Այսօր Գյումրու ավագանին արտահերթ նիստ էր գումարել՝ քննարկելով հասարակական տրանսպորտին առնչվող մի քանի կարևոր հարցեր՝ մասնավորապես ներհամայնքային երթուղիների փոխադրավարձը, վարորդների աշխատավարձը։ Զեկուցողը նորաստեղծ կառույցի՝ «Գյումրու ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենն էր։
Վերջինիս ձայնը լավ չէր լսվում, բացի այդ՝ զեկույցը բազում հարցեր էր առաջացնում, պաշտոնյան բովանդակությունը չէր մանրամասնում, նրա խոսքը հայտարարություն էր հիշեցնում։
Եվ երբ ավագանու նիստից հետո տեղում աշխատող լրագրողները փորձեցին հարցազրույց վերցնել՝ թե՛ «Գյումրու ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ԺՊ Գրիգոր Մաթևոսյանը, և թե՛ քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Գեորգի Ղազարյանը կտրուկ հրաժարվեցին, թե «մնա հետո»։
Լրագրողները բանակցում էին, փորձում համոզել, որ պետական պաշտոնյան պարտավոր է հարցազրույց տալ, որովհետև հաշվետու է հասարակության առաջ, իսկ «հետո»-ն ուշ կլինի։ Միևնույն է՝ պաշտոնյաներն անդրդվելի էին։
Կարդացեք նաև
Եվ երբ լրագրողներից մեկն առաջարկեց բարձրանալ վերև՝ 3-րդ հարկ՝ տրանսպորտի աշխատանքը կարգավորող փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի մոտ (վերջինս ՊՆ Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին է),տրանսպորտի բաժնի պետի կողքին կանգնած մի երիտասարդ հեգնեց՝ թե «կռիշ ելեք, հարցերն էնտեղ լուծեք»։
Սա հունից հանեց տարիներ շարունակ այդ նույն քաղաքապետարանի պաշտոնյաների հետ շփված լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Լրագրողները զայրացան՝ պահանջելով ներկայանալ, թե ո՞վ է այդ աշխատակիցը և ո՞ր ուժն է նման բառապաշարով ու պահվածքով անձնավորությանը բերել, աշխատանքի տեղավորել քաղաքապետարանում։
Լրագրողները բարձրացան փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի մոտ, վերջինս, սակայն, իր առանձնասենյակի դուռն անգամ չբացեց, հետո պարզաբանեցին, որ նրա մոտ խորհրդակցություն է։ Ի դեպ, Արթուր Պապիկյանը Գյումրիի այն բացառիկ պաշտոնյաներից է, որն իր գործունեության մեկ տարվա ընթացքում գեթ մեկ անգամ լրագրողների հետ հրապարակային զրուցած չկա։
Սակայն, հանուն արդարության ասենք, որ նա թեև իր առանձնասենյակից դուրս չեկավ, սակայն կարգավորեց հարցը՝ իր մոտ կանչելով տրանսպորտի բաժնի պետ Գեորգի Ղազարյանին։ Վերջինս այս ամենից հետո մոտեցավ լրագրողներին ու հարցազրույց տվեց։
Նկատենք, որ Գեորգի Ղազարյանը բավական հաջողված հարցազրույց տվեց, այն կներկայացնենք քիչ հետո։ Այս պաշտոնյան կարծես թե մամուլի հետ աշխատելու որևէ բարդույթ չունի, հատկապես որ նախկինում ևս աշխատել է Գյումրու քաղաքապետարանում՝ 5-6 ամիս շարունակ զբաղեցնելով Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանի տեղակալի պաշտոնը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հ․ Գ․ Նշենք նաև, որ լրատվամիջոցների հետ իր աշխատանքով ուղղակիորեն փայլում է Գյումրու ՔՊ-ական փոխքաղաքապետերից Դավիթ Առուշանյանը, երբեմն նա՛ է նախաձեռնում հարցազրույցներ․ երբ ասելիք ունի, շատ հաճախակի է դիմում լրատվամիջոցների օգնությանը։ Այս անգամ էլ Դավիթ Առուշանյանը մոտեցավ, բարևեց ու հետաքրքրվեց, թե ի՞նչ է եղել, ինչո՞ւ են վրդովված Գյումրի լրատվական դաշտի ներկայացուցիչները։