«Խելամիտ է, հայ-ադրբեջանական սահմանին պետք է անցման կետեր լինեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանն՝ անդրադառալով ԱԱԾ-ի՝ շրջանառության մեջ դրած օրենքի նախագծին, ըստ որի ՀՀ պետական սահմանին նոր անցակետեր պետք է ստեղծվեն։
Ըստ նախագծի` հայ-ադրբեջանական պետական սահմանում նախատեսվում է ստեղծել հետեւյալ անցակետերը՝
«Սոթք» («Քելբաջար») Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային (Քելբաջարի շրջան)
«Երասխ» («Սադարակ») Արարատի մարզ, Երասխ համայնք՝ ավտոմոբիլային (Սադարակի շրջան, գյուղ Սադարակ` ավտոմոբիլային)
Կարդացեք նաև
«Քարահունջ» («Էյվազլի») Սյունիքի մարզ, Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային (Ղուբաթլուի շրջան, գյուղ Էյվազլի՝ ավտոմոբիլային)։
Ռուբեն Գալչյանի կարծիքով՝ առանց ահմանազատման եւ սահմանագծման էլ հնարավոր է եւ պետք է նման անցակետեր ստեղծել․ «Դելիմիտացիան կարող է 30-40 տարի տեւել, եւ դա չի խանգարում, որ խորհրդային տարիներին սահմանված սահմանների վրա, որը մենք Ադրբեջանի հետ համատեղ ստորագրել եւ վավերացրել ենք 69-70- ական թվականներին, հետո 2010-ին վարչատարածքային բաժանման մասին օրենքն է ընդունվել, ճիշտ է, այն ներքին սահմանների մասին էր․․․ որտեղ որ ճանապարհը հատվում է երկրների միջեւ, պետք է անցակետեր ստեղծել։ Չգիտեմ՝ անունը ինչ կդնեն՝ մաքսակետ, անցակետ, թե հսկիչ կետ»։
Նա հիշեցնում է, օրինակ, ադրբեջանցիների՝ Քարահունջի հարեւանությամբ տեղադրված անցակետը․ «Քարահունջի մոտակայքում, այն հատվածում, որ Էյվազլի գյուղ են մտնում, իրանցի վարորդներին կանգնեցնում են, հարկ են վերցնում, վերջը, հսկող կետ ունեն, իսկ մենք չունենք։ Ադրբեջանցիները կարող են հայերին ներս չթողնել, բայց իրենք առանց արգելքի կարող են մտնել մեր տարածք։ Խելամիտ է, անպայման պետք է լինի անցակետ կամ հսկման կետ։ Բայց այլ խնդիր կա․ երկու երկրների միջեւ հարաբերություններ չկան, ճամփորդելը հնարավոր չէ, մենք չենք կարող Ադրբեջան գնալ, կամ իրենք՝ մեր երկիր, այդ դեպքում վիզայի խնդիր կա, սրանք կարեւոր բաներ են։ Ասենք՝ Ադրբեջանը համաձայնեց իր ճանապարհով գնանք դեպի Ջուլֆա, մենք էլ թողեցինք Արաքսի ափով իրենք ավտոմեքենաներով գնան Նախիջեւան, բայց չէ՞ որ մենք իրենց տարածքով ենք անցնելու, իրենք՝ մեր, ո՞վ պետք է հսկի, ինչպե՞ս, օրենսդրությունն ինչպե՞ս է լինելու, վիզաներն ինչպե՞ս են կարգավորվելու, ո՞վ է տալու իրավունքները։ Սրանք կարեւոր խնդիրներ են, բայց այսօր դրա մասին ոչ ոք չի խոսում։ Ամեն դեպքում, մենք էլ պետք է անցակետ դնենք ու չթողնենք, որ օտարը մտնի մեր տարածք։ Հսկողություն չդնելը ճիշտ չէ»։
Նշենք, որ «Լույս» հիմնադրամի ավագ հետազոտող, արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը այս անցակետերի վերաբերյալ որոշ դիտարկումներ է հայտնել․ «․․․ ադրբեջանցիները փաստացի անցնելու են այն տարածքներով, որոնց նկատմամբ ամենից շատ են հավակնություններ ներկայացնում՝ մի կողմից Վարդենիսի շրջանով, մյուս կողմից՝ Սյունիքի մարզով։ Ակնհայտ է, որ այս ուղղություններով ադրբեջանցիների տարանցումը լի է տարատեսակ սպառնալիքներով, իսկ տարանցման անվտանգության հետ կապված ցանկացած պատրվակ կամ սադրանք Ադրբեջանը կարող է օգտագործել Հայաստանի դեմ նոր ագրեսիա նախաձեռնելու նպատակով»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ