Լրահոս
Օրվա լրահոսը

2022թ. առաջին կիսամյակում բյուջեի կատարումը շեղվել է պլանից շուրջ 205 մլրդ դրամով

Օգոստոս 19,2022 11:35

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է 2022թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպիսով՝

2022թ. առաջին կիսամյակում բյուջեի կատարումը շուրջ 205 մլրդ դրամով շեղվել է պլանից:

Սրա հիմնական պատճառը բյուջեի ծախսերի թերակատարումն է: Թերակատարման չափն էականորեն մեծացել է նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, որի պատճառներից է նաև այն, որ նախօրոք պլանավորվել էին անիրատեսական ցուցանիշներ: Այսպես, կապիտալ ծախսերի գծով ճշտված պլանով նախատեսված գումարը 2022-ի համար կազմում է շուրջ 365.2 մլրդ դրամ, ինչը շուրջ 148.9 մլրդ դրամով կամ 68.8%-ով գերազանցում է նախորդ տարվա փաստացի ցուցանիշը: Սակայն, առաջին կիսամյակի փաստացի ցուցանիշներից և 40․7% թերակատարման չափից ակնհայտ է, որ նման բարձր ցուցանիշներ հնարավոր չի լինի ապահովել: Ընդ որում, հիշենք, որ 2022թ. բյուջեի քննարկման և ընդունման փուլում կառավարությունը որպես հիմնական ձեռքբերում էր նշում աննախադեպ չափով կապիտալ ծախսերի պլանավորումը: Ստացվում է, որ ծախսերի իրականացման կարողությունը մնացել է նույն մակարդակում, կառավարությունն այդ ուղղությամբ որևէ քայլ չի արել, սակայն, պարզապես ներկայացնելու համար, ի սկզբանե բյուջեում արտացոլել է անիրատեսական ցուցանիշներ:

2022թ. առաջին կիսամյակում հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է խիստ զսպող՝ հիմնականում ծախսերի թերակատարման հետևանքով:

Թեև ներկա իրավիճակում զսպող հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը արդարացված է, դա չպետք է իրականացվի կապիտալ ծախսերի հաշվին, քանի որ վերջինիս թերակատարումը վնասում է տնտեսության ներուժը: Ներկայումս, ներքին պահանջարկի աճի պայմաններում, կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի տնտեսության առաջարկի հատվածը խթանելու համար, որի իրականացման լավագույն գործիքներից մեկը հենց կապիտալ ծախսերն են:

Ռուս-ուկրաինական հակամարտության սրման և դրանից ածանցվող գործոնների՝ ՀՀ տնտեսության վրա ունեցած ազդեցությունների մասով որևէ գործողություն չի իրականացվում:

Ներկա արտաքին շոկը տնտեսության վրա ասիմետրիկ ազդեցություն է ունենում, այսինքն՝ որոշ ոլորտներում խիստ դրական զարգացումներ են արձանագրվում (օրինակ՝ ծառայություններ և առևտուր), իսկ որոշ ոլորտներում առաջանում են խնդիրներ՝ փոխարժեքի արժևորմամբ պայմանավորված (ՏՏ, շինարարություն, դեպի ԵՄ արտահանողներ): Այս պայմաններում, կառավարությունը պետք է իրականացնի միջոցառումներ դրական զարգացումներ ունեցող ոլորտներն առավել արդյունավետ հարկելու և տուժող ոլորտներին թիրախային աջակցություն տրամադրելու ուղղությամբ, որը, սակայն, չի անում:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հիմնադրամի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։

Աղբյուրը՝ «ԼՈՒՅՍ» տելեգրամյան ալիք

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031