Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) հերթական նիստի օրակարգում «Արմենիա» TV ՓԲ, «Հուսաբեր» ՓԲ, «Շանթ» ՍՊ, «Ա–ԹԻՎԻ» ՍՊ, «ՄՈւԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ, «ՇԱՐԿ» ՍՊ, «ԴԱՐ-21» ՓԲ, «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ, «ՄՈ TV Մեդիա հոլդինգ» ՓԲ եւ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունների կողմից ՀՌՀ-ին ուղղված գրությունն էր (Հանձնաժողովի 15.01.2021 թվականի թիվ 14-Ա եւ 04.06.2021 թվականի թիվ 93-Ա որոշումները անվավեր ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերաբերյալ), որին պետք է գործող օրենսդրության շրջանակում պաշտոնական մեկնաբանություն տրվեր:
Նիստի ժամանակ նշվեց, որ կա երկու դատական ակտ, որոնցից մեկով անվավեր է ճանաչվել մայրաքաղաքային մրցույթի որոշումը, մյուսով՝ հանրապետականի: Արդյունքում՝ նոր մրցույթներ են հայտարարվել: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ ՀՌՀ-ն դատարանի վճիռների կատարումն ապահովելու նպատակով արդեն հայտարարել է հանրային մուլտիպլեքսի սլոթի մայրաքաղաքային և հանրապետական սփռման նոր մրցույթներ, սպառելով օրենքով իր լիազորությունների շրջանակը՝ ուղղված վճիռների կատարման ապահովմանը։
Նա ասաց, որ իրավիճակն աննախադեպ է, եւ երբեք չի եղել այնպես, որ հանրային մուլտիպլեքսի ամբողջական եթերազրկում լինի, դրա համար էլ ՀՌՀ-ն հատուկ նիստ է հրավիրել՝ որոշում կայացնելու համար:
«Հանձնաժողովը սահմանադրական մարմին է, եւ Տեսալսողական մեդիայի մասին օրենքով մենք մասնակցում ենք Հայաստանի տեղեկատվական քաղաքականության մշակմանը եւ իրականացմանը…Մենք խնդրահարույց ենք համարում այս վճիռները, սակայն որպես օրինապաշտ պետական կառույց՝ ի կատարումն վճիռների հայտարարել ենք երկու մրցույթ: Մայրաքաղաքայինը կլինի նոյեմբերին, հանրապետականը՝ մինչեւ դեկտեմբերի կեսին: Բացի իրավականից՝ մենք այստեղ բազմաթիվ այլ խնդիրներ ենք տեսնում… Միանգամից 5 հեռուստաընկերություն մուլտիպլեքսի պետական սփռման տիրույթից վերանում է: Մարդիկ առավոտյան արթնանում են, եւ տեսնում, որ 5 անկախ, կոմերցիոն ալիք Հայաստանում չի գործում:
Կարդացեք նաև
Ինչ հետեւանքների է դա բերում: Առաջինը՝ շատ անհարմար վիճակի մեջ է դնում հենց այդ հեռուստաընկերություններին, որոնք պարտաճանաչ մասնակցել են մրցույթին, հաղթել են, ներդրումներ են կատարել, մի քանի տարվա նախագծեր են մշակել եւ իրականացնում, բազմաթիվ պարտավորություններ ունեն հանրության եւ գովազդատուների առջեւ, ունեն վարկային պարտավորություններ: Նրանց եթերազրկելով՝ փաստորեն կասեցնում ենք այդ հեռուստաընկերությունների ոչ միայն զարգացումը, այլ հետագայում եթեր վերադառնալը:
Մենք չպետք է մոռանանք, որ հանրային մուլտիպլեքսով հեռարձակումը պետության պարտավորությունն է, որով ապահովում է ՀՀ բնակչության բազմազան, անվճար տեղեկատվություն ստանալու իրավունքը»,-ասաց Տիգրան Հակոբյանը:
Հավելեց, որ հինգ հանրապետական խոշոր ալիքների եթերազրկումը խփում նաեւ սոցիալապես խոցելի խավերին, որոնք համացանց մտնելու գումար չունեն. «Պատկերացրեք՝ ինչ-որ փոքր բնակավայրում մի ընտանիք միացնում է հեռուստացույցը եւ սեւ էկրան է տեսնում: Այլ սոցիալական խնդիր էլ կա՝ հարյուրավոր մասնագետներ, որոնք աշխատում են հեռուստաընկերությունում, ժամանակավորապես անգործ են մնում: Այսպիսի տասնյակ այլ գործոններ կան»:
ՀՌՀ անդամ Վլադիմիր Օհանյանի ձեւակերպմամբ, եթերազրկումների հետեւանքով խոցելի է դառնում նաեւ Հայաստանի տեղեկատվական անվտանգությունը, հանրությունը զրկվում է հայալեզու եւ հայկական բովանդակությամբ հաղորդումներ դիտելու հնարավորություններից, հատկապես որ ցանցային օպերատորների մոտ ոչ հայերեն հաղորդումներ են:
Տիգրան Հակոբյանն ընդգծեց, որ համապատասխան փոփոխություններ մտցնելով օրենսդրության մեջ՝ առաջիկայում կփորձեն չեզոքացնել նման բոլոր վտանգները:
Ինչ վերաբերվում է ստեղծված իրավիճակին՝ որոշվեց եթեր վերադարձնել ոչ միայն Հ1-ի լրատվական ալիքը, այլ եթերից դուրս չթողնել 5 հեռուստաընկերությունները: «Մենք շատ երկար ենք աշխատել այս փաստաթղթի վրա: Կարծում եմ՝ սրանով կկարողանանք այս ճգնաժամային իրավիճակը լուծել»,-ասաց ՀՌՀ նախագահը:
Նշվեց, որ մինչեւ հանձնաժողովի կողմից հանրային մուլտիպլեքսի հանրապետական եւ մայրաքաղաքային նոր մրցույթների արդյունքում որոշումների կայացումը՝ համապատասխան լիցենզիաների գործողությունը չի կարող դադարել, եւ հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողները կարող են շարունակել իրենց հեռարձակումը:
Որոշումն ընդունվեց, եւ նիստի օրակարգը սպառվեց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ