Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սելեզնյովի խոսքից ստացվում է, որ Բերձորը դեռ 1 տարի՝ չպետք է հանձնվեր, բայց ՌԴ-ի թիկունքում նվիրեցին թշնամուն»․ Արցախի ԱԺ պատգամավոր

Օգոստոս 22,2022 12:20

Բերձորի միջանցքի կարգավիճակի, ճակատագրի, Բերձոր քաղաքի, Աղավնո եւ Սուս համայնքների հայաթափման առնչությամբ Արցախի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպում են խնդրել ՌԴ խաղաղապահ առաքելության ղեկավարության հետ, սակայն ժամկետները դեռեւս հստակ չեն։ «Աշխատանքային շաբաթը նոր է սկսվել, չնայած մեր «հանգստյան օր» կամ «աշխատանքային շաբաթ» հասկացությունները հասկանալի չեն։ Ամեն դեպքում, սպասում ենք պատասխանի։ Իրենք օր չեն նշանակել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Խնդրեցինք պարզաբանել, թե ի՞նչ հարցեր են պատրաստվում հնչեցնել, ի՞նչ պարզաբանումների կարիք կա։ Մեր զրուցակիցը նախ նշեց․ «Դեռեւս 2022թ․-ի փետրվարից ենք խոսել Աղավնոյի, Բերձորի, Շուշիի մասին, խոսել Բերձորը շրջանցող այընտրանքային ճանապարհի մասին, որը «միջանցք» անունով փաթեթավորած՝ փորձում են հրամցնել մեզ։ Մինչդեռ այն որեւէ կարգավիճակ չունի։ Պետք է լինի նոյեմբերի իննի հայտարարությամբ սահմանված եռակողմ պայմանավորվածությունը, այսինքն՝ ՀՀ-ն, ՌԴ-ն ու Ադրբեջանը պետք է դնեն իրենց ստորագրությունները միջանցքի կարգավիճակի ամրագրման վերաբերյալ։ Փաստորեն, հիմա ՀՀ-ի եւ Արցախի իշխանությունները ժողովրդին ստելով եւ մոլորեցնելով՝ ինչ-որ «արցախաադրբեջանական բանակցությունների» անվան տակ ուզում են համոզել, որ դա ունի միջանցքի կարգավիճակ, մինչդեռ նման բան չկա»։

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Մաքսիմ Սելեզնյովն օրերս ասել էր, որ «Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահները կվերատեղակայվեն, երբ նոր ճանապարհը արդեն պատրաստ կլինի»։ Ի՞նչ հարցեր ունեն պատգամավորները սրա առիթով։ Մետաքսե Հակոբյանն ասաց․ «Այդ հայտարարությունից հասկանալի է ամեն բան։ Ստացվում է, որ երեք կողմերից երկուսը՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը, ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ ունեն, որոնք ակնհայտորեն ՌԴ-ի թիկունքում են։ Սրա արդյունքում, նաեւ օգտվելով ՌԴ-ի ներկայիս վիճակից, իրենք բանավոր պայմանավորվածությունների են եկել, մինչդեռ նոյեմբերի իննի հայտարարության տակ երեք ստորագրություն կա, եւ ամեն ինչ պետք է արվի համատեղ։ Նման պարագայում Ռուսաստանը չկա․ դեսպանորդի խոսքից այդպես է հասկացվում։ Լրացուցիչ պարզաբանումների կարիք կա այդ հայտարարությունից հետո։ Եթե առաջ փաստում էինք, որ մենք ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ հանդիպելու կարիք չունենք, որովհետեւ բոլոր պահանջները պետք է փոխանցեն մեր իշխանությունները, ապա հիմա ստացվում է, որ իրենք պահանջ չեն էլ փոխանցել։ Այս իրավիճակում վստահության մասին խոսք լինել չի կարող։ Պահանջ կա հանդիպում կազմակերպելու եւ հենց ՌԴ խաղաղապահ առաքելության ղեկավարությունից լսելու, հասկանալու, թե ինչ կարգավիճակ է տրվելու Բերձորի այդ այլընտրանքային ճանապարհին։ Այն որեւէ առումով չի տեղավորվում նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի պահանջներում։ Մինչդեռ Արայիկ Հարությունյանը վերջերս ասում էր, թե գիտե՜ք ինչ լավ ճանապարհ է, ի՜նչ լավ է սարքած․․․այսինքն, «ոչխարների հոտ» է, որին այդ «լավ ճանապարհով» քաշելու են այս ու այն կողմ, երբ ուզենան՝ այն փակեն, ինչ ուզեն՝ անեն։ Սա այն դեպքում, երբ տեսանք, թե ինչպես Ադրբեջանը գազը կտրեց։ Ոնց ուզում են, այդպես էլ անում են։ Ուստի հստակ երաշխիքներ են պետք»։

Պատգամավորի բնորոշմամբ՝ իրավիճակն անհասկանալի է․ «ՌԴ դեսպանորդի խոսքից ստացվում է, որ Բերձորը, Աղավնոն եւ Սուսը գոնե դեռ մեկ տարի՝ չպետք է հանձնվեին։ Սակայն այս ընթացքում ՀՀ իշխանության կարգադրությամբ Արցախի իշխանությունը փութաջան ապամոնտաժել տվեց այդ երեք համայնքները եւ նվիրեց թշնամուն։ Սա ես իմ աչքերով եմ տեսել, ոչ թե որեւէ մեկի պատմածով։ Մեր պահանջն է՝ եռակողմ հայտարարության ձեւաչափով միջանցքի կարգավիճակի ամրագրում»։

Նկատեցինք՝ Մաքսիմ Սելեզնյովի հայտարարությունից նաեւ պարզ չէ՝ ռուս խաղաղապահները օգոստոսի 25-ից հետո մնալո՞ւ են ապահովելու Բերձորի եւ Աղավնոյի այն բնակիչների անվտանգությունը, որոնք չեն ցանկանում բնակավայրը լքել։ Մետաքսե Հակոբյանն արձագանքեց․ «Նախ, իշխանության կողմից բնակիչների հանդեպ լավ ճնշումներ գործադրելով՝ արդեն իսկ լքել են տվել։ Մարդկանց թողել են առանց գազի, հոսանքի։ Երեկ չէ առաջին օրը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցն իրենից գոհ տարավ գեներատորը՝ բնականաբար, վերադասի հրամանով։ Մարդիկ անգամ պաշտպանվելու հնարավորություն չունեն մթի մեջ, իհարկե վտանգավոր է։ Բոլոր կոմունիկացիաներն անջատված են, կապի միջոց չկա։ Երեկ վերջին մարդիկ՝ մի քանի հոգի էին մնացել, որոնք դուրս եկան համայնքներից։ Սա Նիկոլի՝ իր Ալիեւ եղբորը տված բանավոր պայմանավորվածությունն է։ Նա իրեն դա խոստացել էր, որ Ադրբեջանի անկախության օրը իրենց լաթի կտորը տանեն տնկեն Բերձորում»։

Հետաքրքրվեցինք նաեւ՝ մամուլում տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ Ադրբեջանը սպառնացել է զորք մտցնել Բերձոր, եթե բնակիչները շարունակեն տներն այրել։ Մետաքսե Հակոբյանը փոխանցեց, որ տեղում անընդհատ կապի մեջ է եղել, եւ նման տեղեկություններ չունի։ Նաեւ հայտնեց, որ Աղավնոյի մոտ եղած ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման վայրը տասը օր առաջ ապամոնտաժվել է, իսկ Բերձորի տեղակայման վայրը դեռեւս կա․ «Սա եւս կասկածի առիթ է տալիս, որ ամեն ինչ արվել է իշխանության հրահանգով՝ պայմանավորվածության արդյունքում։ Աչքովս տեսած ամեն բան ավելի է համոզում, որ ռուսական կողմին փորձել են շրջանցել՝ Ադրբեջան-ՀՀ պայմանավորվածության արդյունքում»։

Հիշեցնենք, որ թեեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէ Բերձորի միջանցքի հայաթափում, սակայն Բերձոր քաղաքի, Սուս եւ Աղավնո համայնքների բնակիչներին Արցախի իշխանություններից հրահանգվել է մինչեւ օգոստոսի 25-ը լքել բնակավայրերը։

ՀԳ Aravot.am-ն իրավիճակի շուրջ որոշ հարցեր պարզաբանելու ակնկալիքով գրավոր հարցում է հղել ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը, որի պատասխանը ստանալու դեպքում այն կհրապարակենք։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    ամեն գնով ռսահպատակությունը շարունակաբար տարեք, հասցրեք մինչև ինքնաոչնչացում, հանկարծ ռուսներին բան չասեն, դա է ագենտուրայի խնդիրը

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031