Aravot.am-ը երեկ անդրադարձել էր մի ահազանգի, համաձայն որի, Գյումրու Լևոն Մադոյանի անվան փողոցի ասֆալտապատած մայթը քանդել ու շինարարություն են ծավալում։ Գնալով ահազանգի հետքերով՝ պարզել էինք, որ շինարարություն իրականացնողը Երվանդ Խանամիրյանն է՝ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամներից մեկը։ Նա թեև դիմում էր ներկայացրել Գյումրու քաղաքապետարան, սակայն, դեռ թույլտվություն չստացած, սկսել էր շինաշխատանքները։
Գյումրու քաղաքապետի խորհրդական Հայկ Սուլթանյանն այսօր մեզ հետ զրույցում տեղեկացրեց հետևյալը․ «Համայնքի ղեկավարի կողմից ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրի բաժին գրություն է ուղարկվել օգոստոսի 16-ին, որ ամսի 14-ին՝ Լևոն Մադոյան և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում գտնվող մայթի վրա անհայտ անձի կողմից իրականացվել է մայթի հատվածի ասֆալտյա շերտի քանդման ինքնակամ շինարարական աշխատանքներ։ Խնդրել ենք ոստիկանությանը՝ միջոցներ ձեռնարկելու, պարզելու իրավախախտողի ինքնությունը և ապահովելու վարչական իրավախախտման կանխումը և խափանումը, որպեսզի անձի ինքնությունը պարզելուց հետո մենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի3-րդ մասով համապատասխան վարույթ հարուցենք»։
Հայկ Սուլթանյանն ասաց՝ գրությունն ուղարկել են ամիս 16-ին, չգիտեն դեռ՝ տեղ հասե՞լ է, թե՞ ոչ, իրենք առայժմ ոստիկանությունից պատասխան չեն ստացել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ