Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Ուժը հայրենյաց» կուսակցության գլխավոր համագումարն էր: Փակ գաղտնի քվեարկությամբ վարչության անդամներ են ընտրվել Տիգրան Արզաքանցյանը, Հակոբ Ջանիկյանը, Պերճ Մեսրոպյանը, Գագիկ Արզաքանցյանը եւ այլք: Այնուհետեւ քվեարկությամբ ընտրվեց վերահսկիչ մարմինը, որը կարող է ֆինանսական եւ այլ հարցերի հետ կապված ստուգումներ իրականացնել: Կուսակցության անդամները անհարգելի 3 բացակա ունենալու դեպքում հեռացվելու են կուսակցության վարչության անդամի պաշտոնից:
Կուսակցության վարչության նախագահ միաձայն ընտրվեց Տիգրան Արզաքանցյանը: Պերճ Մեսրոպյանը հայտարարեց, որ այս կուսակցությունը ստեղծելով՝ համերաշխության կոչ են անում հայ ժողովրդին. «Այլեւս Հայաստանում պիտի չլինեն սեւեր ու սպիտակներ, ներքին ատելության որեւէ դրսեւորում: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ուղղակի պատասխան տա օրենքի եւ իրավական դաշտում»: Նա խոստացավ Հայաստանի խնդիրները գումարել իրենց անձնական հոգսերին ու առաջնորդվել ազգային, պետական շահով:
Տիգրան Արզաքանցյանն էլ հայտարարեց. «Ուզում եմ, որ դուք վստահաբար իմանաք՝ մեր բոլոր խնդիրները լուծելի են, բոլոր դժվարությունները հաղթահարելի են համատեղ ուժերով: Ուղին, որ առաջարկում եմ ձեզ, հարթ չէ, հեշտ չէ, սակայն այդ ուղին մեզ տանելու է ավելի լավ ապագա, ավելի ապահով ապագա: Ես ձեզ կոչ եմ անում ընտրել այդ ապագան, կոչ եմ անում համախմբվել մեր երկրի համար կարեւորագույն խնդիրների լուծման գործում, խնդիրներ, որոնց համատեղ լուծումը ոտքի կհանի մեր տնտեսությունը, մեր զավակներին կտա պիտանի կրթություն, կամրացնի մեր երկրի սահմանները ու մեր ժողովրդին լիակատար խաղաղություն կապահովի, մեր տնտեսությունը կդարձնի ներդրումների համար գրավիչ եւ Աստծո ամեն օր մարդկանց համար նոր հեռանկար ու աշխատատեղեր կստեղծվի: Մենք կարող ենք հասնել այդ ամենին գալիք 5 տարվա ընթացքում: Ցանկանում ենք հայրենիքը հասցնել բարձրագույն հանգրվան: Մենք չունենք հող թշնամուն տալու, մենք ունենք հողեր հետ բերելու, գրավելու, իսկ դա ժամանակի հարց է: Մեր երկիրը պետք է կառավարի հայրենասեր ու հայրենանվեր իշխանությունը, ում համար հայրենիքը սկսվում եւ ավարտվում է Արցախ-Հայաստան կապով: Մենք պետք է ունենանք հզոր, անպարտելի բանակ՝ հագեցած վերջին սերնդի տեխնոլոգիաներով: Բանակը պետք է լինի առաջինը ոչ միայն տարածաշրջանում, ռազմարդյունաբերության զարգացումը պետք է լինի գերակա, որին կարող ենք հասնել միայն կիրթ սերունդ դաստիարակելով: Կրթության զարգացումը մեզ համար գերակա է, պետք է անենք հնարավոր ամեն բան, որ ունենանք հզոր տնտեսություն»:
Կարդացեք նաև
Արզաքանցյանն ասաց, որ հենց այնպես չեն ստեղծել «Ուժը հայրենյացը», տեսնում են, որ հայրենիքը ուժի կարիք ունի. «Շատերը գալիս են, խոսում են, խոստումներ են տալիս, բայց ոչ մի բան չեն կատարում: Եթե կատարեին, այս 30 տարվա ընթացքում մենք այս օրը չէինք ընկնի: Հաղթանակից հետո պիտի կարողանաս ամենակարեւորը հաղթանակը պահես, որ կարողանա սերունդը վայելի»:
Նա նշեց, որ պատերազմի դաշտում կորցրինք խիզախ, հայրենասեր տղաներ, որովհետեւ օդը չկարողացանք փակել. «Իրավունք չունենք թույլ տանք, որ այդ ձեւ վերաբերվեն մեր երկրի նկատմամբ, ով լինի իշխանության գլխին»: Նա հիշեցրեց, որ 91 կուսակցություն կա ՀՀ-ում գրանցված, բայց հարցը քանակը չէ, հարցը որակն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ