Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը շեղվե՞լ է իր Անկախության հռչակագրից. «Առերեսում»

Օգոստոս 20,2022 22:00

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Այն Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է, որում հաստատագրված են հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները։ Անկախության հռչակագրի ընդունումից 32 տարի անց շատերն են արձանագրում, որ չեն իրականացել հետապնդվող այդ նպատակներն ու իղձերը։

Ասենք, հռչակագրում ամրագրված է. «Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն»: Արդյոք այդպե՞ս է՝ հարցին ի պատասխան «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը մասնավորապես ասաց. «Իսկապես մենք ենք վարում արտաքին քաղաքականությունը, մենք ենք պատասխանատու այդ քաղաքականության համար, եւ որեւէ մեկը մեզ չի թելադրում այն: Ինչ որ մեկը մեզ կարող է ասել, թե այդ քաղաքականության դեպքում կարող եք ունենալ այս կամ այն պրոբլեմը, բայց որոշում ընդունողը մենք ենք»: Մի օրինակով որոշակիացրեց, թե ինչ նշանակություն են ունենում ընդունված որոշումները. «Հիմա Հայաստանում շատ տարածված է այն առասպելը, թե այն, ինչ տեղի ունեցավ 2020-ին՝ մեր թիկունքում արված ինչ որ գործարքի, դավադրության հետեւանք էր… Հայաստանում չեն ուզում ընդունել, որ ՀՀ իշխանությունների 2018-ից կայացրած որոշումները մեծագույն նշանակություն ունեին բանակցությունների ձախողման եւ պատերազմի էսկալացիայի համար: Նրանց կայացրած որոշումները եւ որդեգրած քաղաքականությունը հանգեցրին պատերազմի»: Հավելեց. «Մեզ շատ պարզորոշ հաճախ ասել են, թե այդ որոշումներն ինչ հետեւանքներ կարող են ունենալ ու խնդիրն այն է, որ մենք դա լուրջ չենք ընդունել կամ ինչ-ինչ ներքին քաղաքական շահերի դրդմամբ կայացրել ենք վտանգավոր որոշումներ: Բայց ի վերջո՝ հենց մենք են կայացրել որոշումները: Մենք ինքնիշխան երկիր ենք»:

Անկախության հռչակագրի մեկ այլ դրույթն է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»: «Առերեսում» հաղորդաշարի մյուս հյուրը՝ ՀՀ փոխվարչապետի նախկին մամուլի քարտուղար, վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանն այս դրույթի առնչությամբ մասնավորապես խոսեց մի յուրօրինակ «աճպարարության» մասին՝ երկրի ներսում հռչակվող գերագույն նպատակների եւ միջազգային ասպարեզում պահանջատիրությունից հրաժարումի մասին. «Ներքին սպառման շրջանակներում մենք անընդհատ խոսում էինք՝ մեր հողերը, մեր պատմական հայրենիքը… ինչը սուտ չէ, բայց դրանով տրամադրություններ էինք գեներացնում… Բայց ամեն անգամ նման հայտարարություններից հետո ՀՀ իշխանությունները հարկ էին համարում միջազգային լսարանի առաջ հատուկ շեշտել, որ իրենք Թուրքիայից ոչ մի տարածքային ու փոխհատուցման պահանջ չունեն»:

Որոշ վերլուծաբաններ նշում են, թե ՀՀ ներկա իշխանությունը, չգործելով Անկախության հռչակագրի պարտադրած օրենքների շրջանակում, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, այսօր որևէ անվտանգային խնդիր չեն փորձում վերցնել իրենց վրա: Բացի այդ, ունենք Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշումը. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում», մինչդեռ ամեն ինչ կարծես գնում է հենց այդ ուղղությամբ՝ այս դիտարկմանը Նժդեհ Հովսեփյանը չհամաձայնեց. «Չեմ կարծում, վստահ չեմ, որ այդ ուղղությամբ է գնում: Բայց դա խնդրի մեկ այլ կողմն է; Խնդիրը եթե դիտարկենք, թե արդյոք Հայաստանը շեղվո՞ւմ է անկախության նպատակներից, հռչակագրից ու իր ժառանգությունից՝ ես չեմ կարծում, որ այդպիսի հարց կա ներկայումս: Այլ հարց է, թե մենք ինչ պետություն ենք ուզում կառուցել եւ ինչպես ենք տեսնում այդ անկախության իրական ձեւակերպումը՝ ֆորմալից դուրս: Այս տրամաբանության մեջ՝ Անկախության հռչակագրում արձանագրված իրողություններն ու պայմանները դժբախտաբար փոխվել են ներկայումս: Այս թվում նաեւ՝ Գերագույն խորհրդի հիշատակված փաստաթուղթը. նոյեմբերի 9-ին ոչ մի կերպ, դժբախտաբար, հնարավոր չէր Արցախի մասնակցությունը ընդունված հայտարարությանը»: Նա նաեւ խնդրահարույց դիտեց. «Արդյոք Հայաստանը անվտանգության առումով ի վիճակի՞ է Արցախի երաշխավորը լինել այս պահին»:

Արման Գրիգորյանն ամփոփեց. «Հաճախ սովորություն ունենք ֆետիշացնել փաստաթղթերը՝ պայմանագրերը, հռչակագրերը, սահմանադրությունները եւ այլն: Դրանք իրենց ժամանակին առկա քաղաքական իրողությունների արձանագրում են: Իհարկե, դրանց ընդունումը հետագայում այդ դրույթների, սկզբունքների խախտելու գինը բարձրացնում եւ դժվարացնում է, եւ այդ առումով դրանք անկարեւոր չեն: Բայց չի կարելի մոռանալ, որ կյանքը փոխվում է, եւ իրադրության փոփոխությունները շատ հաճախ հանգեցնում են այս կամ այն փաստաթղթի դրույթի անախրոնիզացիային: Դրանք դառնում են ժամանակավրեպ ու կարիք են ունենում խմբագրման»: Հստակեցրեց, թե խոսքը մասնավորապես հենց ԳԽ վերոհիշյալ որոշման մասին է. «Այն ինչ որ տեսակետի կամ ցանկության արտահայտություն էր, որը ժամանակին ամրապնդված էր իրական կարողությամբ: Եթե դու չունես այդ կարողությունը՝ հազար նման դրույթ էլ ունենաս՝ նշանակություն չի ունենալու»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031