Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Արցախի ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունների հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ նշելով, որ հանդիպման օրը դեռևս չի հստակեցվել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արցախի Աժ ընդդիմադիր՝ «Արդարություն» «ԱԺԿ» և «ՀՅԴ» խմբակցությունները դիմել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը՝ Լաչինի միջանցքի հետ կապված՝ ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդի հայտարարության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով։
Նախաձեռնությանը չէր միացել «Միասնական հայրենիք» խմբակցությունը։ Խմբակցության անդամ Սեյրան Հայրապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, թե իրենք տեղյակ չեն եղել։
«Արդարություն» խմբակցության ղեկավարն էլ շեշտեց, որ նախաձեռնությունն ընդդիմությանն է, իսկ «Միասնական հայրենիքն» ընդդիմադիր ոչ մի նախաձեռնության չի միացել։ Քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը ևս, նրա խոսքով, տապալվել է այդ ուժի չմիանալու պատճառով։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Արցախի Ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների գործունեությունը՝ 2020թ․ մայիսից սկսած, քննելու և թույլ տրված կամայականությունները բացահայտելու համար Արցախի ընդդիմադիր ուժերը սույն թվականի հունիսին հանդես էին եկել քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Քանի որ ընդդիմադիր ուժերի ձայները /ութ ձայն/ բավարար չէին՝ հանձնաժողով ստեղծելու համար /մեկ ձայն պակասում էր/, «Միասնական հայրենիք» խմբակցության մեկ պատգամավոր սկզբում միացել էր նախաձեռնությանը, հետո՝ հետ կանգնել, և արդյունքում քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը տապալվել է։