Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող անձանց ապրանքները կառգրավվեն»

Օգոստոս 19,2022 17:36
arevtur

Բացօթյա ապօրինի առևտուրն այժմ սննդամթերքով չի սահմանափակվում. կենդանիներ՝ շներ, թռչուններ, անգամ արտասովոր տեսակներ կան: Փողոցային առևտրի հիմնական հասցեները Երևանի կենտրոնական փողոցներն են՝ Հանրապետության հրապարակը, Հյուսիսային պողոտան, մայթերն ու շենքերի կամարանցումները:

«Մարդիկ պարզապես շահագործում են այդ կենդանիներին ամենատարբեր միջոցներով՝ վաճառքից մինչև ծառայությունների մատուցում: Վստահ չենք նաև, որ այդ կենդանիները չունեն վարակիչ հիվանդություններ կամ պաշտպանված են դրանցից»,- ասում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» տնօրեն Հարություն Առաքելյանը:

Երևանի քաղաքապետարանը ոստիկանության հետ պարբերաբար համատեղ ուժեղացված ստուգայցեր է անում քաղաքի տարբեր հատվածներում:

Վերջերս հայտնաբերված մեքենան քաղաքացին ծառայեցրել է որպես հանրային սննդի կետ՝ չունենալով շրջիկ առևտուր իրականացնելու թույլտվություն: Մարդաշատ վայրերում առևտրականները ծառայություններ են մատուցում նաև հրավտանգ նյութերի օգտագործմամբ՝ կոպտորեն խախտելով անվտանգության կանոնները: Անօրինական առևտրով զբաղվող անձինք տուգանվում են, սակայն խնդիրը դրանով չի լուծվում:

«Տարեսկզբից մինչ օրս կազմվել է 1445 արձանագրություն: Սակայն ոչ բոլոր դեպքերում է հնարավոր է լինում բռնագանձել տուգանքները: Դա պայմանավորված է հիմնականում անձանց անվճարունակությամբ, որոշ դեպքերում նաև անվճարունակ անձանց հատուկ՝ նպատակային ներգրավմամբ»,-ասում է քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Բացօթյա ապօրինի առևտրի խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ մշակել է օրենսդրական փոփոխությունների նոր փաթեթ: Օրինագիծը հնարավորություն կտա առգրավել փողոցային առևտուր իրականացնողների ապրանքները: Գործադիրը կառավարության նիստում նախագծին հավանություն տվեց: Առաջիկայում այն կքննարկվի ԱԺ-ում:

«Խնդրի լուծումը տեսնում ենք հետևյալ կերպ. ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելու դեպքում կարողանանք առգրավել այն միջոցները, որոնք օգտագործվում են ծառայություններ մատուցելու կամ առևտրի համար: Դրանով, կարծում ենք, այս խնդիրը վերջնականապես կկարողանանք լուծել։ Պարբերաբար Երևանում միջոցառումներ ենք իրականացնում, բայց ժամեր հետո այդ ամենը կրկնվում է»,- նշել է քաղաքապետը։

«Մինչև ապրանքի բռնագանձման հասնելը փորձ է արվել մեծացնել տուգանքների չափը, բայց դա արդյունք չի տվել, հետ չի պահել քաղաքացիներին նոր իրավախախտումներից: Նախագիծը ենթադրում է, որ տուգանք կիրառելուց զատ ապրանքը, որը վաճառքի առարկա է կամ ծառայություններ մատուցելիս է օգտագործվում, հնարավորություն կլինի առգրավել՝ դիմելով դատարան և հիմնավորելով, որ դա պետք է բռնագրավվի հօգուտ համայնքի» ,-նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Առևտրականները, որոնք չցանկացան տեսախցիկի առջև զրուցել, նշում են՝ փողոցային առևտուրն իրենց ապրուստի միակ միջոցն է: Հարցին՝ ինչու˚ չկազմակերպել առևտուրը սահմանված վայրերում, օրինակ, շուկաներում, ասում են՝ ձեռնտու չէ: Մինչդեռ այստեղ տուժում են այն տնտեսվարողները, որոնք վարձակալում են տարածքներ, վճարում հարկեր, նրանց ապրանքի արժեքը ստացվում է ավելի բարձր, քան հարևանությամբ՝ անօրինական առևտրով զբաղվողներն են առաջարկում:

«Արդյո˚ք սա արդար մրցակցային պայման է: Կարծում եմ՝ ակնհայտորեն՝ ոչ: Խնդրի այլընտրանք տեսնում ենք շուկաները, որտեղ տարածքների համար առաջարկվող գումարները ողջամիտ են: Սակայն որքան էլ լինի այդ գումարը, հասկանալի է, որ 0-ից բարձր է, իսկ առևտրականները նախընտրում են փողոցում՝ առանց վճարելու կազմակերպել առևտուրը: Հաճախ այդ անձանց ու նրանց վաստակած գումարների մասին մեր պատկերացումները սխալ են: Առևտրականները շատ ավելին են ստանում: Բայց եթե շատերն օրինական ձևով են իրենց գործունեությունը կազմակերպում, ինչո˚ւ մյուսներն էլ չանեն»,-շեշտում է Սուրեն Գրիգորյանը:

Փողոցում, հաճախ հենց գետնին, հակասանիտարական պայմաններում վաճառվող սննդամթերքը առողջապահական տեսակետից վտանգ է պարունակում, այդ թվում թունավորման: Չնայած դրան՝ որոշ քաղաքացիներ շարունակում են գնումներ անել փողոցից:

«Երևույթը հասարակական կարգի կոպիտ խախտում է: Աղտոտվում են փողոցները, մայթերը, խոչընդոտվում է հետիոտնի ազատ տեղաշարժը»,-ասում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:

Բացօթյա անօրինական առևտուրը քաղաքի գլխավոր խնդիրներից է: Քաղաքային իշխանությունը վստահ է՝ օրենսդրական փոփոխություններն էապես կկանոնակարգեն դաշտն ու կնպաստեն խնդրի լուծմանը: Կբարելավվի նաև քաղաքի արտաքին տեսքը՝ հարիր երկրի զբոսաշրջային գլխավոր կենտրոնին:

Երևանի քաղաքապետարան  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031