Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ Առաջինի լրատվական ալիքը վերադառնում է հանրային մուլտիպլեքս: Այսպիսով, մեր հեռուստադիտողները կրկին կարող են հետևել Առաջինի լրատվական ալիքին սովորական թվային ընդունիչով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ծանուցում էր ստացվել առ այն, որ ՀՀ վարչական դատարանը անվավեր է ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 04.06.2021թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը: Արդյունքում, դադարեցվել էր Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը:
Նախօրեին հանրային մուլտիպլեքսում հեռարձակում ունեցող բոլոր հեռուստաընկերությունները դիմել էին ՀՌՀ նախագահին ՀՀ վարչական դատարանի դատական ակտերով հեռուստաընկերությունների՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակումը դադարեցնելու խնդրի կարգավորման նպատակով:
Հեռուստաընկերությունները մեդիադաշտի լիազոր մարմնից հայցել էին ստանալ պաշտոնական մեկնաբանություն գործող օրենսդրության շրջանակում և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի համատեքստում՝ առաջարկելով շարունակել «Առաջինի լրատվական ալիք», «Արմենիա Թիվի, «Երկիր մեդիա», «Շանթ», «Ա-Թիվի» և «Կենտրոն Թիվի» ծրագրերի հեռարձակումը մինչև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից նոր մրցույթների ամփոփումը:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի որոշմանը և հիմնավորումներին կարող եք ծանոթանալ ՀՌՀ կայքում:
Հանրային հեռուստաընկերություն