Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ևս երկու հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի դեմ։ Ըստ «Դատալեքսի»՝ հայցերի հիմքում ՀՀ վարչական օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասն է (առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը)։
Այս վարչական իրավախախտման համար օրենքով նախատեսված է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Գործերը մակագրվել են Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին:
Հիշեցնենք, որ քաղաքապետը դարձյալ նման դիմում էր ներկայացրել հուլիսին։ Այն ժամանակ Իշխան Սաղաթելյանը ԶԼՄ–ներին ասել էր, թե լուրջ չի վերաբերում Երևանի քաղաքապետի կողմից իրեն դատի տալու հանգամանքին եւ դա որևէ կերպ չի ազդելու հետագայում հանրահավաքներ անցկացնելու վրա․ «Մի գործ ավելի, մի գործ պակաս, ընդհանրապես մեզ չեն կարող իրենց ապօրինի քայլերով և գործողություններով հետ պահել կամ որևէ կերպ կաշկանդել, բացառվում է»։