Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՖ 3. Հայաստանի վերափոխման ռազմավարությունը հնարավոր է մշակել և իրագործել որպես հանրային նախաձեռնություն

Օգոստոս 21,2022 12:00

Նախորդ միֆում անդրադարձել էի, թե ինչու Հայաստանի վերափոխման ռազմավարությունը չի կարող մշակվել և իրագործվել՝ որպես այսօրվա ներքաղաքական պայքարի կամ մրցակցության արդյունք։ 

Այս հոդվածում դիտարկում եմ, թե ինչու Հայաստանի վերափոխման ռազմավարությունն այսօրվա Հայաստանում չի կարող մշակվել և իրագործվել՝ որպես հանրային նախաձեռնություն։

——————

Այսօր Հայաստանն ապրում է կարճաժամկետ ու ժամանակավոր, սեփական ջանքերով չպայմանավորված ու մարտահրավերների զգացողությունը բթացնող տնտեսական ակտիվացում։

Այդ խաբուսիկ շղարշի ետևում գտնվում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի անմխիթար ու անմիաբան վիճակը, որը չի գոհացնում Հայաստանը ապագայում՝ որպես կենսունակ պետություն տեսնող որևէ անհատ քաղաքացու։ Ինչպես Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի մահաբեր պայթյունը, այնպես էլ Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը միմյանց հետ կամրջող վերջին բնակավայրերի (Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս) մոտալուտ ինքնակամ հայաթափումը, հանձինս այդ կորուստների բուն պատճառների, վերոհիշյալ վիճակի հերթական վառ ապացույցներն են։

Մի վիճակի, որը խոսում է սեփական ապագայի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի, սեփական արժանապատվության ոտնահարման ու սեփական այլասերման հետ համակերպման մասին։ Հանրության որոշ հատվածում կա կարծիք, որ այդ վիճակը կարելի է վերափոխել հանրային նախաձեռնության միջոցով, որն աստիճանաբար կվերածվի համահայկական շարժման։

Մեկ ու կես ամիս առաջ տեղի ունեցավ «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնության Համաժողովի մեկնարկի ազդարարման միջոցառումը, որն իր առջև դնում է հենց այդպիսի՝ վերափոխման մեծ նպատակ։ Նախաձեռնության տեսանելիության ու տարածվածության առաջխաղացումը կարելի է միաժամանակ համարել և՛ մեծ հաջողություն, և՛ մեծ անհաջողություն։ Մանրամասնեմ՝ ինչու։

Նախ հաջողության մասին։ Այն, որ Ռուբեն Վարդանյանի և իր ընկերների համահիմնադրած հերթական՝ թերևս ամենակարևոր և համայն հայության համար ամենամեծ նշանակություն ունեցող նախաձեռնությունը դառնում է ավելի ու ավելի տեսանելի, գրավում է ավելի մեծ ուշադրություն ու մասնակցություն թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, ու թե՛ Սփյուռքում՝ անկասկած մեծ հաջողություն է։ Հաջողություն է, քանի որ ազգակենտրոն և պետականակենտրոն ռազմավարական զարգացման օրակարգ ձևավորելիս ամենից բարդ գործն ապագայի առարկայական կերտմանն ուղղված հանրային դիսկուրսի ստեղծումն ու նյութականացումն է, մասնագիտական շրջանակների և հասարակության լայն մասնակցության ու ներգրավվածության ապահովումը։

Հենց դրանով են հետևողականորեն զբաղվում «Ապագա Հայկականի» համանախաձեռնողները։ Զբաղվում են՝ իրենց շոշափելի ռեսուրսները ներդնելով։ Զբաղվում են պրոֆեսիոնալ բարձր մակարդակի վրա՝ սեփական վաստակաշատ փորձով զինված։

Ցավոք սրտի, այստեղ հաջողություններն ավարտվում են։ Ինչքան էլ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը և իրենց գործընկերները լինեն լավատես ու շարունակեն ներդնել իրենց անձնական ռեսուրսները, ոգևորվեն ու ոգևորեն գործարարության ու հասարակական գործունեության մեջ իրականացրած իրենց նախագծերով, նախաձեռնություններով ու հաջողության պատմություններով, երբ գործը վերաբերում է համազգային օրակարգին ու ռազմավարությանը, նրանք դատապարտված են ամեն 20 տարին մեկ ավելի սպիտակած մազերով, բայց անկոտրում կամքով հիշեցնել լսարանում գտնվող երիտասարդներին կամ արդեն ոչ այդքան երիտասարդներին, որ վերջիններս դեռ մանկապարտեզ էին հաճախում, երբ համահիմնադիրները նախաձեռնեցին հերթական համահայկական ռազմավարության կերտումը։

Դատապարտված են, քանի որ պետականություն ունեցող ժողովրդի, և այո՛, առավել ևս այդ պետականության արժեքը չգիտակցող ժողովրդի ապագայի կերտումը կարող է նախաձեռնել ու առաջնորդել միայն պետական իշխանությունը՝ միակ ինստիտուտը, որի հիմնադիրը ողջ ժողովուրդն է։ 

Ինչքան էլ հարուստ ու հմուտ լինեն Ռուբեն Վարդանյանն ու իր գործընկերները, պետությունն ունի անհամեմատ ավելի շատ ռեսուրս ու հնարավորություն։ Ինչքան էլ ազդեցիկ լինեն մասնավոր նախաձեռնողները, պետությունն ունի անհամեմատ ավելի գործուն լծակներ և հասարակական կարծիքի ու վարքի ձևավորման միջոցներ։ Ինչքան էլ շատ լինեն մասնավոր, ռազմավարական նշանակության ողջունելի նախագծերը, նրանք միշտ կստվերվեն պետական բյուջեով ու պետական ծրագրերով։ 

Քանի դեռ հայերն ունեն պետություն, որի հարատևումն ու հզորացումը պիտի լինի համազգային ռազմավարության առանցքում, պետական իշխանությունները չեն կարող լինել կցորդի, հետևորդի կամ բեռի դերում։ Դա ուղղակի հակատրամաբանական է։ Հետևաբար, «Ապագա Հայկականը» գործնական առումով կարող է դառնալ իրապես համահայկական օրակարգ միայն, եթե Ռուբեն Վարդանյանն ու իր գործընկերները հայտվեն պետության ղեկի մոտ, իսկ դա այսօրվա Հայաստանում ֆանտաստիկայի ժանրից է։ Այսօրվա հայաստանցին ավելի շուտ կընտրի աղքատ ու խոնարհ դերասանի, քան մեծահարուստ ու բարձրախոհ բիզնեսմենի։

«Ապագա Հայկականի» առաջխաղացումն անհաջողություն է, քանի որ այն պետական առաջնորդության «իմպոտենտության» մանիֆեստ է։ 

Ամենակարևոր նշաձողը, որը դրել է և որին ձգտում է հասնել «Ապագա Հայկականը»՝ որպես հետպատերազմյան հասարակական նախաձեռնություն և ֆենոմեն, համազգային նպատակների շուրջ ապագայի կառուցման համաժողովրդական ներառական շարժման ստեղծումն է։ Նույնը, սակայն, պետական ամենաբարձր մակարդակում, քննարկվել և որոշվել էր մեկնարկել դեռևս մինչև պատերազմը՝ 2019-2020 թվականներին։ 

Մեծ հաշվով, այն, ինչի մեկնարկն ազդարարում է հիմա «Ապագա Հայկականը», գրեթե 2 տարի առաջ նույն դահլիճում աշակերտների առաջ ազդարարում էր երկրի վարչապետը։ Ազգային արժեքների հիման վրա համազգային նշանակության (մեգա)նպատակների ու թիրախների սահմանումը, անցյալից եկած ու ներկայով պայմանավորված խնդիրների փաստահենք վերհանումն ու ախտորոշումը, համատեղ ջանքերով լավագույն լուծումների մշակումն ու գործարկումը, մասնագիտական շրջանակների և հայ ժողովրդի լայն մասնակցության կարևորումն ու ապահովումը՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարության» և «Ապագա Հայկականը» նախաձեռնության ընդհանրություններից ընդամենը մի քանիսն են։ 

Ամենամեծ տարբերությունը, սակայն, և այն, ինչի մասին հասկանալի պատճառներով չեն խոսում կամ խուսափում են խոսել «Ապագա Հայկականի» համահիմնադիրները (մինչև լսարանից չհնչի կանխատեսելի հարցը), պետական իշխանությունների առաջնորդության դերի կարևորությունն է։ Այդ կարևորությունը գիտակցվում էր վարչապետի կողմից 2019 թվականի մայիսին (երկու տարվա իմ պաշտոնական առաքելությունն ու աշխատանքը դրա ուղիղ հետևանքն էր)։ 2020 թվականի սեպտեմբերի 21-ին, մեծ ուշացումով, վարչապետը նաև ազդարարեց այդ դերի մասին։

Ընդ որում, «Ապագա Հայկականի» համահիմնադիրները դեռևս 2019 թվականին տեղեկացված են եղել (ինչպես վարչապետի, այնպես էլ իմ կողմից) պետական հովանու տակ և պետության առաջնորդությամբ ռազմավարական օրակարգի ձևավորման հրամայականի և նպատակադրման մասին, ստացել ջանքերը համատեղելու, մշտական կապ պահելու և համագործակցելու առաջարկ։ Ըստ էության, երկու տարի անց փորձ է կատարվում պետական նշանակության գործը վերամեկնարկել մասնավոր ջանքերով, առանց ամենակարևոր կոմպոնենտի՝ պետական իշխանությունների առաջնորդության։

Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակման և իրագործման մոտեցումների մասին այս իրազեկող տեսանյութը, նաև արևմտահայերենով, պատրաստ էր դեռևս 2020 թվականի մայիսին։

Մի քանի անգամ հետաձգելուց հետո, ճակատագրի հեգնանքով, այն ի գիտություն աշխարհասփյուռ հայության պիտի դուրս գար հանրային եթեր 2021 թվականի սեպտեմբերին 27-ին (ինչը նաև խոսում է ԱԱԾ անմխիթար վիճակի մասին)։ Մոտեցումների հիմքում ապագային միտված համազգային հավակնոտ թիրախներն են, որոնցից, համազգային կոնսենսուսի արդյունքում, պիտի բխեն ինչպես հասարակական, այնպես էլ պետական ծրագրերն ու կառավարության ռազմավարությունները։ Համազգային կոնսենսուսն ու ներգրավվածությունը նախատեսվում էր ապահովել «քաղաքացիական ասամբլեա» կոչվող կառուցակարգից շատ ավելի ներառական և առաջադեմ՝ 21-րդ դարի տեխնոլոգիական հրամայականից բխող ժամանակակից լուծումներով։ 

«Ապագա Հայկականը» պետական իշխանությունների առաջնորդության «իմպոտենտության» մանիֆեստ է: «Իմպոտենտության», որը չի կարող բուժվել կամ փոխարինվել մասնավոր կամ հասարակական առաջնորդությամբ։ 

Այո՛, պետական իշխանությունները 2018 մայիսից ի վեր հիմնականում զբաղված են եղել այօրեական հրատապ խնդիրների լուծմամբ, գործառնական բնույթի «հրշիջման» աշխատանքներով և այլ պետությունների ռազմավարությունների իրականացումից բխող հետևանքներին դիմակայելով, այլ ոչ թե սեփական երկրի և ազգի ապագայի կառուցման համակարգային գործով։ Այո՛, դրա մասին բազմիցս խոստովանել են ինչպես վարչապետը, այնպես էլ նախարարները, սակայն այդ տեղապտույտից դուրս գալու բավարար կամք և ջանք չեն գործադրել՝ ի հեճուկս ստացված բազմաթիվ առաջարկների։

Այո՛, «քարից էլ ամուր կամքը» այդպես էլ մնաց Քաղաքացու երգի տող։ Բայց դա չի նշանակում, որ պետք է այս իրավիճակի հետ համակերպվել և, օրինակ, պատվիրակել Հայաստանի ապագայի կառուցման գործը Հայաստանի ամենօրյա հոգսերով չապրող Սփյուռքին, որն ապագայով զբաղվելու ավելի շատ ժամանակ կամ հմտություն ունի (ինչպես առաջարկում է հարգարժան պարոն Աֆեյանը)։ Առանց Հայաստանի պետական իշխանությունների ակտիվ և աներկբա առաջնորդության, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնական ապագայի կառուցումը ուղղակի ինքնախաբեություն է։

——————

Ծանուցում. ՀՀ քաղաքական առաջնորդությունը մինչ օրս չի գործարկել Հայաստանի վերափոխման ռազմավարությունը, որը նախատեսում էր հասցեագրել վերը նշված գործնական հրամայականները, ըստ էության, թողնելով այն սին կարգախոսների և կառավարության ծրագրերի նախաբաններում նշվող ձևական հղման մակարդակի վրա։

Լեւոն ՄԱԶՄԱՆՅԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռազմավարության գծով նախկին խորհրդական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031