Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրահավաքի ժամն ու վայրը մնում է ուժի մեջ… Ո՛չ մի Փաշինյան, ո՛չ էլ նրա դասարանցիները, չավարտած կուրսեցիները չեն կարող ժողովրդի իրավունքների դեմ կանգնել». Էդգար Ղազարյան

Օգոստոս 20,2022 22:41

Այսօր Վարչական դատարանում Էդգար Ղազարյանի հայցադիմումով դատական նիստն էր, որով բողոքարկել էին Երեւանի քաղաքապետարանի որոշումը՝ կապված օգոստոսի 23-ին հայտարարված հանրահավաքն արգելելու հետ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին՝ «Հայաստանի Անկախության Հռչակագրի» ընդունման օրը, Հանրապետության հրապարակում Էդգար Ղազարյանը հրավիրել է հանրահավաք եւ մտադիր է այդ օրը տալ նոր «Անկախության շարժման» մեկնարկը:

Նույն օրը կեսօրին նրա նախաձեռնությամբ 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորների մասնակցությամբ հրավիրվելու է նաեւ խորհրդանշական նիստ, որտեղ Հայաստանի անկախության ընդունման հայրերը պետք է վերահաստատեն իրենց ընդունած պատմական որոշումը: Խորհրդանշական նիստն անցկացնելու նպատակով Էդգար Ղազարյանը պաշտոնական գրություն է հանձնել վարչապետի աշխատակազմին՝ Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող դահլիճը, որտեղ 1990 թվականին ընդունվել է Անկախության Հռչակագիրը, տրամադրելու համար: Նաեւ հանրահավաքը Հանրապետության հրապարակում կազմակերպելու մասին ծանուցել է Երեւանի քաղաքապետարանին եւ ոստիկանությանը՝ ի գիտություն ընդունելու:

Ոստիկանությունը տեղեկանք է տվել, թե նպատակահարմար չի գտնում, որ Հանրապետության հրապարակում անցկացվի հանրահավաք այն բացատրությամբ, թե Հանրապետության հրապարակում է գտնվում կառավարության շենքը: Իսկ օրենքն ասում է, որ հանրահավաքները պետք է կազմակերպվեն այնպես, որ կառավարական շենքերը՝ նախագահի նստավայրը, Ազգային ժողովը, դատարանները եւ այլն, չարգելափակվեն, բնականոն ելումուտը չխաթարվի:

Նիստի ժամանակ Էդգար Ղազարյանն ասաց, որ համայնքի ղեկավարը պետք է յուրաքանչյուր դեպքի հետ կապված ինքնուրույն կայացնի որոշում, կամ լիազորի որեւէ մեկին. «Եթե հիմա պարզվում է, որ քաղաքապետը թույլ չի տալիս Երեւանի բնակիչներին հավաք անցկացնել, դա նշանակում է, որ ինքն իրեն քաղաքականապես խոցելի է դարձնում: Այս դեպքում մեր դիմումի հետ կապված համայնքի ղեկավարը որեւէ մեկին լիազորագիր չի տվել»:

Էդգար Ղազարյանը նշեց, որ դատաքննության ընթացքում ինքն իր համար արձանագրեց, որ կա անհամապատասխանություն հանրային լսումներում ներկայացվածի եւ դրանց փաստացի արձանագրման միջեւ. «Պատասխանողի խոսքից ակնհայտ դարձավ, որ մեր դիմումի մասով կիրառվել է խտրական մոտեցում: Այսինքն, ցուցաբերվել է հատուկ որոշում, ակնհայտ է, դա ու պատիվ չի բերում որոշում ընդունողին»: Էդգար Ղազարյանը նկատեց, որ կառավարությունը պայմանավորվածություն ունի նախագահականի հետ ու վարչապետի աշխատակազմի մի շարք արարողություններ կազմակերպվում են Բաղրամյան 26 հասցեում»:

Դատաքննությունն ավարտվեց, դատարանը որոշումը կհրապարակի օգոստոսի 22-ին, ժամը 16-ին:

Նիստից հետո Էդգար Ղազարյանը հայտարարեց. «Այս իշխանությունները, իրենց հարցումներով պարզելով մարդկանց իրական տրամադրությունները, վստահ լինելով մեր նախաձեռնության ազնիվ, հայրենանվեր նպատակների հետ, գաղափարախոսական, իրավական հիմքերի հետ, հասկացել են, որ սպասվում է շատ մասշտաբային եւ վստահ եմ նաեւ մեր հանրային կյանքում էական փոփոխություններ առաջ բերող մի գործընթաց եւ միգուցե հենց մի օր, ամեն ինչը գուցե ավարտվի մեկ օրում ու փորձում են բոլոր հնարավոր ձեւերով մեզ համար ստեղծել խնդիրներ: Հանրահավաքի ժամն ու վայրը մնում է ուժի մեջ, իսկ իրենց առաջարկած վայրը Հանրապետության հրապարակից գտնվում է մի քանի մետր հեռավորության վրա, հետեւաբար ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, իրավական լուծումն էլ կգտնենք: Մենք մեր պլանավորած ձեւով մեր հանրահավաքը օրինական ձեւով օրինական վայրում անպայման անցկացնելու ենք՝ մեր ազնիվ նպատակները կյանքի կոչելու համար ու ոչ մի Նիկոլ Փաշինյան, ոչ էլ նրա դասարանցիները, չավարտած կուրսեցիները, ոչ էլ իր ՔՊ-ական ընկերները չեն կարող ժողովրդի անսասան  իրավունքների դեմ կանգնել: Իրենք մեր ծառայողներն են ու պիտի գիտակցեն՝ ստեղծված են մեզ ծառայելու, ոչ թե մեր սահմանադրական իրավունքները, լուսավոր տոնը՝ Անկախության հռչակագիրը խախտելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031