Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է բացառի Ադրբեջանին միջանցքային տրամաբանությամբ որևէ հաղորդակցության ուղի տրամադրելը. «Արդար Հայաստան»

Օգոստոս 22,2022 17:51

«Զանգեզուրյան միջանցք» չի՛ լինելու ու վե՛րջ․․․

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ստանալուն միտված Ադրբեջանի կողմից դրսևորվող ջանքերը մտել են մեզ համար չափազանց վտանգավոր շրջափուլ։

Տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները, որոշ երկրների դրսևորած վարքագիծը, Իրանի բացահայտ անհանգստությունը, Թուրքիայի պաշտոնատար անձանց թափանցիկ ակնարկները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները՝ Հայաստանից առաջիկա շաբաթների ընթացքում «Զանգեզուրի միջանցքի» երթուղուն սպասելու մասին, իսկ մյուս կողմից՝ պաշտոնական Երևանի ձեռնարկած քայլերը՝ Ադրբեջանին Հայաստանի տարածքով երեք ուղղություններով այլընտրանքային երթուղի տրամադրելու պատրաստակամության մասին՝ վկայում են, որ այս խնդիրը չափազանց լուրջ է, և Հայաստանը կանգնած է ճակատագրական որոշման ընդունման խնդրի առաջ։

2020թ․ նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, ԱՀ և ՌԴ նախագահի կողմից ստորագրված հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

Անզեն աչքով տեսանելի է, որ անգամ մեզ համար խիստ անբարենպաստ վերը նշված հայտարարությամբ նույնիսկ ակնարկ առկա չէ որևէ միջանցքի, հետևաբար՝ Հայաստանի առջև այսպիսի պահանջ դնելը բացահայտ ագրեսիա է ու տարածքային հավակնություն։

Հարգելի՛ հայրենակիցներ

Ստեղծված իրավիճակը հարկադրում է դրսևորել առավել սկզբունքային ու աներեր վարքագիծ։

Կարծում ենք՝ խիստ անհրաժեշտ է, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, որոնց համար Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը որևէ պարագայում հնարավոր չէ կասկածի տակ դնել, անկախ քաղաքական դիրքորոշումներից ու արտաքին կողմնորոշումից, անկախ մեկը մյուսի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, պետք է հստակ ներկայացնեն իրենց դիրքորոշումն առ այն, որ անկախ նրանից, թե ինչպիսի՞ քաղաքական վարչակազմ է գործում կամ ապագայում կգործի Հայաստանում, անկախ նրանից, թե ո՞ր քաղաքական ուժն է այսօր կառավարող և ո՞ր ուժերը ապագայում կգան իշխանության, Հայաստանը ինչպես հիմա, այնպես էլ ապագայում բացառում է որևէ դեպքում ՀՀ տարածքում իր ինքնիշխան վերահսկողությունից դուրս որևէ «Միջանցք» տրամադրել որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանին՝ որևէ երրորդ երկրի կամ նույնիսկ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար:

Վստահ ենք, որ այսպիսի միասնական ու հաստատակամ դիրքորոշումը, ինչպես նաև նույն հարցի վերաբերյալ ընդհանուր մոտեցումը էական նշանակություն կունենա միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Իրանի, անգամ Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ այս հարցի կապակցությամբ իրենց հետագա դիրքորոշումները հստակեցնելու տեսանկյունից։

Սա նաև կդառնա յուրովի հանրային համերաշխության մթնոլորտ դրսևորելուն միտված կոնկրետ քայլ։

«Արդար Հայաստան» կուսակցությունը անթույլատրելի է համարում Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի նկատմամբ, առանց նրա համաձայնության, որևէ ազդեցության ձեռք բերմանն ուղղված գործողություն, որը կասկածի տակ է դնելու մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

ՀՀ տարածքը ենթակա չէ որևէ փոփոխության կամ այլ անօրինական ազդեցության։

Ցանկացած այդպիսի դրսևորում գնահատվելու է որպես ոտնձգություն Հայաստանի Հանրապետության պետականության նկատմամբ։

Հայաստանն առհասարակ պետք է բացառի որևէ միջանցքային տրամաբանությամբ Ադրբեջանին որևէ հաղորդակցության ուղի տրամադրելը։

«Արդար Հայաստան» կուսակցությունը կոչ է անում բոլոր կուսակցություններին միանալ սույն հայտարարությանը։

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031