերային հարաբերությունների հավերժ լինելը։ – Ուզում եմ բարեմաղթել, որ մեր երկրում ու ամբողջ աշխարհում խաղաղություն տիրի, ու մեր համագործակցությունը ծավալվի տնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի ու այլ ոլորտներում՝ ի նպաստ մեր երկրների զարգացման,- ասաց փոխմարզպետը։
Ելույթներով հանդես եկան նաև ՌԴ փոխհյուպատոս Դմիտրի Գրիդնեվը, ներկաներից շատերը՝ իրենց խոսքում կարևորելով հայ-ռուսական բարեկամությունը: Ներկաները ծաղկեպսակներ տեղադրեցին և ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողին:
Լոռու մարզպետարան