Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապանը չսիրելն անհնար է»․ Գեւորգ  Փարսյան (ֆոտոշարք, տեսանյութ)

Օգոստոս 21,2022 01:09

Սյունիքի մարզկենտրոն Կապանում օգոստոսի 20-ի վաղ առավոտից աշխույժ եռուզեռ է։ Կրոսավազք ու հեծանվավազք, տարբեր թաղամասերում հնչող ազգային պարեղանակներ․ Հայաստանի հարավային մայրաքաղաքը նշում է իր տոնը։

Կապանը շրջանային քաղաքի կարգավիճակ է ստացել 1938 թ․-ին ու հաշվարկով քաղաքը պիտի 84 տարեկան լինի։ Սակայն Ստեփանոս Օրբելյանն իր աշխատությունում Կապանը որպես բնակավայր  հիշատակում է 5-րդ դարում։ Կապանը հնում ունեցել է սահմանները տեղանշող յոթ բերդեր ու կոչվել է Յոթնաբերդ։

Հետագայում կոչվել է Կապան։ Կան պնդումներ, որ Կապանը հնդեվրոպական բառ է ու նշանակում է կիրճ կամ լեռնանցք։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ «կապ» նշանակում է «փակ». քաղաքը, իրոք, պարփակված է լեռնաշղթաներով։ 15-րդ դարի սկզբում Կապանն ավերվել է, անունը, թուրքական աղավաղմամբ, արտասանվել Ղափան, իսկ Հայաստանի անկախացումից հետո նորից դարձել է Կապան։

Մինչ հանդիսությունների սկիզբը ծաղկադրման արարողակարգ․ պաշտոնակատար անձինք, ուժային ու իրավապահ կառույցների ներկայացուցիչները, զինվորականներ, հոգեւոր դասը, Ազգային ժողովի պատգամավորները, տեղացիներն ու հրավիրվածները հարգանքի տուրք են մատուցում արցախյան բոլոր պատերազմում զոհվածների հիշատակին՝ ծաղիկների խոնարհում, հետո ծաղկադրում Դավիթ Բեկի արձանին։

Կապանի մշակույթի կենտրոն հյուրերը մեծ դահլիճ են մտնում հանդիսավոր՝ անցնելով կարմիր գորգով։ Հնչում է Հայաստանի հիմնը, որից հետո միասնական աղոթք՝ Սյունյաց թեմի տեղապահ Հոգեշնորհ տեր Մակար վարդապետը փոխանցում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորանքը։

Տեր Մակարը Աստվածաշնչից բացի, ամեն օր Ստեփանոս Օրբելյանի աշխատությունն է կարդում։ «Երբ կարդում ենք մեր հայրերին, մասնավորապես Ստեփանոս Օրբելյանին, այնտեղ Կովսականը, Բերձորը Կապանի մի մասն էր համարվում, ինչպես նաեւ Սոթքը՝ ամբողջությամբ։ Երբեք Արցախն ու Սյունիքը իրարից տարանջատված չեն եղել, եղել են նույն ժողովուրդը, նույն հավատքի կրողը։ Ես որպես այս հինավուրց թեմի առաջնորդ, որ ժառանգորդն եմ սյունյաց սրբերի՝ օրհնում եմ իմ զավակներին այս տոնի առթիվ, ու թող Աստված մեծ զորություն ու իմաստնություն տա, որ կարողանանք հավատքով, մեկը մյուսին հարգելով՝ հզորանանք ու տերը լինենք մեր երկրին։  Ա՛յն երկրին, որ ժառանգել ենք Նոյ նահապետից, ա՛յն երկրին, որտեղ Միածին որդին է իջել, ա՛յն երկրին, որտեղ մեր սուրբերն ու հայրերն ապրել են դարերով», -իր խոսքում նշեց հոգեւոր հայրը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը  նախ փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքները՝ մասնավորապես նշելով, որ վարչապետը ցանկություն ուներ մասնակցելու, բայց Վրաստանում է։ Սյունիքի մարզպետը կարեւորում է միասնական լինելու գաղափարը։

«Պատմությունն իր ողջ ընթացքում մեզ ապացուցել է, որ Սյունիքն անպարտելի է, երբ միասնական է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կապանցիներին, որովհետեւ մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում եմ այստեղ, եւ  հենց կապանցիներն էին թելադրում մեզ՝ ինչպես պահենք մեզ, ինչպես վարվենք, ինչպես անենք այն, ինչ ցանկանում է սյունեցին, կապանցին։ Իսկ սյունեցին ցանկանում է մի բան՝ միասնական լինենք, որ դիմակայենք մարտահրավերներին։ Սյունիքը եղել է, կա ու կմնա անկոտրում»,-նշում է Ռոբերտ Ղուկասյանը։

Կապանի տոնը այս տարի հատուկ խորհրդանշանական իմաստ է ստացել, տարին նվիրված է Վահանավանքի 1111  ու Դավիթ Բեկի գլխավորությամբ Սյունիքի ազգային-ազատագրական պայքարի 300 ամյակներին։ Սրանք զուտ հոբելյանական տարեթվեր չեն։ «1111 ամյա Վահանավանը ապացույցն է, որ այս տարածաշրջանը հայկական հնագույն քաղաքակրթության օջախ է եղել, շարունակում է մնալ այդպես ու հենց այդպես էլ Կապանը փոխանցելու ենք սերունդներին։ Այդ խորհրդով է պայմանավորված Դավիթ Բեկի ազատագրական պայքարը, որը բխում էր ոչ միայն մեր ինքնությունը պահպանելուց, այլ նաեւ պետականություն չունենալու պայմաններում՝ հայկականությունը պահելու ձգտումից։ Դեռեւս 300 տարի այս տարածաշրջանում ապրողները ցույց  են  տվել իրենց պայքարող, միասնական ու անկոտրում տեսակը, ինչին էլ ապավինել են առաջնորդները»,-մասնավորապես ասում է Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։

Խաղաղության գինը կապանցին լավ գիտի։ Համայնքապետի խոսքով՝ Կապանը Հայաստանի այն քաղաքներից է, որ զգացել է արցախյան բոլոր պատերազմների հետեւանքները։ Թերեւս այս պատճառով Կապանի տոնը այս անգամ նշվում «Ապրի՛ր խաղաղ, սյունյաց ոստան» կարգախոսի ներքո։ «Կապանը որքան խրոխտ ու անկոտրում լինի, այն նուրբ ու զգայուն է։ Կապանը չսիրելն անհնար է»,- խոսքն է եզրափակում  Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։

Օրը նաեւ յուրահատուկ ամփոփման ու մեծարման  համար է․ պատվոգրեր՝ արժանիներին, «Կապան» հուշամեդալ պատմաբան, Կապանի երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Գրիշա Սմբատյանին։

Օրը հագեցած էր․ բացվեց  կապանցի Պողոս Տեր-Դավթյանի կիսանդրին, համերգային ելույթներ, շախմատի, նարդու եւ շաշկու մրցաշարեր, բազկամարտ, պարանի ձգում, կշռաքարի բարձրացում, ցուցահանդես-տոնավաճառ, տարբեր ցուցադրություններ, ինքնագլորներով մրցավազք, գալա համերգ՝ «Գաթա» բենդի եւ Արամ MP3-ի մասնակցությամբ,  դիսկոտեկ։

Իսկ օրվա հայտնությունը թերեւս Կապանի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումն էր։ Մտահղացման հեղինակը մշակույթի կենտրոնի տնօրեն Աստղիկ Գրիգորյանն է։

Կապանի մասին վերջին տարիներին շատ երգեր են ստեղծվել։ Սակայն տարիներ շարունակ կապանցի երգահան Գառնիկ Խաչատրյանի հեղինակած «Իմ Կապան» երգը  հնչել է ու դեռ կշարունակի հնչել։ Կապանի մշակույթի կենտրոնի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը ՝ սյունյաց մայրաքաղաքի ծննդյան օրը մեկ անգամ եւս յուրովի ներկայացրեց  այդ երգը։ Երգի կատարումը՝ այստեղ։

Շնորհավոր տոնդ, իմ քաղաք․․․․

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031