Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսի 19-ը Մարդասիրության համաշխարհային օրն է. Արցախի օմբուդսման

Օգոստոս 19,2022 18:30

Մարդասիրության համաշխարհային օրն ամենամյա հիշեցում է, որ պետք է գործել հանուն տառապանքների մեղմացման` անկախ մարդու ծագումից, համոզմունքից և այլ հանգամանքներից: Ամեն տարի Մարդասիրության համաշխարհային օրը համախմբում է մարդասիրության համակարգի գործընկերներին՝ աջակցելու ճգնաժամից տուժած անձանց, նրանց գոյատևման, բարեկեցության և արժանապատվության համար:

2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով երկրում աննախադեպ հումանիտար ճգնաժամ է ստեղծվել. հազարավոր զոհեր և հաշմանդամ անձինք` այդ թվում քաղաքացիական անձինք և երեխաներ, մոտ 40 000 բռնի տեղահանված անձ, ռազմագերիներ, որոնց մի մասը մինչ օրս անհայտ պայմաններում ապօրինի կերպով պահվում է Ադրբեջանում: Այս վիճակագրության հետևում կանգնած են անհատներ, ընտանիքներ, որոնց կյանքն ամբողջությամբ խարխլված է, իսկ ճակատագրերը` բոլորովին անորոշ:

2020թ. նոյեմբերի 10-ին զինադադարի մասին եռակողմ հայտարարությունը դադարեցրեց ռազմական գործողությունների ակտիվ փուլը, սակայն առաջ բերեց Ադրբեջանի կողմից անվտանգության և մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումներ, ինչպիսիք են` քաղաքացիական անձանց պատանդառություն և սպանության սպառնալիք, քաղաքացիական անձանց սպանության դեպքեր (որոնք դեռ մնում են անպատիժ), մարդասիրական լուրջ հետևանքներ առաջացնելու նպատակով քաղաքացիական ենթակառուցվածքների կանխամտածված խաթարում, տարբեր մեթոդներով Արցախի խաղաղ բնակչության ահաբեկման, հրադադարի պարբերաբար խախտման դեպքեր: Այս բոլորը ուղեկցվում են Ադրբեջանի նախագահի հրապարակային ելույթներում պետական մակարդակով վարվող հայերի դեմ ուղղված ատելության խոսքով:

Արցախի Հանրապետության չճանաչվածության պատճառով Միացյալ ազգերի կազմակերպությունը և այլ միջազգային կազմակերպություններ չեն այցելում Արցախ` ուսումնասիրելու հրադադարի խախտման, միջազգային իրավունքի ոտնահարման դեպքերը կամ տրամադրելու մարդասիրական օգնություն: Թեև տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից Արցախին տրամադրվել է աջակցություն, այնուամենայնիվ, միջազգային կարևոր հումանիտար կազմակերպություններին ուղղված մի շարք կոչեր, ցավոք, դեռևս կախված են օդում:

Շատ կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը գիտակցի հետպատերազմյան Արցախի մարդասիրական խնդիրների սրությունը և ստիպի Ադրբեջանին հետ կանգնել իր ագրեսիվ պահվածքից և Արցախը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունից, որը հանգեցնում է արդեն իսկ դժվար մարդասիրական իրավիճակի հետագա բարդացմանը:

Այս օրվա կապակցությամբ ես ուզում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են Արցախին հաղթահարելու առկա հումանիտար խնդիրները, և ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել մարդասիրական համակարգի բոլոր միջազգային կազմակերպություններին՝ մոբիլիզացնել իրենց կամքն ու ռեսուրսները մեղմելու Արցախի ժողովրդի տառապանքները: ՄԱԿ-ը և մարդասիրական մանդատ ունեցող այլ միջազգային կազմակերպություններ մեծ դեր և պատասխանատվություն ունեն միջազգային իրազեկման խթանման և այս խնդիրների շուրջ քայլեր ձեռնարկելու հարցում:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031