«Սիմֆոնիկ Երևան» (Symphonic Yerevan) միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ ունեցավ Խաչատրյանի անվան եռյակը՝ Կարեն Շահգալդյան (ջութակ), Ալեքսանդր Ռամ (թավջութակ), Արմինե Գրիգորյան (դաշնամուր)։
Ելույթից առաջ համերգային ծրագրի և այլ թեմաների մասին զրուցել ենք դաշնակահար, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Արմինե Գրիգորյանի հետ։
-Տիկին Գրիգորյան, երեկոյի ընթացքում ներկայացնելու եք դասական և ժամանակակից հեղինակների երկերը՝ Անտոնին Դվորժակի և Ալեքսեյ Շորի դաշնամուրային տրիոները։ Հետաքրքիր են Ձեր զգացողությունները, երբ կատարում եք դասական և ժամանակակից հեղինակների գործերը։
-Իհարկե, երկու դեպքում էլ շատ մեծ պատասխանատվություն ես զգում։ Երբ բազմիցս կատարված ստեղծագործություն ես ներկայացնում, պետք է փորձես թարմ ու նոր մոտեցում ցուցաբերել, իսկ երբ կատարում ես նոր ստեղծված գործ, պատասխանատվություն ես կրում, որովհետև քո մեկնաբանությունից է կախված, թե այն ինչպես կընկալվի ունկնդրի կողմից, և արդյոք կյանքը հարատև կլինի այդ ստեղծագործության համար ու կհնչի այլ կատարողների կողմից։
Կարդացեք նաև
-Ի դեպ, համերգին ներկա է լինելու նաև հեղինակը՝ Ալեքսեյ Շորը, ինչը հավանաբար է՛լ ավելի է մեծացնում պատասխանատվությունը։
-Իհարկե, հաճելի է, երբ հնարավորություն ունես շփվելու և մտքերով կիսվելու հենց հեղինակի հետ։ Բնականաբար, այս դեպքում ավելի հասկանալի են լինում ներդրված զգացմունքները, գաղափարները և այն մտահղացումները, որ հեղինակը ստեղծագործությունը գրելիս իր մեջ կրել է։ Առաջին անգամ չէ, որ Ալեքսեյ Շորի ստեղծագործությունը ներկայացվում է նրա ներկայությամբ։ Կատարել ենք նաև նրա յոթ պիեսները՝ գրված դաշնամուրային տրիոյի համար, նույնիսկ ձայնագրել ենք։ Այսինքն՝ քաջատեղյակ ենք նրա ցանկություններին և ստեղծագործությունների ոճին։
-Հետաքրքիր է՝ Շորն աշխատո՞ւմ է կատարողների հետ փորձերի ժամանակ։
-«Սիմֆոնիկ Երևան» փառատոնի փորձերից մեկին հնարավորություն եղավ նրա հետ աշխատելու։ Իհարկե, մենք պատրաստ էինք ներկայացնելու նրա ստեղծագործության մեկնաբանությունը, և հետաքրքիր էր լսել հեղինակի կարծիքը։
-Խաչատրյանի անվան եռյակը հաճախ է համագործակցում «Սիմֆոնիկ Երևան» փառատոնի կազմակերպիչներից Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի հետ։ Ձեր կարծիքը մշակութային ոլորտում այս հիմնադրամի դերի մասին։
-Ես շատ արժևորում եմ այս հիմնադրամի աշխատանքը։ Թե՛ Հայաստանում, թե՛ տարբեր երկրներում երաժիշտներին հնարավորություն է տրվում տարբեր բեմերից հնչեցնելու տարբեր ստեղծագործություններ։ Ինձ համար շատ կարևոր է, որ մենք կարողանում ենք կատարել հայազգի մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նաև հրաշալի հնարավորություն է փառատոների միջոցով ներկայացնելու տարբեր երկրների ու կատարողական դպրոցների ներկայացուցիչներին մեկ տեղում։ Այս անգամ, օրինակ, «Սիմֆոնիկ Երևան» փառատոնն ընդգրկում է սիմֆոնիկ և կամերային համերգներ. հայաստանյան ունկնդրին հրաշալի հնարավորություն է տրվում ընտրություն կատարել և ըստ նախասիրությունների հաճախել-վայելել բազմաժանր ու բազմազան ծրագրեր։ Այնպես որ՝ շատ կարևոր է այս հիմնադրամի ակտիվ գործունեությունը, որը մեծ արդյունքներ է արձանագրում։
Արփի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ