Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարո՞ղ է արդյոք «նոր մարդ» ձեւավորվել

Օգոստոս 20,2022 10:00

Օգոստոսի 19-21-ը՝ ամեն տարի, հետխորհրդային երկրների լրատվական դաշտում հայտնվում են բազմաթիվ նյութեր՝ նվիրված ԽՍՀՄ-ին եւ այդ պետության «վերջին արարին», որի սկիզբն արձանագրվեց 1991թ. օգոստոսի 19-ին, երբ այդ երկրի բարձրագույն ղեկավարության մի մասն անհաջող եւ, իմ կարծիքով, ձախողման դատապարտված փորձ արեց պահպանել վերջնականապես սպառված համակարգը:

Լա՞վն էր այդ համակարգը, թե՞ վատը՝ այդ հարցին միանշանակ պատասխան չունեմ, հակված չեմ որեւէ երեւույթ իդեալականացնել կամ հակառակը՝ ներկայացնել միայն սեւ գույներով: Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է մարդը: Ինչպիսի՞ն էր նա մինչեւ 1917 թվականը, ի՞նչ վերափոխումներ ապրեց մինչեւ 1991-ը եւ ի՞նչ ուղղությամբ զարգացավ հետո: Արդյոք որեւէ հեղափոխության արդյունքում իրականացե՞լ է «նոր մարդու» ձեւավորման երազանքը: Թե՞ դա պատրանք էր, կամ ինչպես հիմա կասեին՝ «մանիպուլյացիա»:

Այդ հարցերին պատասխանելը նույնպես այդքան էլ հեշտ չէ: Բուլգակովն իր «Շան սիրտը» վիպակում ներկայացնում է մի սցենար, ըստ որի՝ նոր մարդու ձեւավորման փորձը տապալվում է: Շարիկովը չունի իր սեփական մտքերը, նա կարող է միայն կրկնել այն անհեթեթությունները, որոնք նրա ուղեղն է լցնում Շվոնդերը: Եվ այդ պատճառով պրոֆեսոր Պրեոբրոժենսկին, այսինքն, հայերեն թարգմանած՝ Վերափոխյանը, որոշում է Շարիկովին հետ վերափոխել դեպի շան վիճակը, եւ ամեն ինչ վերադառնում է մեկնարկային դրությանը:

Վիպակը գրվել է 1925 թվականին, եւ բացառված չէ, որ հետագա տարիներին նոր մարդ կերտելու փորձերն այնքան էլ անհաջող չէին: Բայց հաղթեց ոչ թե արմատական «շվոնդերիզմը», այլ ծայրահեղ կոնֆորմիզմը, հարմարվողականությունը՝ «փորձեմ ձայն չհանել, եւ դա գուցե կապահովի իմ հանգիստ կյանքը»: Եվ այդ լճացած վիճակը խախտվեց միայն այն ժամանակ, երբ 1980-ականների վերջերին դատարկվեցին խանութների ցուցափեղկերը, իսկ նրանք, ովքեր դրա համար պատասխանատու էին, սկսեցին համոզել, որ, եթե համակարգը փոխվի, այդ ցուցափեղկերը նորից կլցվեն: Որոշ ժամանակ անց՝ իսկապես լցվեցին: Բայց նոր, անկախ պետության քաղաքացի այդպես էլ չձեւավորվեց: Ամեն ինչ, ի վերջո, վերադարձավ նույն լճացած վիճակին:

Հայաստանում 2018 թվականին հերթական «շվոնդերները» կրկին համոզեցին, որ կարելի է ապօրինի ձեւով կուտակված հարստությունը խլել եւ բաժանել ժողովրդին: Բայց այդ շարիկովյան երազանքը կրկին իրականություն չդարձավ:

Կար, սակայն, մի պահ, երբ Հայաստանում նոր մարդը կարող էր ի հայտ գալ: 1988-90 թվականներին մեր հասարակությունը բարձրացավ առօրյա ճահճից: Բարձրացավ եւ եթե շարունակենք տարածական փոխաբերությունը, գլուխը խփեց առաստաղին եւ 1990-ականների կեսերին մեծ արագությամբ սկսեց գահավիժել՝ խորանալով անտարբերության եւ ցինիզմի, «պարզապես լավ ապրելու» քաղքենիական ցանկության մեջ:

Լավ լուրն այն է, որ մենք հասնում ենք հատակին, որի վրա հենվելով կրկին գուցե հնարավոր լինի բարձրանալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Էն մութ ու ցուրտ տարիներին գնում էինք օպերա, երբ մեր Ճգնավորյանը տարբեր դիրիժորների էր հրավիրում մեր նվագախմբի հետ համերգ տալու, հատկապես ջահել հայ սփյուռքից, ինչն էր զարմանալի ինձ համար՝ նույն նվագախումբն է, բայց տարբեր դիրիժորներ եւ ինչքան յուրահատուկ էին նվագում կախված դիրիժորից: Մեր պետությունն էլ՝ ջահել հայ սփյուռքից լինի թե ջահել հայ բնօրրանից լինի, կանչի մեր պետականամետ գործիչներին կառավարելու մեր Կառավարությանը, բայց դրա համար Մեծն Ճգնավորյան է պետք լինել պետական հարցերում: Այդ պետական կառավարման համերգը ես մեծագույն հաճույքով կլսեի, կսիրեի մեր պետությունը:

  2. Nimar says:

    Գողացվածը “ժողովրդին վերադարձնելն” ու Շարիկովներին բաժանելը նույն բանը չէն։ Եթե ​​Շարիկովները խաբվել են՝ սեփական գրպանը պետբյուջեից չտարբերելով, ապա դա ներելի է, հաշվի առնելով փորձը և սովորությունները։ Բուլգակովի գաղափարն այն էր, որ արատավոր անձի հիպոֆիզը փոխպատվաստելով շանը՝ շունը դարձավ նույնքան թերի մարդանման արարած: Ավելի լավ է դա չանել։
    Շարիկովների համար անհանգստանանք, թե՞ մտածենք պայմանական «Պրեոբրաժենսկու
    բնակարանի բնակիչների» մասին։

  3. Ruben says:

    “Горбатого могила исправит”

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031