Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ պատանի բռնցքամարտիկները 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Թուրքիայում կայացած ԵԱ-ում

Օգոստոս 22,2022 17:59

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է հայ բռնցքամարտիկներին, որոնք 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Թուրքիայի Էրզրում քաղաքում օրերս անցկացված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Համեստ Աֆրիկյանը (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։ Բրոնզե մեդալներին էլ արժանացել են Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)։
Հանդիպմանը, բացի մեդալակիր մարզիկներից, ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է պատանի բռնցքամարտիկներին հիանալի ելույթների ու գրանցած արդյունքների համար. «Շնորհակալ եմ և շնորհավորում եմ: Ամենակարևորը՝ նույն տրամաբանությամբ ու աշխատասիրությամբ շարունակե՛ք մարզվել ու աշխատել: Սա դեռ սկիզբն է, պետք չէ թևավորվել այս արդյունքներից: Հիմա պետք է ավելի լավ պարապել, աշխատել, որպեսզի մեդալներ նվաճեք նաև մեծահասակների պայքարում»:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի խոսքով՝ հավաքականի կազմում եղել են նաև այլ բռնցքամարտիկներ, որոնք արժանի էին մեդալներ նվաճելուն. «Շատ լավ թիմ ունենք: Կան այլ բռնցքամարտիկներ ևս, որոնք վստահաբար կարող էին մեդալ նվաճել: Հաշվի առնելով, թե որ երկրում էինք ու որքան էին խանգարում ավելորդ էմոցիաները, այս արդյունքը ևս գոհացնող կարելի է համարել: Հոգեբանորեն բավական բարդ մենամարտեր ենք անցկացրել: Բռնցքամարտում տրամադրվածությունը շատ մեծ նշանակություն ունի»:

Ֆեդերացիայի նախագահը փաստել է՝ առաջին անգամ է ի պատիվ հայ բռնցքամարտիկների Թուրքիայում հնչել հայոց օրհներգը:
Նշենք՝ Համեստ Աֆրիկյանը եզրափակչում շատ բարդ մենամարտ է անցկացրել Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։ Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթել է հայ մարզուհին, 2-րդ ռաունդում նույն հաշվով մրցավարներն առավելությունը տվել են Անգլիայի ներկայացուցչին։ 3-րդ վճռորոշ ռաունդում արդեն հաղթանակը շնորհվել է Համեստ Աֆրիկյանին։

Սամվել Սիրամարգյանն էլ եզրափակչում ուժեղ է գտնվել Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Տատարենկոյից։ Արդյունքում՝ բոլոր մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը միաձայն շնորհել են հայ մարզիկին։ Ի դեպ, Սիրամարգյանն իր հաղթանակը նվիրել է հայրենիքի համար զոհված մորեղբորը։

Կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են 15 տղա և 5 աղջիկ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031