Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Ուժը հայրենյաց» կուսակցության գլխավոր համագումարն էր: Տիգրան Արզաքանցյանը ելույթ ունեցավ ու զգուշացրեց. «Այս խոսքերը իմ մեջից են դուրս գալիս: Հավատացեք, ինձ գրում են, տալիս են, ասում են՝ Արցաքանցյան, կարդա՛, ես կարդում եմ, բայց կարդացած բառերը իմ բառերը չի: Ես ասում եմ իմ բառերը, որովհետեւ ես տեսնում եմ իմ աչքերով ինչ է կատարվում»:
Նատալյա Ռոտենբերգի տեքստը հայերեն էր: Նա, ի տարբերություն Արզաքանցյանի, սկսեց կարդալ իրեն տրված հայերեն տեքստը. «Սիրելի հայրենակիցներ, նախ, կուզեի խորին շնորհակալություն հայտնել, որ ձեր բոլոր գործերը թողած՝ կարողացաք գալ, մեզ հետ լինել ու աջակցել կուսակցությանը: Այսօր մենք ապրում ենք խորհրդարանական պետությունում եւ այդ պատճառով առանց կուսակցության ոչ ոք չի կարող առաջ գնալ: Ցավոք, մինչ այս պահը գրանցված է 91 կուսակցություն Հայաստանում եւ պարզ է, որ մարդիկ չեն կողմնորոշվում, թե ում հետ գնալ ու ում հավատալ: Նորերին ավելի դժվար է լինում ստանա ժողովրդի վստահությունը: Ամենավատն այն է, երբ ապրում ես մի օրով եւ չգիտես, թե ինչ է սպասվում վաղը, ինչպես կարող ես պլանավորել օրդ ու երեխաներիդ ապագան: Մարդիկ դադարել են երազել, շատերը հանձնվել են, բայց մենք դեռ հավատում ենք եւ շարունակում ենք առաջ գնալ մինչեւ վերջ, քանի դեռ մեր մեջ ապրում է հավատքը, մենք կարող ենք ինչ-որ բան փոխել: Ինչպես ասվում է՝ եթե սկսելու ես, մինչեւ վերջ գնա, եթե սկսելու ես, հաղթիր: Ձեզնից յուրաքանչյուրն ունի ինչ-որ տաղանդ եւ յուրաքանչյուրը կարող է օգտակար լինել մեր կուսակցությանը: Մենք կփորձենք բոլորին ուշադրություն դարձնել եւ ըստ արժանվույն գնահատել ձեր փորձը: Մարդկանց պետք է գնահատել կյանքի ընթացքում, ոչ թե հետո»:
Առավել դժվար տրվեց տիկին Արզաքանցյանին արտաբերել «քաղաքապետ» բառը, երբ ելույթում ասում էր. «Ինչպես արդեն շատերը գիտեն, կուսակցությունն ինձ է առաջադրել՝ որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու»: Նա հավելեց, որ գիտի նաեւ՝ ոչ բոլորն են համաձայն այդ որոշման հետ, որ ինքը դառնա քաղաքապետ, կամ ինչ-ինչ կասկածներ ունեն. «Ես խոստանում եմ այս դերը կատարել արժանապատվորեն, պրոֆեսիոնալիզմով եւ ջանասիրությամբ: Ես ձեր օգնության կարիքը կունենամ եւ իհարկե, ինձ պետք կգան ավագանու թեկնածուներ: Ով ցանկանում է ինձ հետ մասնակցել ընտրություններին, խնդրում եմ, նախապես տեղեկացնել մեզ: Շատ աշխատանք կա անելու»:
Կարդացեք նաև
Նա հորդորեց մարդկանց իրենց գիտելիքները ներդնել ու վստահեցրեց, որ շատ շուտով կկարողանան Հայաստանում անել այն, ինչ ուրիշները չեն կարողացել անել: Իսկ ելույթը ամփոփեց այսպես. «Ցանկանում եմ, որ մեր թիմը հետզհետե ուժեղ դառնա, գեղեցիկ: Ամեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ