Դատարանը թույլատրեց օգոստոսի 23-ի հանրահավաքը անցկացնել Հանրապետության հրապարակում
Երեւան քաղաքի վարչական դատարանը (նախագահող դատավոր Սամվել Հովակիմյան, դատավորներ Կարեն Զարիկյան եւ Մերի Համբարձումյան), ինչպես արդեն հաղորդել ենք՝ անվավեր ճանաչեց Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ՝ Արմինե Ստեփանյանի 18.08.2022 թվականի «ՀՀ քաղաքացի Էդգար Ղազարյանի կողմից ս.թ. օգոստոսի 23-ին հավաք անցկացնելու վայրի նկատմամբ սահմանափակում սահմանելու մասին» թիվ 272 որոշման 1-ին կետը: Վճիռը վերջնական է, վերանայման ենթական չէ եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Դատական նիստի ավարտից հետո Էդգար Ղազարյանի շահերի ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը Aravot.am-ին ասաց. «Բնականաբար, դատական ակտը մեզ գոհացնում է այն պահով, որ դատարանը վերացրեց քաղաքապետարանի՝ իր բնույթով ու պատճառաբանություններով ակնհայտ ոչ իրավաչափ վարչական ակտը»:
Իսկ Էդգար Ղազարյանը նշեց. «Սա հայ ժողովրդի այս պայքարի շատ կարեւոր հաղթանակներից մեկն է: Ես ուրախ եմ, որ Հայաստանում, այնուամենայնիվ. կա արդարադատություն եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին շահեց»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ