Այսօր քաղաքացիները Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքից որոշակի հեռավորության վրա բողոքի ցույց էին անում՝ ընդդեմ Բերձորի, Աղավնոյի հանձնման: Նրանց թույլ չէին տալիս մոտենալ կառավարության շենքին: Ցուցարարները «Հայ ժողովրդի արժանապատվությունը որտե՞ղ է թաքնված», «Բերձորն ու Աղավնոն մեր պետականության վերջի սկիզբն են», «Ազգային համախմբում. ազգ-բանակ» ցուցապաստառներով իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում:
Ցուցարարներից մեկը՝ Արեւիկ Նիկողոսյանն ասաց. «Մեր սեփական հողում մեր իրավունքն ենք պահանջում: Մենք ընդամենն ուզում ենք, որ մեր հողերը մեզ մնան: Կարծրատիպ է, ուզում են վախեցնեն ժողովրդին: Ընդվզումով ժողովուրդը կարող է հասնել նրան, որ Աղավնոն ու Բերձորը մեզ մնան: Մենք պիտի ցույց տա՞նք, որ պահանջատեր ենք: Եթե ցույց չտանք, աշխարհի շատ պե՞տքն է, որ դու պահանջատեր ես, աշխարհը չի իմանա: Պիտի բողոքես, ասես, որ աշխարհն իմանա ու աջակցի քեզ»:
Ակտիվիստ Արթուր Սարգսյանն էլ ասաց, որ Հայաստանը պահպանելու համար պետք է պայքարել. «Մենք ուզում ենք տարածել նժդեհականության գաղափարը, որը միշտ հային հայ է պահել, որ մարդիկ հասկանան՝ իրենք ուժ են: Շատերը ուզում են մեր հերոսներին ցածրացնել: Մենք ուզում ենք պայքարենք, որ ստեղծենք հզոր Հայաստան»:
Ցուցարարներից մեկն էլ ասաց, որ բողոքելով՝ Նիկոլ Փաշինյանից որեւէ ակնկալիք չունի, գիտի, որ չի լսելու. «Իմ ակնկալիքը իմ հայ ժողովրդից է: Ուզում ենք ասենք,որ կա այլընտրանք: Եկեք որոշենք ոնց պիտի ապրենք մեր երեխեքն ու մենք: Ես կուսակցություններին ուզում եմ ասել՝ ձեր դրոշները վայր դրեք, մենք ձեզ ոչ դատում ենք, ոչ մի բան չենք անում, եկեք մեր հայրենիքը փրկենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ