Լրահոս
Օրվա լրահոսը

Ամսի 1-ը եկավ, պարտադրում են մուծել, չես մուծում` զանգում են, մարդ են ուղարկում. Սուրմալուի բարքերը՝ ըստ վարձակալի

Օգոստոս 19,2022 17:10

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո հարցաքննված տասնյակ տնտեսվարողներից է նաեւ խաղալիքների եւ տորթերի հրավառելիքների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Գոհար Առաքելյան» ԱՁ ներկայացուցիչ Աբրահամ Միքայելյանը:

Աբրահամ Միքայելյան

«Սուրմալուում» նա վարձակալել է մոտ 100 քմ տարածությամբ խանութ եւ մոտ 600-800 քմ տարածությամբ պահեստ: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ պահեստային տարածքների վարձակալության ամսավճարն ավելի քիչ է, քան խանութի համար հատկացվող տարածքինը: Պահեստի եւ որպես խանութ ծառայող տարածքի համար Միքայելյանն ամեն ամիս վճարել է 750.000 դրամ:

Պայթյունի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Միքայելյանի պահեստում գտնվող ապրանքը. «Մեր վնասի չափը ապրանքներն ինքնարժեքով, որ հաշվում ենք, նախնական գնահատմամբ՝ կազմում է 250 միլիոն դրամ եւ ավելի. պահեստում եղած ամբողջ ապրանքն այրվել է: Փոխհատուցման առումով այս պահին կոնկրետ ոչ մեկից ակնկալիք չունենք, չենք էլ հետաքրքրվում, որովհետեւ վստահ ենք, որ ոչ մի տեղից ոչ մի փոխհատուցում չի լինի: Անցած տարի էլ ապրիլի 6-ին տեղի ունեցավ հրդեհ, այրվեց 18 տաղավար: Հրդեհը սկսել էր մեր տաղավարից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող տաղավարից, հոսանքի շիթը բռնկվել էր, մտել էր առաջին խանութ ու տարածվել ամբողջ շենքով: Էնքան վատ են աշխատում, որ անվտանգության աշխատակիցները նույնիսկ մարդկանց համարները չեն ունեցել, որ տեղեկացնեն, թե շենքի այն ծայրից կրակ է բռնկվել, հասեք ձեր խանութներից, ինչ կհասցնեք հանեք: Մեզ լուսաբացին զանգեցին ոստիկանությունից, ասացին՝ կայանած մեքենա ունեք, հրշեջների աշխատանքին խանգարում է: Երբ հասանք Սուրմալու, տեսանք՝ մեր խանութն արդեն 100 տոկոսով այրվել է, չենք կարող բացել, մտնել ներս կամ ինչ-որ բան փրկել: Առաջին հրդեհից մեր վնասը կազմել էր մոտ 80 միլիոն դրամ:

Փոխհատուցումի՞ց ենք խոսում, եկեք տեսնենք՝ ինչ է արել տնօրինությունը, ինչ ենք արել մենք: Իրենք վերանորոգել են միմիայն խանութի ճակատային հատվածը, որը մոտ վեց մետր է, տեղադրել են մետաղապլաստիկե դուռ ու մեկ լուսամուտ, մաքրել են այրված ապրանքների մնացորդները: Մենք տրամադրված տարածքը ամբողջությամբ վերանորոգել ենք մեր ուժերով: Ըստ պայմանագրի՝ որպես փոխհատուցում տվել են վեց ամիս չվճարելու վարձակալության վճարը, բայց մինչեւ մենք այդ մոխրակույտը, վառված պատերը նորոգել ենք, անցել է մոտ 4,5 ամիս: Էդ փոխհատուցումը փաստորեն կազմեց 1.5 ամսվա վարձավճարի չափը՝ մեկ միլիոն դրամ, բայց վնասը կազմել էր 80 միլիոն դրամ:

Փոխհատուցում ասվածը ոչ մի բան էր, կարելի էր իրենց ասել՝ էդ էլ ձեզ նվեր, ձե՞ռ եք առնում: Միշտ էլ վարձակալների բողոքները եղել են, մի խանութում հոսանքներն է վատթար վիճակում, մյուսում տանիքից ջուր է կաթում:

Մեր վարձակալած պահեստն էլ է վերջին հարկում ու ամեն գարուն, աշուն, երբ անձրեւ կամ ձյուն էր գալիս, ջուրը կաթում էր մեր հոսանքների վրա: Երբ ասում էինք՝ եկեք, սարքեք, գալիս էին մի լոկալ տարածք սարքում, գնում, ինչը տեւում էր 5-10 օր: Հաջորդ անձրեւից հետո նորից ջրի կաթոցներ: Բոլորի մոտ նմանատիպ խնդիրներ կան, ում մոտ չկա, էդ խնդիրը վերացնում է տնտեսվարողը: Հիմնարկության տրամադրածը չորս պատ է՝ առանց որեւէ կոմունիկացիայի»:

Մեր զրուցակցի խոսքով, օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետո ամբողջ երկինքը հրավառություն էր մոտ տասը րոպե տեւողությամբ. «Դա իրոք վկայում է այն մասին, որ այնտեղ եղել է պահեստ, որտեղ պահվել են մեծ քանակությամբ դրսում կրակվող սալյուտներ»:

«Սուրմալուի» գործադիր տնօրենն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ երբ քննությունը պարզի պայթյունի պատճառներն, ինքն այդ ժամանակ կխոսի ու անջատեց հեռախոսը:

Ռազմիկ Զախարյան

Արդեն երկու տարի է՝ առեւտրի կենտրոնի վարձակալները չեն տեսնում «Սուրմալուի» սեփականատեր Ռազմիկ Զախարյանին, լսել են, որ առողջական խնդիրներ ունի. «Շուկայի տնօրինությունը միայն իր պայմանագրով նշված գումարի տերն է, վերցրեց, գնաց, խանութդ կփլվի, չգիտեմ հրդեհ կընկնի, ինչ ասես կլինի, բոլոր ֆինանսական հարցերով պետք է զբաղվի տնտեսվարողը: Ինքը միայն իր փողի տերն է, եկավ ամսի 1-ը՝ պարտադրում է մուծել, չես մուծում՝ զանգում են, մարդ են ուղարկում, բայց մնացած ոչ մի հարցով հետաքրքրվող չկա: 100 տոկոսով գերշահույթ են ստանում, իհարկե, որովհետեւ միայն վարձավճար հավաքել ու գումար չծախսել ոչ մի բանի համար, արդեն գերշահույթ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031