«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ ունեցավ Խաչատրյանի անվան եռյակը՝ Կարեն Շահգալդյան (ջութակ), Ալեքսանդր Ռամ (թավջութակ), Արմինե Գրիգորյան (դաշնամուր)։ Համերգը սկսվեց մեկ րոպե լռությամբ. ներկաները հարգանքի տուրք մատուցեցին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացած դասական երաժշտության համերգի ընթացքում հնչեցին Անտոնին Դվորժակի և Ալեքսեյ Շորի դաշնամուրային տրիոները, որոնց կատարումները մեծ ընդունելության արժանացան ունկնդրի կողմից։ Համերգին ներկա էր նաև փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը։ Դաշնակահար Արմինե Գրիգորյանը նկատում է, որ հաճելի է, երբ երաժիշտները հնարավորություն ունեն շփվելու և մտքեր փոխանակելու հենց հեղինակի հետ։ Այս դեպքում ավելի հասկանալի են լինում այն զգացմունքներն ու գաղափարները, որ հեղինակը ստեղծագործությունը գրելիս կրել է իր մեջ։
Նշենք, որ Խաչատրյանի անվան տրիոն հյուրախաղերով հանդես է եկել 30 երկրի ավելի քան 100 քաղաքներում, ելույթ է ունեցել ամենահայտնի համերգասրահներում` Վիեննայի «Մյուզիքվերայն», Համբուրգի «Laeiszhalle», Լայպցիգի «Gewandhaus», Մյունխենի «Gasteig – Philharmonie», Լոնդոնի «Purcell Room», Տոկիոյի «Suntory», Տորոնտոյի «Koerner» և այլն:
Այսօր երեկոյան «Սիմֆոնիկ Երևան» փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան մեծանուն երաժիշտներ՝ թավջութակահար Բրանոն Չոն, ֆլեյտահար Նոյեմի Գյորին։ Համերգը կղեկավարի դիրիժոր Գերգելի Մադարաշը։
Հիշեցնենք, որ «Սիմֆոնիկ Երևան» փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Փառատոնին աջակցում է Երևանի քաղաքապետարանը։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ