Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ոչ թե պայմանավորվածություն է, այլ գործարք ի վնաս ազգի». Ստեփանակերտում երեկ բողոքի ցույց էր Լաչինի միջանցքը պահպանելու պահանջով

Օգոստոս 21,2022 11:32

Նախաձեռնությունը «Արցախի փրկության» շարժմանն է, որին ներգրավված են մի շարք ՀԿ-ներ: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ի կատար ածվի առանց խախտումների:

«Վեցերորդ կետում հստակ գրված է, որ Լաչինի միջանցքով նոր երթուղու պլանը մենք պարտավոր ենք ներկայացնել երեք տարվա ընթացքում՝ սկսած 2020 թվի նոյեմբերի 9-ից: Բայց այսօրվա դրությամբ թշնամին պարտադրում է, որպեսզի շուտ հանձնենք: Եվ դրա հետ մենք ունենք պրոբլեմներ, որովհետեւ չգիտենք ճանապարհի ամրությունը, նոր ճանապարհով կոմունիկացիաները չեն անցկացված: Խոսքը ինտերնետի, հոսանքի եւ գազի մասին է, եւ սա կարեւորագույն խնդիր է»,- ասում է «Իմ իրավունքը» քաղաքացիական շարժման համահիմնադիր Արթուր Օսիպյանը:

Ըստ ցույցի մասնակիցների, ինչ կատարվում է այսօր, նշանակում է նոյեմբերի 9-ի հայտարարության չեղարկում: Հայտարարության 6-րդ կետում պարզ գրված է, որ նոր ճանապարհի նախագիծը պետք է հաստատվի կողմերի պայմանավորվածությամբ, իսկ 1-ին կետն ասում է, որ կողմեր են հանդիսանում ՌԴ-ն, Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունները:

«Արցախի փրկություն» շարժման խորհրդի անդամ Աշոտ Սարգսյանն ասում է. «Փաշինյանը բացահայտ ասաց, որ ոչ մի պայմանավորվածություն չկա, համատեղ պլան չեն մշակել, այսինքն հրաժարվեց: Ռուսաստանը դրա մասին ընդհանրապես պետականորեն չի արձագանքել: Փաստորեն, ստացվում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ են պայմանավորվել: Իսկ դա արդեն  պայմանավորվածություն չի, դա դառնում է գործարք ի վնաս ազգի, որովհետեւ այդ գործարքի արդյունքում փաստորեն մենք զրկվելու ենք երեք բնակավայրերից՝ Աղավնոյից, Սուսից, Բերձորից»:

Ցույցի մասնակիցները նշում են, որ Երեւանում Ռուսաստանի դեսպանության դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովը հայտարարել է, որ քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի: Ու ըստ այդմ, կարելի է համարել, որ Ռուսաստանը կատարում է իր պարտավորությունները: Հետեւաբար, խնդիրը մեր մեջ է:

Ինչո՞ւ ենք շտապում տարհանման հարցում: Այս կամ այն պետության ղեկավարին քննադատելու փոխարեն նախ եւ առաջ պետք է լուծենք մեր ներքին հարցերը, ասում են կազմակերպիչները: «Մենք, փաստորեն, հայրենազրկել ենք երեք բնակավայրերի մեր հայրենակիցներին: Դա ի՞նչ է նշանակում. hայի կողմից հայրենազրկված հայեր: Մերոնք են պարտադրել՝ գնացել, համոզել: Ինձ կոնկրետ ասել են, որ Խանումյանին ոչ ոք չի լիազորել: Հիմա ես էլ պարզ ասում եմ. եթե ոչ մեկը չի լիազորել, ուրեմն հանրապետության նախագահը պետք է այդ մարդուն ազատի աշխատանքից: Իսկ եթե նախագահն է ասել, ուրեմն ինքն էլ պիտի պատասխանատվության ենթարկվի»,- հայտարարում է Աշոտ Սարգսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031