Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աննա Ասատրյանը՝ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն

Օգոստոս 19,2022 18:00

Սույն թվականի օգոստոսի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրեց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանին: Մինչ այդ նա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Աննա Ասատրյանը ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներին ներկայացրեց Արվեստի ինստիտուտի զարգացման իր տեսլականը: Նա նշեց, որ ինստիտուտում ստեղծվելու են Կինոյի և հեռուստատեսության, Դեկորատիվ և կիրառական արվեստի բաժիններ, Պարագիտության, Հայ երաժշտական ֆոլկլորագիտության, Հայ-բրիտանական գիտամշակութային համագործակցության, Հայ ժողովրդի՝ այլ ժողովուրդների հետ ունեցած մշակութային առնչությունների ուսումնասիրության կենտրոններ:

Աննա Ասատրյանը կարևորեց երիտասարդ բանիմաց հետազոտողներով ինստիտուտի գիտական կադրերի համալրումը, ինստիտուտի միջազգային համագործակցության աշխարհագրության ընդլայնումը, արտասահմանում հրատարակվող և ազդեցության բարձր գործակից ունեցող արվեստագիտական պարբերականներում Արվեստի ինստիտուտի աշխատակիցների հետազոտությունների արդյունքների տպագրումը, արտասահմանում հայ արվեստի ուսումնասիրության հարցերով զբաղվող հայ և օտարազգի արվեստաբանների շտեմարանի ստեղծումը: Նա անհրաժեշտ համարեց իրականացնել Տիգրան Չուխաճյանի և Արամ Խաչատրյանի երկերի լիակատար ժողովածուների ակադեմիական հրատարակությունը, ինչպես նաև առաջարկեց Արվեստի ինստիտուտին կից ստեղծել Տիգրան Չուխաճյանի թանգարան:

Աննա Ասատրյանը ծնվել է 1968թ.՝ Երևանում: 1987թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսական բաժինը, 1992թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի երաժշտագիտության բաժինը։ 1991-2003թթ. դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 2000-2002թթ. եղել է Հայկական բաց համալսարանի երաժշտագիտության ֆակուլտետի դեկան: 2002թ. աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում՝ որպես Երաժշտության բաժնի գիտաշխատող: 2003թ-ին նշանակվել է Ինստիտուտի գիտական քարտուղար։ 2005թ-ին նշանակվել է Ինստիտուտի փոխտնօրեն: Ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի նորաստեղծ  բաժինը, Երաժշտության բաժինը:

2008թ. Աննա Ասատրյանը ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան, 2012թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում: Աննա Ասատրյանի գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 15 ատենախոսություն։ Նա հեղինակել է 11 մենագրություն և 224 գիտական հոդված` տպագրված Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Իտալիայում, Լիբանանում, Իսրայելում հրատարակվող գիտական հանդեսներում և ժողովածուներում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031