Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ոստիկանությունը լուրջ մտավախություն ունի, որ օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում լինելու է այնքան մարդ, որ կառավարության շենքը կարող է արգելափակվել»

Օգոստոս 19,2022 16:43

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը օգոստոսի 23-ին՝ «Հայաստանի Անկախության Հռչակագրի» ընդունման օրը, Հանրապետության հրապարակում բոլորին հրավիրում է հանրահավաքի եւ մտադիր է այդ օրը տալ նոր «Անկախության շարժման» մեկնարկը: Նույն օրը կեսօրին նրա նախաձեռնությամբ 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորների մասնակցությամբ հրավիրվելու է նաեւ խորհրդանշական նիստ, որտեղ Հայաստանի անկախության ընդունման հայրերը պետք է վերահաստատեն իրենց ընդունած պատմական որոշումը:

Խորհրդանշական նիստն անցկացնելու նպատակով Էդգար Ղազարյանը պաշտոնական գրություն է հանձնել վարչապետի աշխատակազմին՝ Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող դահլիճը, որտեղ 1990 թվականին ընդունվել է Անկախության Հռչակագիրը, տրամադրելու համար: Նաեւ հանրահավաքը Հանրապետության հրապարակում կազմակերպելու մասին ծանուցել է Երեւանի քաղաքապետարանին եւ ոստիկանությանը՝ ի գիտություն ընդունելու:

Պատասխանները ստացվել են եւ պարոն Ղազարյանը «Հայելի» ակումբում ներկայացրեց դրանք: Նա նախ ասաց, որ կառավարությունը մերժել է Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող դահլիճը տրամադրել եւ անդրադարձավ քաղաքապետարանին:

«Երեկ մեզ մեր իրազեկման թեմայով հրավիրեցին քաղաքապետարան՝ հանրային լսումների, որին ներկա էր նաեւ ոստիկանության ներկայացուցիչը: Քաղաքապետի անունից հանդես էր գալիս իրավաբանական վարչության պետի տեղակալը, որը չուներ քաղաքապետի լիազորագիր: Դրա փոխարեն կար ընդամենը այս տարվա օգոստոսի 4-ի որոշում: Իսկ քաղաքապետը դժվար թե նախապես կարող էր գլխի ընկնել, որ օգոստոսի 16-ին հանրահավաքի հայտ ենք տալու:

Ինչեւէ, ասացին, որ ոստիկանությունը տեղեկանք է տվել, թե նպատակահարմար չի գտնում, որ Հանրապետության հրապարակում անցկացվի հանրահավաք այն բացատրությամբ, թե Հանրապետության հրապարակում է գտնվում կառավարության շենքը: Իսկ օրենքն ասում է, որ հանրահավաքները պետք է կազմակերպվեն այնպես, որ կառավարական շենքերը՝ նախագահի նստավայրը, Ազգային ժողովը, դատարանները եւ այլն, չարգելափակվեն, բնականոն ելումուտը չխաթարվի: Ինձ հարցրին, թե տեղյա՞կ եմ, որ այդպիսի օրենք կա: Պատասխանեցի, որ ոչ միայն տեղյակ եմ, այլեւ եղել եմ ՍԴ աշխատակազմի ղեկավարը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով նրա կողմնակիցները 2019 թվականի մայիսի 20-ին արգելափակել էին ՍԴ շենքի մուտքերը եւ ոչ մի աշխատակցի, այդ թվում՝ դատավորներին, չէին թողել մտնել ՍԴ՝ խոչընդոտելով սահմանադրական արդարադատության իրականացումը: Ես այդ առիթով հաղորդում եմ տվել հանցագործության մասին եւ մինչեւ այսօր ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Ավելին, տեղյակ լինելով օրենքի պահանջին՝ մենք ընտրել ենք, թերեւս, տարածաշրջանի ամենամեծ հրապարակը, որովհետեւ Երեւանում ուրիշ հրապարակ չկա, որի մակերեսը 3,5 հա է: Բայց անհանգիստ են, որ պետք է այնքան մարդ հավաքվի, որ խտությունը հասնի կառավարության շենքի դռներին եւ շենքն արգելափակվի: Անկեղծ ասած, դա լսելով շատ ուրախացա: Մտածեցի. ուրեմն ոստիկանությունում ինչ-որ բան գիտեն: Դա հենց այնպես հիմնարկ չէ, ոստիկանությունն է, որը տիրապետում է օպերատիվ ինֆորմացիային ամբողջ հանրապետությունում եւ վերահսկում է օպերատիվ իրավիճակը: Եվ եկա եզրակացության, որ ոստիկանությունը պաշտոնապես հաստատում է, որ 2022 թվականի օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում լինելու է այնքան մարդ, որ արգելափակվելու է նույնիսկ կառավարության շենքը:

Բայց ասացի, որ մենք ոչ մի շենք, փողոց, շրջափակելու մտադրություն չունենք, որ եթե մեր կողմնակիցներն այնքան շատ լինեն, որ հրապարակում տեղի խնդիր լինի, ես որպես կազմակերպիչ պարբերաբար կոչեր կանեմ, որպեսզի հանրությունը հնարավորինս հեռու մնա կառավարության շենքից: Մենք այդ օրը ընդամենը հավաքվելու ենք՝ իրար խոսք ասելու, տոնելու Անկախության Հռչակագրի ընդունման օրը եւ տեր կանգնելու մեր պետականությանը»,-ասաց պարոն Ղազարյանը եւ նշեց, որ առաջարկվում է այդ օրը հանրահավաքն անցկացնել Շահումյանի անվան հրապարակում:

«Ասում եմ՝ իսկ դուք գիտե՞ք, որ Շահումյան հրապարակի անմիջական հարեւանությամբ կառավարական շենքերի մի մեծ վարչական համալիր կա, որտեղ կա հինգ նախարարություն, այդ թվում՝ ԱԳՆ-ն: Դատախազության ու Կենտրոնական բանկի շենքերը դեռ չեմ հաշվում: Եվ այդ վարչական շենքերը Շահումյան հրապարակին ֆիզիկապես ավելի մոտ են, քան Հանրապետության հրապարակում մեր նախանշած վայրը՝ կառավարության շենքից: Այսինքն, իրենց առաջարկը ավելի ռիսկային է»,- հակադարձել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031