Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Մինասյանը վերընտրվել է ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Օգոստոս 19,2022 17:52

Սույն թվականի օգոստոսի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի (ՀՀ ԳԱԱ ՔՖԻ) տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանին:

Սեյրան Մինասյանը ներկայացրեց  իր պաշտոնավարման ժամանակ ՀՀ ԳԱԱ ՔՖԻ-ում իրականացված աշխատանքները և նախատեսվող զարգացման ծրագրերը: Ինստիտուտը 3 տարվա ընթացքում ստացել է շուրջ 30 դրամաշնորհ ու ծրագրային պատվեր։ Ինստիտուտի բյուջեն աճել է 4-5 անգամ։ Վերազինվել է ինստիտուտի գիտահետազոտական բազան և ենթակառուցվածքը։ Ինստիտուտի գիտական անձնակազմն երիտասարդացել է։

Առաջիկա տարիներին ՀՀ ԳԱԱ ՔՖԻ-ում իրականացվելիք միջոցառումների մասին Սեյրան Մինասյանը նշեց, որ նախատեսվում է Բարձր էներգիական նյութերի և պրոցեսների ուսումնասիրության նոր լաբորատորիայի ստեղծում, Երևանի պետական համալսարանի, Ռուս-հայկական համալսարանի հետ բազային 2 լաբորատորիաների ստեղծում, ինչը հնարավորություն կտա իրականացնել համատեղ գիտակրթական ծրագրեր: Նախատեսվում է նաև արտերկրից գիտնականների ներգրավմամբ 3-4 նոր լաբորատորիաների և խմբերի ստեղծում, գիտական հաշվողական երկու հանգույցի ստեղծում։

Սեյրան Մինասյանը ծնվել է 1963թ.՝ ՀՀ Գյումրի քաղաքում: 1985թ․ավարտել է Երևանի պետական համալսարանի Քիմիայի  ֆակուլտետը` ստանալով քիմիկոսի որակավորում: 1988թ. ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան՝ կինետիկա և կատալիզ մասնագիտությամբ: 1988-1991թթ. աշխատել է ԳԱԱ ՔՖԻ-ի Հեղուկաֆազ ազատ ռադիկալային ռեակցիաների լաբորատորիայում՝ որպես ավագ լաբորանտ, այնուհետև որպես գիտաշխատող, ապա ավագ գիտաշխատող: 1991-1992թթ. եղել է Գյումրի քաղաքի Շիրակի շրջանի շրջանային խորհրդի նախագահի տեղակալը: 2004-2013թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում` որպես զարգացման սեկտորի պետ, գիտարտադրական սեկտորի պետ, տնօրենի տեղակալ գիտարտադրական հարցերով: 2018թ-ից ՀՀ ԳԱԱ ՔՖԻ քիմիական անվտանգության ֆիզիկա-քիմիական հիմնահարցերի գիտական խմբի ղեկավարն է: 2019թ. նշանակվել է ՀՀ ԳԱԱ ՔՖԻ-ի տնօրեն:

Սեյրան Մինասյանը շուրջ 120 գիտական աշխատանքի հեղինակ է: Մասնակցել է 4 միջազգային գիտական դրամաշնորհային և մոտ 20 միջազգային փորձագիտական և խորհրդատվական ծրագրերի:

 ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031