Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իրենք իրենց ազգի մեջ տեռորիստություն արեցին, նույնն էլ այդ երեխեքին պետք է սովորեցնեն». Յուրի Տեփանոսյանի այրին՝ ԱԺԲ ռազմական ճամբարի մասին

Օգոստոս 19,2022 18:04

Զինված հարձակման համար դատապարտված խմբավորման քաղաքական վերակազմավորման՝ Ազգային ժողովրդավարական բեւեռի անդամներն այս օրերին ռազմական ուսուցմամբ ճամբար են կազմակերպել 14-15 տարեկան երեխաների համար ու լուսանկարները հրապարակել սոցցանցերում:

Հայ պատանիների համար ռազմական ուսուցում անցկացնելու գործընթացը այսպես են բացատրել. «Այս գործընթացը մեկնարկն է մեր ազգային ինքնիշխան պետություն ստեղծելու նվիրական գործի, քանզի մանուկ-պատանի հասակից մեր հայ զավակները ազգային ինքնաճանաչման միջոցով ձեւավորում են ազգային ազնվական գիտակցություն, տեղեկանում են մեր միջազգայնորեն ճանաչված իրավունքներին, ձեւավորում են ինքնուրույն կողմնորոշվելու, պատասխանատվություն վերցնելու ու կարեւոր որոշումներ կայացնելու ունակություն, հայրենապաշտությունը սկսվում է հայրենաճանաչումից եւ սեփական իրավունքների ճանաչման շնորհիվ ստեղծվում ու կայանում է հզոր պետականություն»:


Հիշեցնենք, որ 2016-ին «Սասնա ծռերի» գործողությունների ընթացքում երեք ոստիկան զոհվեց՝ գնդապետ Արթուր Վանոյանը, Յուրի Տեփանոսյանը եւ Գագիկ Մկրտչյանը։ Յուրի Տեփանոսյանի այրին՝ Արփինե Թումասյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց բեւեռի կազմակերպած ճամբարի նախաձեռնությանը. «Իրենք դա որակում են ազգաճանաչությո՞ւն: Եթե իրենք իրենց ազգի մեջ տեռորիստություն արեցին, նույնն էլ այդ երեխեքին պետք է սովորեցնեն: Իմ կարծիքն իրենց մասին իմ ամբողջ կյանքի ընթացքում երբեւիցե չի փոխվելու՝ իրենք ինձ համար տեռորիստ են, իրենք ինձ համար հայասպան են: Եթե հայը հայի վրա ձեռք է բարձրացնում, այդտեղ ի՞նչ հայասիրություն, ի՞նչ հայրենիք սիրել: Իմ համար իրենք մնում են վտանգավոր մարդիկ, իրենց ամեն մի քայլի մեջ ես վտանգ եմ տեսնում: Իրենք պատրաստ են ամեն րոպե իրենց քայլերը կրկնել ու դա քանի անգամ դատավարության ընթացքում ասել են: Եթե այդ տեսակ մարդկանց թույլ են տալիս նման բաներ անել, ես չգիտեմ…»:

Նա ասաց, որ որպես Տեփանոսյանի այրի, «Սասնա ծռերի» գործի ընթացքից մասամբ է բավարարված. «Ժամկետների հետ համաձայն չեմ, բայց որ արդեն իրենք բանտերում են՝ բավարարված եմ: Եթե իշխանություն փոխվեց, իրենց հանցագործությունը պիտի մեղմանա՞ր: Փաշինյանը երկրի ղեկավար է ու իր երկրի ապահովման մասին պետք է մտածի, ոչ թե «Սասնա ծռերի»: «Սասնա ծռերը» վտանգավոր մարդիկ են»:

Հարցրեցինք՝ այս տարիների ընթացքում ձեր վիշտն ինչքանո՞վ է մեղմվել, երեխաներն ինչքանո՞վ են հարմարվել հայրիկի բացակայության հետ՝ նա պատասխանեց. «Ո՞նց կարող է վիշտը մեղմվի, եթե երեք երեխա եմ ես պահում, մեծացնում ու այդ երեխաներն իրենց պապայի կարիքն ունեն անընդհատ, ես ամուսնուս կարիքն ունեմ: Մենք երեխաներ պետք է մեծացնեինք, ո՞նց կարող է այդ վիշտը մեղմանալ, ուղղակի զուտ երեխեքիս խաթր ժպտում եմ, որ երեխեքս շատ բան չհասկանան: Երեխաներս գիտեն՝ ինչ է պատահել, միայն փոքրս՝ տղաս չգիտի: Սա այն հարցն է, որ չես կարող թաքուն պահես, պետք է պատմես: Ես չգիտեմ՝ վաղը, մյուս օրը իմ տղեն մեծացավ, այս պատմությունը կշարունակվի՞, թե՞ ինչ կլինի, չեմ կարող ասել: Տղա երեխա է մեծանում, հիմա 6 տարեկան է, բան չգիտի, 10 տարի հետո ի՞նչ կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031