Գյումրու տրանսպորտի ուղեվարձն առայժմ կմնա 100 դրամ, սակայն գնի փոփոխության հարցը կքննարկվի 2-3 ամիս հետո։
Այսօր այս մասին Գյումրու ավագանու արտահերթ նիստի ժամանակ զեկուցեց նորաստեղծ կառույցի՝ «Գյումրու ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ԺՊ Գրիգոր Մաթևոսյանը։ Ըստ նրա, առայժմ տրանսպորտի գինը կմնա 100 դրամ՝ ելնելով բնակիչների սոցիալական վատ վիճակից, սակայն 2-3 ամիս հետո, երբ ամբողջապես կշահագործվեն Գյումրու նոր միկրոավտոբուսները, կհաշվարկեն ծախսերը ու ըստ այդմ՝ հանդես կգան նոր գնի առաջարկով։
Ըստ պաշտոնյայի, այս թեմայի շուրջ իրենք կլսեն նաև «Դաշինք հանուն կանաչ և կայուն զարգացման» կառույցի կարծիքը։
«Երկու ամիս հետո կլինի նաև իրենց առաջարկը և կներկայացնենք նոր գինը»,-ասաց Գրիգոր Մաթևոսյանը։
Կարդացեք նաև
Նա նաև տեղեկացրեց, որ վարորդների աշխատավարձը նվազեցրել են՝ ավագանու սահմանած 200 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ։ Վարորդներին նաև 75 տոկոս հավելավճար կհատկացնեն, եթե նրանք առնվազն 28 հազար դրամի չափով եկամուտ ապահովեն։
Այս թեմաների շուրջ ավագանու նիստից հետո լրագրողներին պարզաբանումներ ներկայացրեց նաև Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Գեորգի Ղազարյանը։
Ըստ նրա, վարորդների աշխատավարձի ցածրացումը ժամանակավոր բնույթ է կրում, ստիպված են եղել նման որոշման գնալ։
«Ավտոբուսային պարկը» նոր-նոր է հիմնավորվում և շատ ռիսկային աշխատանքներ կան, տեսնում եք, որ նոր միկրոավտոբուսները գիծ առ գիծ ենք մտցնում, դեռ չի երևում շահույթը, չի երևում օգուտը և չեն երևում ընդհանուր ծախսերը։ Այդ ամենը դուրս է գալիս ընդհանուր եկամտից։ Ի սկզբանե ավագանին վարորդների աշխատավարձը հաստատել է 200 հազար դրամ, բայց նոր երթուղին սպասարկելով՝ տեսնում ենք, որ գումարը չի բավարարում»,-ասաց պաշտոնյան։
Տրանսպորտի գնի թանկացման մասին էլ խոսելիս՝ վերջինս շեշտեց Գյումրիի սոցիալապես անապահով քաղաք լինելը։
«Գյումրիում տարիներով ապրող մարդիկ ենք, ժողովրդի սոցիալական վիճակից ելնելով՝ չենք ուզում թանկացնել, նույն ձևով կթողնենք, իսկ երբ մեքենաները լիովին շահագործվեն, այդ ժամանակ ծախսերը ի հայտ կգան, հաշվարկներ կանենք, կքննարկենք, կորոշենք՝ կարո՞ղ ենք բարձրացնել փոխադրավարձը, թե ոչ»,ասաց Գեորգի Ղազարյանը։
Լրագրողներից մեկի այն հարցին էլ՝ եթե որոշեք ուղեվարձը թանկացնել, խնդիր չի առաջանա՞ մետաղադրամ ընդունող սարքի հետ կապված, որը միայն 100 դրամանոցներ է ընդունում, պաշտոնյան պատասխանեց, որ, անխոս, կառաջանա, սակայն կա դրա լուծման տարբերակը։
«Այդ դեպքում հստակ օրենքներ գոյություն ունեն, մեր երկրով չէ, մեր քաղաքով չէ, ընդհանուր աշխարհով է, եթե տրանսպորտը համայնքինն է, համայնքը կարող է դոտացիայով ավել գումարը տալ, որպեսզի քաղաքացին չմուծի, բայց քանի որ մեր համայնքը խեղճ է գումարից, չունենք գումարներ, կմտածենք, դա ռեալ որոշված չէ։ Տա Աստված, թող լիարժեք սպասարկենք մեր նոր տրանսպորտային միջոցները, կարող է և օգուտով դուրս գանք և 100 դրամից ավել վճարելու խնդիրը չառաջանա»։
Նշենք, որ այսօր ավագանու որոշմամբ համայնքային բյուջեից 8 միլիոն դրամ տրամադրվեց քաղաքի նոր ձեռք բերված միկրոավտոբուսների պարտադիր ապահովագրության համար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ