Լրահոս
Օրվա լրահոսը

Հրավառությունները կիրականացվեն բացառապես պետական և ՏԻՄ մարմինների պատվերների հիման վրա․ հրապարակվել է փաթեթ, որը կանոնակարգում է հրատեխնիկական արտադրանքի շրջանառությունը

Օգոստոս 19,2022 09:29

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է հրատեխնիկական արտադրանքի շրջանառության կանոնակարգման վերաբերյալ փաթեթ։

Ինչպես նշված է փաստաթղթի բնութագրում՝ «Փաթեթը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, որի անհրաժեշտությունը պայմանավորված էր գիշերային ժամերին լռության խախտման, գիշերային ժամերին իրականացվող հրավառությունների օգտագործման կանոնների խախտումների վերաբերյալ բնակչության կողմից ահազանգված բողոքներով։

Փաթեթը բաղկացած է թվով 10 օրենքների և 1 ՀՀ կառավարության որոշման նախագծերից, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում առաջին անգամ կանոնակարգում են հրատեխնիկական արտադրանքի շրջանառությունը։ Մասնավորապես, սահմանվել է՝

1․«Հրատեխնիկական արտադրանք» հասկացությունը, օրենքով ամրագրվել է, որ հրատեխնիկական արտադրանքի շրջանառության բոլոր փուլերում անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 որոշմամբ հաստատված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ Նշենք, որ Կանոնակարգի գործողությունը ՀՀ տարածքում ուժի մեջ է մտել դեռևս 2015 թվականից։

2․Սահմանվել է «Հրատեխնիկական արտադրանքի դասերը» հասկացությունը, որը որոշվում է Կանոնակարգի պահանջների համապատասխան պարտադիր գնահատման ընթացակարգերով, և ցույց է տալիս դրանց շահագործման ժամանակ պոտենցիալ վտանգավորության աստիճանը։

Ըստ վտանգավորության աստիճանի հրատեխնիկական արտադրանքը բաժանվում է I, II, III, IV և V դասի:

I, II դասի հրատեխնիկական արտադրանքը համարվում է կենցաղային նշանակության, իսկ III, IV և V դասինները՝ տեխնիկական նշանակության։

3․Սահմանվել է «հրավառություն» հասկացությունը, որը իրականացվում է բացառապես լիցենզավորված իրավաբանական անձանց կողմից՝ III, IV և V դասի հրատեխնիկական արտադրանքի կիրառմամբ։

Սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հրավառությունները իրականացնում են բացառապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվերների հիման վրա «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տոն օրերին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ դեպքերում։

Տեղական ինքնակառավարման մարմինների պատվերների հիման վրա իրականացվող հրավառությունների անցկացման վայրը, ամսաթիվը և ժամը որոշում է համայնքի ավագանին։

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ դեպքերում իրականացվող հրավառության անցկացման վայրը, ամսաթիվը և ժամը որոշում է Երևան քաղաքում՝ քաղաքապետը, համայնքներում՝ համայնքի ղեկավարը։

Համայնքի ավագանու և ղեկավարի կողմից հրավառության իրականացման թույլատրելի վայրի որոշումը ընդունելուց հետո մեկ օրյա ընթացքում այն տեղադրվում է համայնքապետարանի պաշտոնական համացանցային կայքում՝ հնարավորություն ընձեռելով բնակչությանը նախապես տեղեկանալու սպասվող հրավառության մասին։

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ դեպքերում իրականացվող հրավառության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

5․Նախագծով սահմանվել է պաշտպանական դրույթ, համաձայն որի բնակչության, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգության ապահովման նպատակով, պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր սահմանափակող և պաշտպանիչ միջոցները` հրատեխնիկական արտադրանքների Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման, ինչպես նաև շուկայից դուրս հանելու ուղղությամբ։

Այս դրույթի համատեքստում մշակվել է նաև «Հրատեխնիկական արտադրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ։

Որոշմամբ սահմանված արգելքը չի տարածվում այն ապրանքների վրա, որոնց մասով մատակարարման պայմանագրերը կնքվել են մինչև որոշման ուժի մեջ մտնելը և այդ ապրանքները նույնականացվում են մաքսային մարմինների կողմից։

6․Սահմանվել են հրատեխնիկական արտադրանքների իրացմանն ու շահագործմանը ներկայացվող անվտանգության պահանջներ։

7․Սահմանվել է «Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի և շահագործման համար չարգելված հրատեխնիկական արտադրանքներ» հասկացությունը, դրանք կանոնակարգին համապատասխան որոշված I և II դասի այն հրատեխնիկական արտադրանքները, որոնց ձայնագիտական (ակուստիկական) ճառագայթումը 0.25 մետր հեռավորության վրա չի գերազանցում 60 դԲ: Դրանց շահագործումը չի պահանջում հատուկ գիտելիքների իմացություն։

8․Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի և շահագործման համար չարգելված հրատեխնիկական արտադրանքների վաճառքը իրականացվում է բացառապես համայնքի ղեկավարի թույլտվությամբ։

9․Արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածքում Կանոնակարգին համապատասխան որոշված I և II դասի հրատեխնիկական արտադրանքների վաճառքը և շահագործումը, որոնց ձայնագիտական (ակուստիկական) ճառագայթումը 0.25 մետր հեռավորության վրա գերազանցում է 60 դԲ։

10․Սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի և շահագործման համար չարգելված հրատեխնիկական արտադրանքների անվտանգության, վաճառքի, պահման և շուկայահանման պահանջներ։

Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի և շահագործման համար չարգելված հրատեխնիկական արտադրանքների վաճառքը մինչև 16 տարին լրացած անձանց:

Վաճառքը թույլատրվում է բացառապես համայնքի ղեկավարի կողմից վաճառքի թույլտվություն ստացած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի:

Առևտրի օբյեկտներում չարգելված հրատեխնիկական արտադրանքների վաճառքը պետք է իրականացվի առանձնացված բաժիններում՝ ապահովված լինելով առանձնացված սպառողական դարակաշարով։

Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի և շահագործման համար չարգելված հրատեխնիկական արտադրանքների շուկայահանումը առանց պարտադիր համապատասխանության հավաստման և մակնշման։

11․«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ՝

– սահմանվել է առանձին դրույթ՝ հրատեխնիկական արտադրանքների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրացմանը և շահագործմանը ներկայացվող ընդհանուր պահանջները խախտելու վերաբերյալ։

– հստակեցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ենթակայությունը, մասնավորապես՝

– Հրատեխնիկական արտադրանքի անօրինական իրացման մասով վերապահվել է տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ

– Շահագործման մասով՝ ոստիկանությանը։

Քրեական օրենսգրքի նախագծով քրեական պատասխանատվություն է սահմանվել առանց լիցենզիայի հրավառության իրականացման կանոնները խախտելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031