Լրահոս
Օրվա լրահոսը

Պառակտման գործոնները

Օգոստոս 19,2022 10:30

Հոգեբանները պնդում են, որ ժամանակից կյանքը, իր բուռն, անսպասելի իրադարձություններով, անկանխատեսելի շրջադարձներով առաջացնում է երեք տեսակի ճգնաժամ՝ մարդիկ իրար չեն հասկանում, իրար չեն վստահում եւ, երրորդը՝ կորցրել են ապրելու իմաստը: Դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում, բայց հատկապես այն հասարակություններում, որոնք, Հայաստանի նման, վերապրում են հեղափոխություններ, աղետներ, պատերազմներ, այդ ամենն ավելի ցայտուն է արտահայտվում:

Շատ բնական է, որ այդ հանգամանքներում սրվում են մարդկանց պարանոյիկ հակումները, նրանք իրար կասկածում են թշնամական կամ դավաճանական հակումների մեջ եւ ամեն մի թփի տակ դավադրություններ են փնտրում:

Ճգնաժամի հիմնական արատներից մեկն այն է, ինչը ամերիկացի ընկերաբան Իրվինգ Հոֆմանն անվանում է «ստիգմատիզացիա»՝ առանց հասկանալու, առանց խորանալու պիտակ կպցնելը, երբ դիմացինի մեջ տեսնում ես ոչ թե մարդու, այլ նախեւառաջ՝ այս կամ այն էթնոսի, ցեղային, սեռական, կրոնական, քաղաքական կամ այլ խմբի ներկայացուցչի: Ընդ որում, այդ՝ «հակառակ խմբի» ներկայացուցիչը կարող է լինել մոտիկ ընկերդ կամ եղբայրդ: «Եղբայրներիս համար ես օտար եղա, եւ մորս որդիների համար՝ հյուր», – դարեր առաջ գրում էր բանաստեղծական ձիրք ունեցող թագավորներից մեկը:

Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ այստեղ չկան էթնոսի կամ կրոնի հետ կապված հակասություններ՝ տարբեր կրոնական համայնքներին պատկանելը կամ աթեիստ լինելը մեզ համար, որպես կանոն, խնդիր չէ: Այսպիսով, «արանքից դուրս են գալիս» այլ պետություններին կամ ազգերին պառակտող երկու հսկայական գործոնները: Մնում է՝ «քաղաքականը», օրինակ՝ նիկոլականության եւ հականիկոլականության վրա հիմնված պառակտումը:

Անձամբ ինձ նման հակասությունները լուրջ եւ խորքային չեն թվում: Պարզապես, ինչպես արդեն ասվեց, այսօր դժվարացել է մադկանց շփումը՝ նրանք իրար չեն լսում, չեն վստահում եւ փոխարենը գերադասում են «ստիգմատիզացիան», որին, անշուշտ, նպաստում է նաեւ սոցցանցային աշխարհն՝ իր «տեղեկատվական պատյաններով»: Այստեղ մեկ խմբի ներկայացուցիչները (ասենք, Հայաստանի ներկա եւ նախկին 4 ղեկավարներից մեկի երկրպագուները) իրար մեկնաբանում են, կիսում են ու «սրտիկում» միմյանց նյութերը ու միահամուռ հարձակվում երեք այլ խմբակների ներկայացուցիչների վրա, վերջիններից դուրս մղելով իրենց տարածքից: Այսպիսով, խմբերի ներսում ստեղծվում է «հոմոգեն» (միատարր) մի միջավայր: Տեղեկատվական պատյանը (bubble-ը) հենց դա է:

Դրան ավելանում է եւս մի գործոն՝ քաղաքական ռեժիմը: Օխլոկրատիայի դեպքում (ինչպես եւ տոտալիտարիզմի ժամանակ) խիստ կրճատվում է քաղաքական մշակույթի դաշտը, հասարակական ճնշման տակ վերանում են այն հարթակները, որտեղ հնարավոր է տարբեր խմբերի երկխոսությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Պետական կառավարումը մասնագիտություն է, որի հիմունքները պետք է դասավանդվեն սկսած մանկապարտեզից, միջնակարգ ու մասնագիտական դպրոցներում, իսկ պրոֆեսիոնալ դառնալու համար պետք է բարձրագույն կրթություն՝ ավարտել մասնագիտական ինստիտուտների, համալսարանների ու ակադեմիաների համապատասխան ֆակուլտետները: Մենք ունենք պետական կառավարման ինստիտուտ եւ սկսած այսօրվանից այն պետական ծառայողները, ովքեր այդ ինստիտուտի ատեստացիան չանցան, պետք է ժամանակավորապես ազատվեն աշխատանքից, վերցնեն ակադեմիական ընդմիջում եւ պարապեն ու վարժվեն, որ հաջորդ տարի էլի քննություն տան: Կարծում եմ, մեզ բոլորիս զզվացրել է քաղաքականապես անգրագետ ընտրողների ընտրած քաղաքականապես անգրագետ ընտրյալների անգրագետ կառավարումը: Նման էշություն մենակ մեզ մոտ չի, կառավարման այս սիրողական մոտեցումը վերպետական ուժերի համար շատ կառավարելի է դարձնում ցանկացած պետության կառավարություն, նույնիսկ եթե մասնագետ խորհրդական ունենա կողքին, ասողին լսող է պետք՝ կառավարողն իր մասնագիտական անգրագիտության թե մարդկային բարդույթների պատճառով չի ընկալում մասնագետին: Թող մեր գրագետ քաղաքական գործիչներն իրենք օրինակ ծառայեն՝ դառնան կառավարման ինստիտուտի ուսանող՝ անկախ տարիքից, հենց այդ կառավարման ինստիտուտը բարեփոխեն իրենց առաջարկներով: Սա մեր բոլոր քաղաքական ուժերի համար միանշանակ միաձայն ռազմավարական օրակարգ է՝ պարբերաբար մի կլոր սեղանի շուրջ նստում եւ մշակում եւ ընդունում ռազմավարական օրակարգեր: Իսկ այդ օրակարգերի իրացման մարտավարությունները թող լինեն բազմազան, թեկուզ իրար դեմ, գլխավորը բոլորը մի ռազմավարություն ունեն: Այն քաղաքական ուժերը, ովքեր ընդունակ չեն ռազմավարական օրակարգի շուրջ միավորվել մնացած քաղաքական ուժերի հետ եւ իրենց մարտավարությունը խառնում են ազգային ռազմավարության հետ, դրանք միանշանակ ինքնուրույն չեն գործում՝ կամ ծախված են, կամ գործակալ են կամ էլ դեբիլ են՝ հաճախ այդ երեքը միասին են հանդես գալիս: Իսկ ժողովրդի համար թող մասնագետները պետական կառավարման լիկբեզ անցկացնեն հանրային լրատվական միջոցներով, մեզ քաղաքականապես գրագետ ընտրող է պետք, ում հետ քաղաքական ֆոկուսները չեն անցնում:

  2. Ruben says:

    Առաջին հիմնադիր նախագահը ընտրեց և կիրառեց պետական կառուցվածքի ու ժողովրդավարության այլասերված տեսակը, որը հիմնված էր դեմագոգների անընդհատ ազդեցության տակ ընկնող ամբոխի (օհլոսի) փոփոխվող քմահաճույքների վրա։ ԼՏՊ-ի և նրա հհշներից մինչև այսօրվա քաղաքական պոռտաբույծները ոչնչացրեցին երերուն քաղաքական մշակույթի դաշտը և մտցրեցին օհլոսի ամբողջատիրություն:
    Ազգային դեմոսը լքեց տարածքը։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031