Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանից լայնածավալ հարձակում է արվում «Բեւեռի» դեմ․ սա նախերգանքն է»․ Հայկ Մարտիրոսյան

Օգոստոս 19,2022 16:35

«Վերջին օրերին ռուսական «5-րդ շարասյունը» եւ ռուսական իշխանությունները լայնածավալ հարձակումներ են սկսել «Ազգային ժողովրդավարական բեւեռի» դեմ․ ուղղակի անուն չեն նշում, բայց «Բեւեռ»-ին նկատի ունեն։ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան բողոքի նոտայի մասին է խոսքը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Ազգային ժողովրդավարական բեւեռի» խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով․ «Գործ ունենք թելադրող եւ մանկլավիկ ռեժիմների հետ եւ նրանք ՀՀ-ից հաշիվ են պահանջում, թե ինչու ենք մենք գործում։ Հիմա հիմար վիճակում են դրել թե իրենց, եւ թե ՀՀ ԱԳՆ-ին, որովհետեւ պատասխան են պահանջում, իսկ իրենց ուզածը խոսքի ազատության սահմանափակումն է ՀՀ-ում։ Բացահայտ են դա ասում եւ ուղերձ հղում ՀՀ-ի ռեժիմին, որ մեր դեմ ռեպրեսիաներ սկսեն։ Եթե վաղը նման բան տեսնեք, չկասկածեք, որ դա է։ ՌԴ ԱԳՆ-ն իրեն ծայրահեղ անհեռատես է պահում։ Հուսանք՝ ՀՀ ԱԳՆ-ն նման բան չի անի»։

Մարտիրոսյանի խոսքով՝ հիմա ՀՀ-ն տարածաշրջանային լուրջ գործընթացում է, ԱՄՆ-Իրան, Իրան-ԵՄ գործընթացներ եւս կան, իսկ Մեղրիի հետ կապված իրադարձություններ են զարգանում․ «Հիմա ՌԴ-ն փորձում է ՀՀ-ում նոր արհավիրք կազմակերպելուց առաջ լռեցնել եւ սահմանափակել պայքարող միակ քաղաքական ուժին՝ «Բեւեռին», որն իր գործակալական քաղաքական ուժը չէ։ Չենք բացառում, որ սա մեր հանդեպ բավականին լուրջ գործողությունների նախերգանքն է։ Վաղուց գոյություն չունի «Սասնա ծռեր» խմբավորում, իսկ կուսակցությունը ներգրավված է «Բեւեռի» կազմում, բայց ակտիվ չի։ Պատահական չէ, որ փորձում են հին՝ ԱԱԾ-ական, փաշինյանական թեզերով ծռերին ահաբեկիչներ ներկայացնել եւ տարածել այն «Բեւեռի» վրա։ Հիմա ակտիվացրել են այդ գործունեությունը եւ հիմարաբար փորձում են ցույց տալ, թե «Բեւեռ» չկա»։

Հայկ Մարտիրոսյանը համոզված է, որ իրենց դեմ հարձակումները պատահական չեն, այլ համակարգված։

Հիշեցնենք, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ «Սուրմալու»-ի դեպքերի հետ կապված, որտեղ մասնավորապես նշել է. «Վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյական ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության հետ առնչություն ունենալու վերաբերյալ: Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսեւորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»:

«Ազգային ժողովրդավարական բեւեռի» խորհրդի անդամ Կարո Եղնուկյանն էլ իր հերթին նշեց, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի առնչությամբ իրենք հայտարարություն էին տարածել, որ դա գաղութարարի ձեռագրի է նման․ «Երբ Ռուսաստանն այս հայտարարությունը վերագրում է իրեն, նշանակում է, ընդունում է, որ գաղութարար է, որովհետեւ մենք «Ռուսաստան» բառը չէինք օգտագործել»։

«Ազգային ժողովրդավարական բեւեռի» խորհրդի մեկ այլ անդամ Գարեգին Չուգասզյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տարածաշրջանում կարեւոր գործընթացներին եւ Բերձորում էթնիկ զտումներին զուգահեռ՝ ՀՀ-ում հնչել են պայթյունների մասին կեղծ ահազանգեր, եւ իրական պայթյունն ի վերջո տեղի ունեցավ․ «Սա պատահական չէ, եւ մենք իրավունք ունենք ենթադրություններ անելու։ Աշխարհի ժողովրդավարական երկրները հայտարարում են, որ Ռուսաստանն էներգետիկ, պարենային ահաբեկչություններ է իրականացնում։ Մենք իրավունք ունենք խոսքի ազատությամբ ենթադրել, որ ՀՀ-ում եւս ահաբեկչություն է եղել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031