Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Մենք հենց Անկախության Հռչակագրի օրը սրանց պետք է դարձնենք նախկին, չնայած, որ սրանք ամենավատ նախկինն են»

Օգոստոս 22,2022 15:53

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր «Հայելի» ակումբում հանրությանը բացատրեց, թե որն է օգոստոսի 23-ի եւ այդ օրը ժամը 17:00-ին հրավիրված հանրահավաքի խորհուրդը:

«Օրվա խորհուրդը: Օգոստոսի 23-ը այն օրն է, երբ 1990 թվականին հիմք է դրվել հայ ժողովրդի դարավոր երազանքների իրականացմանը՝ կերտել անկախ պետություն: Անկախության Հռչակագիրը հենց դա է: Անկախության Հռչակագիրը մի փաստաթուղթ է, որը առավել արժեքավոր է, քան սահմանադրությունը: Որովհետեւ Սահմանադրությունը իր նախաբանում հղում է կատարում Անկախության Հռչակագրին: Սահմանադրությունը կարող է փոխվել, երկրի պետական կառավարման համակարգը կարող է փոխվել, իրավունքների հարաբերակցությունը կարող է փոխվել: Բայց պետության հիմնասյունը երբեք ու երբեք փոփոխությունների ենթարկվել չի կարող: Հետեւաբար, Հռչակագիրը պարտավորեցրել է բոլոր պետական մարմիններին, որ իրենց գործունեությունը համապատասխանեցնեն Հռչակագրի դրույթներին:

Լինելով նաեւ նախկին հանրային ծառայող, բարձրաստիճան պաշտոնյա՝ պիտի արձանագրեմ, որ Հայաստանում, ցավոք սրտի, այս ողջ ժամանակահատվածում հնարավոր չէ ասել, որ երբեւէ իշխանությունների գործունեությունը ամբողջությամբ համապատասխանել է Հռչակագրի դրույթներին: Հենց մի պարզ պատճառով: Հռչակագիրն ասում է՝ Հայաստանը պետք է լինի ժողովրդավարական երկիր: Ցավոք, չի եղել միջազգային կամ ներհասարակական այնպիսի գնահատական, որ վստահ լինեինք, որ մենք ապրում ենք իսկապես ժողովրդավարական երկրում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունները, որոնք եղել են ու հիմա կան, բաժանված են նախկինների եւ ներկաների: Այն մարդիկ, որոնք իրենց գործունեության մեջ շեղումներ են թույլ տվել, նախկին են: Բայց այս մեկը, որը ոչ թե շեղում է թույլ տվել, այլ կործանել է Հայոց Անկախ Պետականությունը, համարվում է ներկա:

Մենք շատ շուտ, մեկ օրում, հենց Հռչակագրի օրը նրանց պետք է դարձնենք նախկին, չնայած, որ նրանք ամենավատ նախկինն են: Ավելին, սրանց պետք է առհասարակ վռնդել մեր հանրային կյանքից: Եվ իշխանության արտոնել բացառապես այն մարդկանց, որոնց ամենօրյա գործունեությունը համապատասխանում է Հայաստանի Անկախության Հռչակագրի դրույթներին»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031