Օգոստոսի 19-22-ը Ռումինիայի Գեռլա քաղաքում կայացել է «Արմենոպոլիս 2022» մշակութային փառատոնը։ Միջոցառումներին մասնակցել է Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ Իջևանը և Գեռլան քույր քաղաքներ են սկսած 2012թ․-ից ։
Արմենոպոլիսը Գեռլայի նախկին անվանումն է։ Քաղաքը 1700թ. հիմնել են պատմական Մոլդովայից Տրանսիլվանիա գաղթած հայերը եւ անվանել Արմենոպոլիս: Այն ստացել է թագավորական ազատ քաղաքի կարգավիճակ եւ երկար ժամանակ կառավարվել հայերի կողմից, հայկական օրենքներով:
2014թ-ից ի վեր Գեռլայի քաղաքային իշխանությունները «Արմենոպոլիս» անվանումն օգտագործում են զանազան կրթամշակութային, մարզական եւ հանրային միջոցառումների ժամանակ՝ վստահ լինելով, որ այն կնպաստի պատմամշակութային եւ ճարտարապետական հարուստ անցյալ ունեցող քաղաքի զբոսաշրջային ծրագրերի զարգացմանը:
Կարդացեք նաև
«Արմենոպոլիս 2022» փառատոնի շրջանականերում Գեռլայի քաղաքապետարանում կայացել է նաև օտարերկրյա պատվիրակությունների ընդունելություն։ Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայել Գեռլա-Իջևան համագործակցությունը սկսելու և զարգացնելու ուղղությամբ։
«Կցանկանայի նշել մեր առանձնահատուկ վերաբերմունքը այս գեղեցիկ փառատոնի նկատմամբ. այն կարծես մշակութային համախմբման օր լինի, որն ուղեկցվում է տարաբնույթ գեղեցիկ միջոցառումներով: Այսօր Գեռլան կարծես դարձել է տարբեր ազգերի մշակույթների և ավանդույթների հանդիպման վայր»,- նշել է Ճաղարյանը։
Հավելենք, որ եռօրյա բազմամարդ փառատոնն ուղեկցվել է երգ-երաժշտությամբ, պարերով և թատերական ներկայացումներով։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Գեռլայի քաղաքապետարանի