Ավստրիական զարգացման գործակալությունը «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի միջոցով Լոռու մարզին կտրամադրի գյուղատնտեսական դրոններ, լրացուցիչ սարքավորումներ և դրանց շահագործման վերաբերյալ անհրաժեշտ ուսուցում կկազմակերպի համապատասխան մասնագետների համար:
Այս գործընթացը լիարժեքորեն կազմակերպելու նպատակով Լոռու մարզպետարանի և Ավստրիական զարգացման գործակալության միջև՝ ի դեմս Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և ԵՄ կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսի, կնքվեց փոխըմբռնման հուշագիր:
Հուշագրի կնքման արարողությանը ներկա էին նաև Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը:
Հուշագիրը հիմնականում վերաբերում է ուսումնական ծրագրերին և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով կարողությունների զարգացման ապահովման հարցերին, երկկողմ պարտավորություններին: Այն հնարավորություն կտա միավորել Լոռու մարզի գյուղական համայնքներում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համատեղ ջանքերն ու ռեսուրսները և արդյունավետ համագործակցել «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Կարդացեք նաև
– Գյուղատնտեսության ոլորտը մեր ուշադրության կենտրոնում է: Մենք ողջունում ենք ոլորտին առնչվող յուրաքանչյուր նորարարական գաղափար և պատրաստ ենք աջակցելու գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաների ներդրման, փորձի փոխանակման յուրաքանչյուր նախաձեռնության,- ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:
Համագործակցության պատրաստակամությունն իր խոսքում ողջունեց նաև Պասխալիս Բոկկերսը:
Լոռու մարզպետարան