Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպումից հետո Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիանի հատվածում բողոքի ցույց անող բեռնատար ավտոմեքենաների վարորդները դադարեցրել են բողոքը։
Հիշեցնենք, որ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշումը՝ տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, նաեւ մեծ եզրաչափերի առավելագույն չափերի փոփոխության մասին, դժգոհություններ է առաջացրել վարորդների մոտ։
Վարորդները պահանջում են փոխել թույլատրելի առավելագույն քաշը՝ 26 տոննայից հասցնելով 28-ի։ Նրանց օգոստոսի 16-ին հանդիպել էր աշխատանքային այցով Սյունիքում գտնվող տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որը խոստացավ առաջիկայում հարցը պատկան մարմինների հետ քննարկել։ Սակայն դրանից հետո բեռնատարների վարորդները ավտոմեքենաները կայանել էին ճանապարհի վրա՝ դժվարանցանելի դարձնելով մարդատար ավտոմեքենաների երթեւեկն ու առաջացնելով խցանում։
Կարդացեք նաև
Օգոստոս ամսվա նախավերջին շաբաթ օրը նշվում էր Կապան քաղաքի օրը, որին նվիրված միջոցառումներին մասնակցում էր նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Ստեղծված իրավիճակից ելնելով՝ նա ընդհատեց մասնակցությունն ու մեկնեց Սիսիան՝ հանդիպելու վարորդներին։
Aravot.am-ի տեղեկություններով, ողջ գիշեր Սյունիքի մարզպետը եղել է Սիսիանում։ Այս պահին ճանապարհով անարգել երթեւեկում են թե՛ բեռնատար, թե՛ մարդատար ավտոմեքենաները։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ ճշտելու, թե արդյո՞ք ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Կփորձենք մանրամասները ներկայացնել առաջիկայում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ