«Կա մեկ Աստված՝ դա փողն է, եւ դրա համար կարելի է անել ամեն ինչ: Խաչատուր Սուքիասյանն, ըստ երեւույթին, մեծ ներդրում է արել բիզնեսի մեջ, այն բիզնեսը, որն անում են այսօրվա իշխանության ամբողջ կազմով: Իսկ այն գումարը, որ ինքը ժամանակին ծախսել է պատերազմի ժամանակ, ինչպես ներկայացնում են՝ վերադարձրել է արդեն»,- «Հայելի» ակումբում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով իշխանությունների այն պնդմանը, թե ԱԺ գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մեծ գումարներ է ծախսել Արցախի համար՝ պատերազմի ժամանակ:
Անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանը, որ իրենց ընտանիքին վերագրվում է ծանր հանցագործություն կատարելու կեղծ մեղադրանք, մուլտիպլիկատորն ասաց, որ չգիտի, թե որոնք են «Սուրմալու» առեւտրի կենտրոնում կատարվածի պատճառները, բայց ունենալով նման իշխանություն՝ ինքը վաղուց ոչնչի վրա չի զարմանում:
«Վարչապետի ինտելեկտը երեւի չի հերիքում, ինքը նստած աթոռին ՝ փաստացի անում է այնպիսի հայտարարություններ, որ դու ավելի շատ կասկածես, թե «Սուրմալու»–ում կատարվածը ահաբեկչություն էր: Պատճառ բերել, թե ծուխ եւ վազող մարդիկ կային, ուղղակի անհեթեթ է, սեպտեմբերի 11-ին Ամերիկայում մենք տեսել ենք, որ եւ ծուխ է եղել, եւ վազող մարդիկ, ու կատարվածն ահաբեկչություն էր… Ես միշտ ասել եմ, որ վարչապետի աթոռին նստածը միշտ ինչ-որ մեկի ձեռքին խաղալիք է եղել, իրեն միշտ օգտագործել են… Խախտվել են նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները, բայց նա այդ մասին լռում է: Ի դեպ, այս օրը նոյեմբերի 9-ի պես կդաջվի որպես խայտառակություն, որովհետեւ մեզ հայաթափում է սպասվում: Այսօր արդեն դատարկվեցին Աղավնոն եւ Բերձորը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արմեն ՀԱԿՈԲՅԱՆԻ