Լրահոս
Օրվա լրահոսը

Շաբաթվա ընթացքում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ համառոտ

Օգոստոս 22,2022 11:11

Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա ընթացքում համացանցում տեսանյութեր էին տարածվում, որոնցում երևում էր, թե ինչպես են Աղավնոյի բնակիչները իրենց իսկ ձեռքով այրում սեփական տունը։ Տարհանվող գյուղի բնակիչները տեղեկացվել են, որ օգոստոսի 20-ից ջուր, հոսանք չկա, կապը անջատված է։ Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը հայտարարել է, որ Բերձորը լքած ընտանիքների մեծ մասը տեղափոխվել է Հայաստան։

Շաբաթվա ընթացքում նաև տեղեկատվություն էր տարածվել, որ ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվամիջոցի խմբագիրը ռուս սահմանապահների ուղեկցությամբ այցելել է Բերձոր, Աղավնո, ներկայացել որպես միջազգային կազմակերպության ներկայացուցիչ ու զրուցել Աղավնոյի գյուղապետի ու բնակիչների հետ։

Թեմայի վերաբերյալ համացանցում բավականին բուռն քննարկում էր ծավալվել, որի ժամանակ օգտատերերը հիմնականում Արցախի իշխանություններից բացատրություն էին պահանջում ադրբեջանցի լրագրողի Արցախ մուտ գործելու հետ կապված։

Արցախի ԱԽ գրասենյակից հայտարարել են, որ ԱՀ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը դիմել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել՝ արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը։

ԱՀ ԱԺ ընդդիմադիր «Արդարություն», ՀՅԴ և ԱԺԿ խմբակցությունները դիմել են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ղեկավարությանը՝ հանդիպելու և մեկնաբանություններ ստանալու որոշակի հարցերի վերաբերյալ։ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն հայտարարել է, որ ռուս խաղաղապահ զորքերի ո՛չ նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը, ո՛չ ներկայիս հրամանատար Անդրեյ Վոլկովը, որևէ անգամ ընդդիմադիր ուժերի հետ հանդիպման չեն գնացել՝ պատճառաբանելով, թե իրենք քաղաքականություն չեն վարում, հետևաբար քաղաքական ուժերի հետ չեն կարող հանդիպել։ Ըստ պատգամավորի, օրեր առաջ որոշակի քաղաքական ուժեր, ներկայանալով որպես ընդդիմադիրներ, կարողացել են հանդիպել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ, ինչն էլ տարակուսանքի առիթ է տվել։ Պատգամավորի համոզմամբ՝ ադրբեջանցի լրագրողի այցը Աղավնո եղել է դիտավորյալ՝ բնակիչներին վախեցնելու և Բերձոր, Աղավնո, Սուս համայնքները շուտափույթ ազատելու համար։

Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ ՀԿ-ների և քաղաքական շարժումների կողմից շաբաթվա վերջում հանրահավաք է տեղի ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Հավաքի մասնակիցները հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ռուս խաղաղապահ զորակազմի ղեկավարներից պահանջել են թույլ չտալ, որպեսզի սահմանված ժամկետից շուտ տեղի ունենա Բերձորի, Սուսի և Աղավնոի հանձնումը։

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ, որի ընթացքում քննարկվել է ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում: Կողմերը կարևորել են իրադրության հետևողական ու շարունակական կայունացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը՝ շեշտադրելով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի դերակատարությունն այդ հարցում:

Պաշտոնական լրահոս

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկումների շրջանակում համայնքների սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Քննարկման օրակարգում միջհամայնքային և ներքաղաքային փողոցների բարեկարգմանը և ասֆալտապատմանը, խմելու և ոռոգման ջրի հիմնախնդրի լուծմանը, ինչպես նաև սանմաքրմանը, գիշերային լուսավորությանը և այլ ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցերն էին:

Հարությունյանն Արցախի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը նույնպես ցավակցություն ու զորակցություն է հայտնել տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատներին:

ԱՀ դատախազությունից տեղեկացրել են, որ «Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության կողմից մատուցվող կապի ծառայության որակի, ծառայության ու դրա դիմաց գանձվող վճարի անհամաչափության և ծառայության որակի պարբերական փոփոխության վերաբերյալ հայտարարությունները ստուգելու և ենթադրյալ հանցավոր դեպքերին իրավական գնահատական տալու համար ԱՀ դատախազության կողմից նախաձեռնվել է քրեադատավարական վարույթ՝ որպես առիթ ընդունելով զանգվածային լրատվամիջոցներով արված հրապարակումները:

ԱՀ ՏԿԵ նախարարի առաջին տեղակալ Վարդան Բեգլարյանը հայտարարել է, որ Քռասնի համայնքի վարչական տարածքում Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղից տեղահանված ընտանիքների համար կառուցվում է նոր բնակավայր, որի շինարարությունն ընթանում է բնականոն հունով:

ԼՂ հակամարտության մասին

Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել: Նա ընդգծել է, որ այս կապակցությամբ պայմանավորվածություններ կան, և կողմերը ուղիղ կապի մեջ են՝ առանց մանրամասնելու խոսքը ինչ պայմանավորվածությունների մասին է և կոնկրետ ում միջև։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է , որ ԼՂ խնդրի հետ կապված բոլոր հարցերը բանակցային ճանապարհով պետք է կարգավորվեն։ Փրայսի խոսքով՝ չնայած վերջին շաբաթների լարվածության աճին, այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները շարունակում է տեսնել, որ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում հարցը լուծելու հնարավորություն կա։

Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունում (ԱՀՄԱՊՆ) օգոստոսի 16-ին կայացել է Հայաստանի և Արգենտինյան Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։ Հայկական կողմը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, վերջինիս խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման նպատակով:

«Հենակետ» վերլուծական կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031