Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է. ՀՀ գլխավոր դատախազությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելու փորձերից

Օգոստոս 19,2022 09:55
dataxazutyun

2022թ. օգոստոսի 15֊ին, ժամը 22:26-ին, ժամը 22:42-ին և ժամը 22:55-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն զանգահարել է մի քաղաքացի և տեղեկություն փոխանցել այն մասին, որ 25 րոպեի ընթացքում պատրաստվում է պայթեցնել ՀՀ Ազգային ժողովի շենքը, կպայթեցնի ազգային տեսչությունը և հարկայինի շենքը:

Բացի այդ, 2022թ. օգոստոսի 16-ին ժամը 12:06-ին և ժամը 12:08-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն նույն հեռախոսահամարից անձը կրկին տեղեկատվություն է հայտնել այն մասին, որ 5 «էկվադիտ» է տեղադրել հարկայինի մոտ և եթե 20 րոպեում իրեն չմոտենան, իրեն շենքի հետ միասին կպայթեցնի:

Հիշյալ ահազանգերը ստուգելու նպատակով ոստիկանության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Շիրակի վարչության աշխատակիցները տարհանվել են, ոստիկանության ու ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցների կողմից կատարվել են ստուգման միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ հայտնված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Դեպքերի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ տեղեկություններ հայտնող անձը Գյումրի քաղաքի բնակիչ Ջ.Ս.-ն է, ով նույն օրը՝ օգոստոսի 16-ին, երեկոյան, ձերբակալվել է:

Հսկող դատախազի կողմից օգոստոսի 17-ին որոշում է կայացվել Ջ.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում հարուցելու մասին՝ այն բանի համար, որ նա հայտնել է ահաբեկչության մասին սուտ տեղեկություն, ինչի արդյունքում ստեղծվել է սարսափի մթնոլորտ, առաջացել խուճապ, որը տևական ժամանակ կազմալուծել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Շիրակի վարչության գործունեությունը:

Օգոստոսի 18-ին նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը նույն օրը բավարարվել է:

Հաշվի առնելով վերջին շրջանում նմանատիպ բնույթի կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքերի աճը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ հաղորդակցության ցանկացած միջոցով ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելու փորձերից, որոնք ժամանակավորապես կազմալուծում են կոնկրետ հաստատությունների բնականոն աշխատանքը, ստեղծում հասարակական միջավայրում վախի, խուճապի տրամադրություններ, խաթարում հասարակական կյանքի կենսագործունեությունը: Բոլոր նման դրսևորումները, լինելով քրեորեն պատժելի, ենթարկվելու են մանրակրկիտ քննության: Ձեռնարկվելու են բոլոր միջոցները՝ այդ թվում նաև անհրաժեշտության դեպքում կիրառելով քրեական վարույթներով իրավական փոխօգնության իրավական ընթացակարգերն ու միջազգային համագործակցության լծակները, հանցավորներին հայտնաբերելու և անխուսափելիորեն քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031