Երեկ լրագրող, քաղաքական վերլուծաբան Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քրեական գործ է հարուցվել «Նիկոլ Փաշինյանի մտերիմներից մեկի՝ Արցախը հայհոյող Ռուստամ Ավագյանի դեմ»։
«Հիշում եք, որ ՀՀ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, ոմն Ռուստամ Ավագյանը ամենակեղտոտ բառերով հայհոյում էր Արցախի բնակիչներին և Արցախն ընդհանրապես։ ՀՀ քրեական օրենսգրքով դա պատժելի արարք է և նախատեսում է մինչև 6 տարվա ազատազրկում»,- գրել էր Նաիրի Հոխիկյանը՝ հավելելով, որ 2022թ. մայիսի 17-ին ինքն այդ հանցանքի մասին տեսանյութ էր հրապարակել և միաժամանակ ԱԱԾ հաղորդում ներկայացրել հանցագործության մասին՝ ազգային արժանապատվությունը վիրավորելու և ատելության, բռնության քարոզչության համար։
Հընթացս պարզվել էր, որ այդ անձը դեռևս 2020թ. նույնպիսի հանցանք է գործել՝ կրկին հայհոյանք ու ատելություն տարածելով արցախցիների նկատմամբ, ինչի համար հարուցվել է քրեական գործ. գործն այժմ, ըստ Նաիրի Հոխիկյանի, գտնվում է դատաքննության փուլում:
Ի դեպ, Ռուստամ Ավագյան անունով անձի համար խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Կարդացեք նաև
Այստեղ հիշեցնենք, որ երջանկահիշատակ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ով շուրջ 1.5 ամիս առաջ հանկարծամահ եղավ դատական նիստերի դահլիճում, նույն այդ հոդվածով, որը նախկինում ուներ ՀՀ Քրեական օրենսգրքի 226-ի 2-րդ մաս թվագրումը, իր տված հարցազրույցից հետո՝ շուրջ մեկ տարի անց, նախ ԱԱԾ քննիչների մասնակցությամբ ի ցույց բոլորի՝ բեմադրված «մասկի շոու»-ով ձերբակալվեց, ապա կալանավորվեց քաղաքական գործերով կալանքի դակիչ համարվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կողմից: Վերաքննիչ քրեական դատարանում էլ Արմեն Գրիգորյանին շարունակեց անազատության մեջ պահել դատավոր Լուսինե Հովհաննիսյանը:
168.am-ը ԱԱԾ-ին հարցրեց՝ ի՞նչ հոդվածով է հարուցված Ռուստամ Ավագյանի վերաբերյալ քրեական վարույթը, և արդյո՞ք ԱԱԾ-ն վերջինիս կալանավորելու միջնորդություն կներկայացնի դատարան: ԱԱԾ-ից մեզ պատասխանեցին՝ «նախնական քննության տվյալները հրապարակման ենթակա չեն»:
Մենք անպայման հետևողական կլինենք այս հարցում, և հուսանք, որ ԱԱԾ-ն նույնքան սկզբունքային կլինի Ռուստամ Ավագյանին կալանավորելու ու ձերբակալության ընթացքը համապատասխան դիտարժան՝ «մասկի շոու» տեսանյութով ներկայացնելու հարցում, որքան եղավ Արմեն Գրիգորյանի դեպքում: Եվ այն պարտադիր կերպով, ինչպես Արմեն Գրիգորյանի դեպքում, կցուցադրվի համապետական սփռում ունեցող, մեր բոլորիս հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերության (Հ1) եթերում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում