Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական (մինչեւ 20 տարեկաններ) հավաքականի անդամ, 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը Բուլղարիայի մայրաքաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը:
Իրանը ներկայացնող Աբուլֆազի Ալի Չուբանի հետ վճռորոշ գոտեմարտն ամբողջ վեց րոպե ընթացել է հավասար պայքարում ու լուսատախտակի վրա վառված է եղել 1:1 հաշիվը: Սակայն գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ գորգի մրցավարը իրանցուն մեկ միավոր է շնորհել՝ իբրեւ թե մեր ըմբիշը ոտքը մրցագորգի գործողության սահմանից դուրս է դրել: Սակայն մեր հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը, որն այլեւս գլխավորելու է ազգային հավաքականը, կանոնների խախտում տեսել էր մրցակցի կողմից եւ տեղում անմիջապես բողոքարկել է այդ որոշումը: Պրոֆեսիոնալ իմացությունների եւ համառության շնորհիվ մեր մարզիչը հասել է այն բանին, որ այդ դրվագի տեսագրությունը տեղում վերանայվի, ինչից հետո փոխվել է որոշումը եւ հաղթանակն արդարացիորեն շնորհվել հայ ըմբիշին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ