Երեկ գիշերվանից միջպետական M2 ավտոճանապարհն անանցանելի է: Գորիս-Սիսիան-Ստեփանակերտ ճանապարհին մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել:
Խցանումը բեռնատարների պատճառով է, սակայն դրա մեջ հայտնվել էին նաև քաղաքացիներն` իրենց մեքենաներով: Մարդիկ ստիպված էին ժամերով մնալ խցանման մեջ` փոքրիկ երեխաներով: Տուրիզմի այս բուռն սեզոնին խցանման մեջ էին հայտնվել նաև շատ զբոսաշրջիկներ: Որոշ մարդիկ էլ, չդիմանալով այդ իրավիճակին, մեքենաներից իջել` ոտքով էին առաջ շարժվում:
Ճիշտ է` երեկվանից տեղում աշխատում էին ճանապարհային ոստիկանները` փորձելով կարգավորել երթևեկությունը, սակայն խցանումն այնքան երկար էր, որ նույնիսկ այդ դեպքում մարդիկ ժամերով մնում էին տեղում: Խցանման մեջ էին հայտնվել նաև սննդի մատակարար մեքենաները, որոնք գյուղերի և մարզի քաղաքներին հաց ու առաջին անհրաժեշտության սնունդ են մատակարարում:
Կարդացեք նաև
Ավելին` հացով բեռնված մեքենաները ստիպված էին հետ դառնալ` այդպիսով չկարողանալով հացը մատակարարել պատվիրատու խանութներին: Խնդիրն այն է, որ բեռնատարները պետք է կշռվեն, սակայն վարորդները չեն համաձայնում կշռման այդ պայմաններին, քանի որ բեռի անհամապատասխանության դեպքում պետք է 200 հազար դրամ տուգանք վճարեն:
Փոփոխությունը տեղի է ունեցել մոտ 20 օր առաջ, և վարորդները հասկացել են, որ կշռման նման տարբերակն իրենց ձեռնտու չէ: Այդ պատճառով էլ վարորդները բոյկոտում են կշռման նոր պայմանները և հրաժարվում են առաջ շարժվել: Խցանման մեջ հիմնականում իրանական բեռնատարներն էին: Խցանման մեջ հայտնված մարդիկ դժգոհում էին, որ այս իրավիճակից սովորական քաղաքացիներն են տուժում:
Զբոսաշրջիկ Գայանե Սերպաշյանը և Անահիտ Հայրապետյանը, որոնք արտերկրից են ժամանել Հայաստան և Գորիս գնալու ճանապարհին արդեն մի քանի ժամ ստիպված էին մնալ խցանման մեջ, նշեցին, որ շատ տեսարժան վայրեր ունենք, զբոսաշրջիկները հաճույքով այցելում են, սակայն կան կազմակերպչական հարցեր, որոնք անտեսվում են:
Գայանե Սերպաշյանի խոսքով, օրինակ, եթե տվյալ վայում կառավարությունը կշռման կետ է նախատեսել, ապա պարտավոր է նաև բեռնատարների համար կայանատեղի ստեղծել, որպեսզի չստեղծվի նման խցանում գլխավոր մայրուղում:
Անահիտ Հայրապետյանի խոսքով, զբոսաշրջիկների ժամանակն առանց այդ էլ սահմանափակ է և հաճելի չէ ժամերով մնալ խցանման մեջ:
Նշենք, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մասնակցում էր Կապանի օրվան նվիրված միջոցառումներին, սակայն ընդհատեց մասնակցությունն ու գնաց Սիսիան՝ հանդիպելու վարորդներին։
Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ
Ահա անընդունակների և անկարողների կառավարման արդյունքներից ևս մեկը: