«Բոլորս գիտենք, որ այսօր ծանր դարաշրջանում ենք ապրում, լավ կյանքից չէ, որ այսօր ես որոշեցի նոր կուսակցություն ստեղծել, մասնակցել ներքաղաքական կյանքին», – այսօր հայտարարեց Տիգրան Արզաքանցյանը՝ «Ուժը հայրենյաց» կուսակցության գլխավոր համագումարին:
Նա հորդորեց կուսակցության գաղափարակիցներին ձեռք ձեռքի տալ, ուս ուսի ու գնալ իր մատնանշած հաղթական ճանապարհով. «Հուսով եմ, որ մենք կկարողանանք իրար հետ միասին պահպանել, հզորացնել, զարգացնել, հզոր Հայաստան կառուցենք իրար հետ միասին: Որովհետեւ մեր ազգը գաղափարով հարուստ ազգ է, պետք է արթնանանք այսօր, ոչ թե փողոցներով մենք երգենք «Զարթիր, լաո», այլ պետք է իսկապես արթնանաք, մոլորված մարդիկ, որ զոմբիացել էին, պետք է աչքերը բացեն, առողջ ձեւով մտածեն, թե ինչ է կատարվում այսօր մեր հայրենիքում: Առանց մեզ հարցնելու այսօր մեր սահմանները, մեր հողերը տալիս են թշնամուն, առանց մեզ հարցնելու որոշումներ են կայացնում: Ես պատմության մեջ չեմ հիշում մի օր, որ մի ղեկավարություն հրաման է տվել, որ քաղաքացիները լքեն իրենց ապրելատեղը, տունը, տեղը, իրենց ծննդավայրը: Անթույլատրելի է: Դիվանագիտության պակասն է, որ գալիս է, հասնում է պատերազմի»,- հայտարարեց Արզաքանցյանը՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով, որ այս խոսքերը իր «մեջից են դուրս գալիս». «Հավատացեք, ինձ գրում են, տալիս են, ասում են՝ Արզաքանցյան, կարդա՛, ես կարդում եմ, բայց կարդացած բառերը իմ բառերը չի: Ես ասում եմ իմ բառերը, որովհետեւ ես տեսնում եմ իմ աչքերով ինչ է կատարվում: Ինչ ձեւ է ապրում այսօր մեր հասարակությունը՝ պարտված հոգեբանությամբ: Ունեցել ենք մեծ զոհեր, ունենք մեզ քանակի հաշմանդամներ, անօթեւան 30 հազարից ավելի ընտանիքներ, ունենք կորցրած տարածքներ, որ մենք ազատագրել էինք: Հիմա ժամանակն է համախմբվելու, մի բռունցք դառնալու»:
Համագումարին քվեարկության դրվեց կուսակցություն ստեղծելու մասին որոշումը, հաստատվեց կուսակցության կանոնադրությունը, կուսակցության ծրագիրը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ